HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանի գործով հանրային պաշտպան ներգրավվեց

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը: Արարատ Խանդոյանին դատարան բերեցին՝ քննարկելու հանրային պաշտպան Լիանա Գասպարյանի՝ գործին ներգրավելու հարցը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն Արարատ Խանդոյանի նկատմամբ սանկցիա է կիրառել և հեռացրել նիստերի դահլիճից, իսկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նիստի ընթացքում հայտնել էր, որ առանց իր պաշտպանյալի ցանկություն չունի նիստին մասնակցել և հեռացել նիստի դահլիճից: Այսօրվա նիստի ընթացքում Ա. Խանդոյանը հայտարարեց, որ ինքը պաշտպան ունի և հանրային պաշտպանի կարիք չունի:

«Դուք չեք, որոշելու իմ պաշտպանն ով է լինելու, ես պաշտպան ունեմ, եթե ձեզ հարկավոր է, թող ձեզ պաշպանի: Ես հանրային պաշտպանի դեմ ոչինչ չունեմ»,- հայտնեց Արարատ Խանդոյանը:

«Քանի որ անձը չի ցանկանում, որ ես ստանձնեմ նրա պաշտպանությունը, այս պարագայում ես չեմ կարող մասնակցել: Հանրային պաշտպանի ներկայությունը կկրի ձևական բնույթ»,- իր դիրքորոշումը հայտնեց հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը:

Հանրային պաշտպանը ներկայացրեց նաև Արարատ Խանդոյանի դիմումը՝ ուղղված հանրային պաշտպանի գրասենյակ, որով Խանդոյանը հայտնում էր իր պաշտպան ունենալու և հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվելու մասին: Դիմումն ընթերցելուց հետո Արարատ Խանդոյանին դուրս հանեցին դատարանի դահլիճից:

«Ես չեմ կարող մասնակցել քրեական գործին, որովհետև անձը չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ, ես չեմ խորհրդակցել նրա հետ, մարտավարություն չունենք»,- հայտնեց Լիանա Գասպարյանը:

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց հանրային պաշտպանին ներգրավել գործին՝ որպես Արարատ Խանդոյանի պաշտպան և նշեց, որ հանրային պաշտպանն իրավունք ունի Խանդոյանին տեսակցել:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Գործով տուժող են ճանաչվել ոստիկանության 46 աշխատակիցներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter