HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը սանկցիա կիրառեց դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպաններից երեքի նկատմամբ

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն այսօր դատական սանկցիա կիրառեց  նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով պաշտպաններ Լիանա Գրիգորյանի, Կարեն Ղազարյանի և Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ և որոշեց դիմել Փատաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Դատավոր Իշխան Բարսեղյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, 6 պաշտպան ունի, և նրանցից որևէ մեկը դատական նիստին չէր ներկայացել: Պաշտպաններ Արայիկ Ղազարյանն ու Վլադիմիր Գրիգորյանը դատարանին հայտնել էին, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկայանալ: Էրեբունի բժշկական կենտրոնից էլ դատարանը գրություն էր ստացել այն մասին, որ պաշտպան Վարդուհի Էլբակյանը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում: Մյուս երեք պաշտպաններն, ում նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց, իրենց բացակայության վերաբերյալ որևէ բացատրություն չէին ներկայացրել դատարան:

Այս գործով նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանի առողջական խնդիրների պատճառով: Վերջինիս ճնշումը դատարանում կտրուկ բարձրացել էր, և դատարան հրավիրված Շտապօգնության աշխատակիցներին չէր հաջողվում կարգավորել այն:

Դահլիճը, որտեղ անցկացվում է նախկին դատավորի գործով դատական նիստը, ապակիներով առանձնացված է, և նիստին ներկա քաղաքացիներն ու դատավարության  մասնակիցները գտնվում են ապակիների տարբեր կողմերում: Ապակիների մյուս կողմից լրագրողները հետաքրքրվեցին Բարսեղյանի առողջական վիճակով, վերջինս պատասխանեց, որ այսօր համեմատաբար լավ է զգում իրեն:

Հաշվի առնելով ամբաստանյալի պաշտպանների բացակայությունը` դատարանը հետաձգեց  դատական նիստը՝ հաջորդը նշանակելով մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Բարսեղյանն աշխատում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter