Կիրակի, 23 սեպտեմբերի

Արմավիրի մարզում համայնքապետերը չեն կարողանում հավաքագրել սեփական եկամուտները



Այսօր Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստն էր: Նիստը դեռ չբացած` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նկատեց, որ համայնքապետերի մի մասը բացակայում է, այդ թվում՝ Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետերը: Նրանց փոխարեն ներկայացել էին տեղակալները: Մարզպետն իր աշխատակազմին հանձնարարեց զեկուցագրեր պատրաստել համայնքապետերի չներկայանալու վերաբերյալ, որոնց հարցը կարող է քննարկվել վարչապետի մոտ:

Մարզխորհրդի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն ու աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացին: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը հերթով ներկայացրեց այն համայնքները, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ է արձանագրվել: Օրինակ՝ Ապագայի համայնքապետարանը պլանավորել էր 4 ամսում հավաքել սեփական եկամուտը ձևավորող 1 մլն 750 հազար դրամի հարկ, սակայն նույն ժամանակահատվածում, ըստ մարզպետարանի տեղեկատվության, հավաքվել է ընդամենը 13 հազար 300 դրամ կամ՝ 0.8%: 19,1% է սեփական եկամուտների հավաքագրումը Բերքաշատ համայնքում, 23.6%՝ Տալվորիկում և այլն: Թվարկվեցին նաև գերակատարող, աշխատավարձի պարտքեր ունեցող համայնքների անունները:

Նշված ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 609 մլն 877 հազար դրամի փոխարեն կազմել են 500 մլն 890 հազար դրամ կամ՝ 82.1%: Նշված ցուցանիշը 1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փոխարենը 3.9%-ով նվազել է հողի հարկի և 8.1%-ով վարձակալական վճարների հավաքագրման ցուցանիշը:

Մարզպետը հայտարարեց, որ 6 ամսվա պլանը չկատարած համայնքապետերի հարցը քննարկվելու է համապատասխան ատյաններում: Աշոտ Ղահրամանյանը յուրաքանչյուրից բացատրություն պահանջեց, թե ինչու չեն հավաքագրում հարկերը և ինչու են պարտքեր գոյացել: Համայնքապետերը հիմնականում պարտավորվեցին հարկերը հավաքել, կուտակած աշխատավարձի պարտքը մարել ամսվա ընթացքում:

Նալբանդյան համայնքում հողի հարկի հավաքագրումը կատարվել է պլանավորածի 20%-ի չափով, իսկ գույքահարկը՝ 29.2%: Դրան զուգահեռ ունեն աշխատավարձի գծով չվճարված 5 մլն դրամից ավելի պարտք:

Աշոտ Ղահրամանյանը պարզաբանում պահանջեց Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանից: Վերջինս արդարացավ, որ ամեն տարի այս ամիսներին նույն վիճակն է: Դոտացիան քիչ է, այս ամիսներին գյուղացին վաճառելու բան չունի, որ կարողանա հարկ վճարել:

«Ուրեմն հավաքագրումդ նորմալ արա»,-ձայնի տոնը բարձրացրեց մարզպետը, ինչին հաջորդեց համայնքապետի խեղճացած պատասխանը. «Այս ամիսներին հնարավոր չէ հավաքագրել»:

Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ անցյալ տարի կարկուտն ամբողջությամբ վնասել է գյուղի դաշտերն ու այգիները, վնասվել է մոտ 500 հա մշակովի տարածք, և մինչ օրս գյուղացիները «խելքի չեն եկել»:

«Միայն քո համայնքին կարկուտը չի խփել, 48 համայնքի կարկուտ է խփել»,-ասաց մարզպետ Ղահրամանյանը:

Համայնքապետը նշեց, որ այսօրվա դրությամբ գյուղում մոտ 500 հեկտար հող անմշակ է: Կարկտից ու ցրտահարությունից հետո գյուղացիները կտրել են ծառերը, մնացել են միայն խաղողի այգիները:

«Մեր տարածքը ցածր ա, որ վերևից նայում ես` ընդհանրապես ծառ չկա»,-ասաց Գրիգոր Մկրտչյանը: Մարզպետը համայնքապետին լսելուց հետո պատասխանեց. «Անապատ սարքեցիր»:

Աշոտ Ղահրամանյանը կարգադրեց Նալբանդյանում իրավիճակն ուսումնասիրել, քանի որ տրամաբանական չէ, որ մի գյուղում 500 հեկտար հող չի մշակվում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ