HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

12 ընկերություն գյուղացիներին պարտք է 373 մլն դրամ

Ապրիլի 28-ի դրությամբ գնված գյուղմթերքի դիմաց դեռևս 12 ընկերություն գյուղացիներին պարտք է 373,5 մլն դրամ։ Այս տեղեկատվությունը «Հետք»-ին փոխանցել է գյուղատնտեսության նախարարությունը, նաև հայտնել, որ տարեսկզբից 11 ընկերություն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները։

Հունվարի 1-ի տվյալներով` 23 վերամշակող  ընկերություն 2014-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցել է 1 միլիարդ 666 մլն դրամի չկատարված պարտավորություն:  

Այդ վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: Դեռևս փետրվարին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ըստ կազմված ժամանակացույցի՝ մթերման պարտքերից փետրվարին կմարվեն 586 միլիոն, մարտին՝ 415 միլիոն դրամ։

Նախարարության վերջին հաշվարկներով՝ տարեսկզբից մինչև այժմ գյուղացիական տնտեսություններին վճարվել է 1 միլիարդ 292,9 մլն դրամ:

Այժմ 12 ընկերություններից 8-ը գյուղացիներին պարտք են խաղողի, իսկ 4-ը՝ լոլիկի մթերման դիմաց չվճարած գումարներ։

Նշենք, որ պարտքատեր ընկերություններից «Արտաշատի պահածոների գործարան»-ը պատկանում է այժմ արդեն պատգամավոր Արգամ Աբրահամյանին՝ Հովիկ Աբրահամյանի որդուն, և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին: Նրանք ընկերությունում ունես հավասարաչափ բաժնեմասեր:

Գյուղացիներին ամենաշատ գումար պարտք է «Վինար»  ընկերությունը. այն կազմում է  81,2 մլն դրամ։ Ընկերությունը 2015 թվականին գյուղացիական տնտեսություններից մթերել է 284 մլն դրամ արժողությամբ 2983 տոննա խաղող և դեռ  պարտք ունի 24 համայնքների՝ 263 գյուղացիների։

Մասնավորապես այս ընկերությունը չկատարած պարտավարություններ ունի Արարատի մարզի Արտաշատ, Այգեպատ, Այգեստան, Այգեզարդ, Բաղրամյան, Բերդիկ, Դալար, Դիմիտրով, Դվին, Գոռավան, Հնաբերդ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նորաշեն, Նոյակերտ, Նշավան, Քաղցրաշեն, Շահումյան, Տափերական, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ոստան համայնքների խաղողագործներին։

Գյուղատնտեսության նախարարը «Վինար» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրը զեկուցել է նախագահին և վարչապետին, քննարկվել են լուծման տարբերակները։ Ընկերության պահեստում առկա սպիրտի խմբաքանակն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, և այժմ ընկերությունը սպիրտի վաճառքի կազմակերպման շուրջ բանակցություններ է վարում մթերող ընկերություններից մեկի հետ, որով կկարողանան մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքը։

Բացի այդ, հիմք ընդունելով «Վինար» ՍՊԸ-ին հանձնված խաղողի դիմաց սահմանված գումարները չստանալու պատճառով գյուղացիների կազմակերպած մի շարք բողոքի ակցիաների ընթացքում իրենց խաբելու մասին հնչեցված հայտարարությունները` գյուղնախարարը  2016 թվականի դեկտեմբերի 16-ին դիմել է գլխավոր դատախազին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցին համապատասխան լուծում տալու խնդրանքով:

Քաղցրաշենի խաղողագործ Արտակին «Վինար» ընկերությունը պարտք է 2015-ին մթերված խաղողի գումար։ Նրանից ընկերությունը գնել է 9-10 տոննա խաղող, մինչ այժմ մարել դրա կեսը և դեռ պարտք է 600-700 հազար դրամ։

Արտակը խաղողագործությամբ է զբաղվում 2000 թվականից։ Ասում է՝ այդ տարիների ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ մթերողի հետ գյուղացիներով խնդիր են ունեցել, գործը հասել է դատարան, մթերողը պարտավորվել է վճարել գումարը, սակայն մինչ օրս այն չի վճարել։ Հաշվի առնելով այդ փորձը՝որոշել են «Վինար» ընկերության տնօրեն Ավետիք Գալստյանին դատի չտալ, թեև ուշացած, բայց ստանալ գումարները։

Արտակի խոսքով՝ Ավետիք Գալստյանը դեռևս մթերելուց ասել է, որ հնարավորություն ունի մթերել 500 տոննա խաղող, բայց քանի որ բերքը շատ է եղել, այժմ արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը Գալստյանի հետ բանակցել են՝ 3000 տոննա մթերելու շուրջ։ Արդյունքում՝ ընկերության տնօրենը համաձայնել է մթերել 3000 տոննա, պայմանով, որ  գումարը վճարելու է աստիճանաբար։

«Բերքը կրկնակի-եռակի շատ էր։ Մնացել էր դաշտերը, բա ի՞նչ անեինք, ստիպված տվել ենք։ Ընենց չի, որ ուզելով ենք տվել, ստիպված տվել ենք։ Ինքը հենց սկզբից էլ ասում էր՝ գումարը ուշ եմ տալու, բայց էսքան ուշ չէինք պատկերացնում»,-ասաց Արտակը։

Արտակի փոխանցմամբ՝ նախորդ տարի խաղող քիչ են ունեցել, թեև գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններից մթերելու առաջարկ են ստացել, սակայն մերժել են, քանի որ «Սպայկա» ընկերությունը բարձր գնով այն գնել և արտահանել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter