Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պատերազմի 94-ամյա վետերանը՝ Լուսաձորի առաջին պատվավոր քաղաքացի


«Խմենք մեր գյուղի լեգենդի կենացը»,-Լուսաձորի գյուղապետը բարձրացնում է բաժակը, նրա օրինակին են հետեւում գյուղական հանդիսությունների համար նախատեսված փայտե երկար սեղանների շուրջ նստած համագյուղացիները:

Գյուղի լեգենդը 94-ամյա Անուշավան Մատինյանն է՝ նստած ոչ թե սեղանի գլխավերեւում, այլ ամենահամեստ մի անկյունում։ Անուշավան պապը շատ խոսել չի սիրում։ Համեստ գնացել է պատերազմ, համեստ գնահատել իր մասնակցությունը, համեստ-համեստ էլ խաղաղ կյանքում դարձել աշխատանքի առաջավոր։

Երկրորդ համաշխարհայինին մասնակցած մի քանի տասնյակ լուսաձորցիներից հիմա միայն նա է ողջ: Մայիսի 9-ին նրան շնորհավորում են ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, այլ նաեւ ծննդյան օրվա առթիվ:

Լուսաձորի գյուղապետ Վարդան Սարդարյանը շարունակում է կենացը․ «Էսօր էս մարդը օրինակելի ա ամբողջ գյուղի համար։ Կարող եք գնալ իր բաղը տեսնեք։ Էնպիսի այգի ա գցել, բոլորս էլ գիտենք, որ երբ դրսից մարդ ա գալիս, տանում ցույց ենք տալիս, քանի որ մեր ամենալավ օրինակը Անուշավան պապն ա։ Երեկ այցելել եմ իրեն, որպեսզի տեսնեմ ինքը կարողանալույա՞ մեր խնջույքին ներկա գտնվել։ Իր միակ հարցը էս էր՝ ջահելները, նոր սերունդը ներկա լինելու է՞, թե չէ»։

-Պատերազմ են քինըմ մեռնիլու համար,-կենաց է ասում մի լուսաձորցի:

-Չէ մի չէ, տյու էլ հու չասիր՝ էնա քիմ են մեռնեն ու պը՞րծ,-հակառակվում է մեկ ուրիշը:

Կենացասացներից մեկն առաջարկում է Անուշավան Մատինյանին շնորհել Լուսաձորի պատվավոր քաղաքացու կոչում։ Համաձայնությունը հնչում է չխկացող բաժակների ձայնով։ Գյուղապետն ասում է, որ Լուսաձորում դեռ նման կոչում ոչ ոքի չի շնորհվել, ու ավագանու հենց առաջիկա նիստում հարցը կդրվի քննարկման։

Ու Անուշավան պապի ծննդյան ու հաղթանակի օրը առիթ դարձրած՝ խոսում են, իրար ընդհատում։ Անուշավան պապը լուռ է։ Ասում եմ՝ Անուշավան պապ, հիմա զրուցե՞նք, թե՝ 95-ամյակիդ։ «Էդքան կապրե՞մ»,-կատակում է։ Բայց նույն բանն ասել է ուղիղ ութ տարի առաջ՝ 2009 թվականին, երբ խնդրեցի զրուցել թերթի համար։

Անուշավան Մատինյանի մարտական ուղին սկսվել է Նովոռոսիյսկ քաղաքից։ Զարմանալիորեն նրան վերցրել են ադրբեջանական ազգային դիվիզիայի կազմ: Այնտեղ լրիվ պատահաբար նաեւ հորեղբորն է հանդիպել։

«Մի օր, նախապատրաստական շրջանը որ անցանք, մոտ 200-300 ադրբեջանցիների մարտական համազգեստ հագցրին, որ տանեն ֆրոնտ։ Բայց թե ինչ կատարվեց՝ չգիտեմ, ադրբեջանցիներից էդ շորերը հանեցին, նրանց պահեցին ու հայերին տարան։ Կուրսկ։ Հորեղբորս էլ տարան։ Ես էլ էի ուզում գնամ, ինձ չտարան։ Ես ֆրոնտ մեկնեցի ուրիշ ստորաբաժանման հետ»,-պատմում է Անուշավան Մատինյանը։

Բեռլին չի հասել։ Վիրավորվել է ու տեղափոխվել Գրոզնու ռազմական հոսպիտալ։ Պատմում է, որ խորհրդային բանակի առաջնագծի թիկունքում հատուկ գումարտակ կար՝ գնդակահարում էր, եթե զինվորը հետ փախչեր։ Իսկ եթե վերք ունեիր, արյուն էիր տվել, թույլատրում էին վերադառնալ թիկունք՝ բժշկական օգնություն ստանալու։

Մինչ օրս հարգանքով է հիշում իր վաշտի՝ ազգությամբ տաջիկ հրամանատար Մամեդ Մուլաեւին։

Աջից՝ ձախ․ Մամեդ Մուլաեւը, Անուշավան Մատինյանը, իջեւանցի Աշոտ Թադեւոսյանը

«Լավ տղա էր։ Չէր սիրում զինվորներին ավելորդ չարչարել շարային պատրաստվածության վրա։ Երբ վաշտից զինվորներ էին տանում ֆրոնտ, ասում էի՝ բա ես էլ գնամ, ընկեր Մուլաեւ, ասում էր՝ Մատինյան, եթե հայրդ երկու կով ունենա, ո՞ր մեկը կվաճառի՝ լա՞վը, թե վատը։ Ասացի՝ վատը, հիվանդը, թե չէ՝ լավը ինչի՞ պիտի վաճառի։ Ասում էր՝ ես էլ եմ ֆրոնտ վատին ուղարկում, լավին ինձ մոտ պահում։ Պետք լինի՝ միասին կգնանք, շքանշանների կարժանանանք, կհերոսանք, միասին էլ կվերադառնանք»։

Պատերազմից հետո Անուշավան Մատինյանը եղել է Լուսաձորի գյուղատնտեսական բրիգադի ղեկավարը, պլանը կատարել 185 տոկոսով։ Ստացել է «Աշխատանքային փառքի» շքանշան ու 3 բրոնզե մեդալ։

Շատ փոքր տարիքից աշխատել է կոլտնտեսությունում, եղել ֆիզիկապես շատ ուժեղ։ 10 տարեկան է եղել, երբ բրիգադիրը եկել է դպրոց, ուսուցչին ասել՝ Անուշավանը շատ լավ  ա գութան քաշում, տանեմ, կոլտնտեսությանն օգնի։

Ասում է, որ 1973 թվականին մոտ է եղել աշխատանքային հերոսի կոչմանը, քանի որ չորս անգամ պլանը գերակատարել էր, պետք էր ռեկորդը կրկներ նաեւ հինգերորդ անգամ։ Կոլխոզի նախագահը, ասում է, նախանձից իրեն ուղարկել է ուրիշ բրիգադ, որպեսզի հինգերորդ անգամ նույն բրիգադում բարձր արդյունքներ չկարողանա գրանցել։

Անուշավան պապի պատվոգրերի մի մասը Կարեն Դեմիրճյանի ստորագրությունով է։ Մինչեւ 90 տարեկան խոտհունձ է արել, վաղ առավոտից մինչեւ երեկո աշխատել այգում։

Անուշավանի պապի «բեզարել ես՝ գործիքդ փոխիր» արտահայտությունը թեւավոր է Լուսաձորում։ Բրիգադիր եղած ժամանակ երբ դաշտում գյուղացիներից մեկը նվնվացել է, թե՝ հոգնել եմ, Անուշավանն ասել է՝ «հոգնել ես՝ գործիքդ փոխիր», համոզված լինելով, որ հոգնածությունը հաղթահարում են ոչ թե նստել-հանգստանալով, այլ՝ բահը փոցխով, փոցխը գերանդիով կամ եղանով փոխելով։

94-ամյա Անուշավան Մատինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամի չափով թոշակ է ստանում Հայրենական պատերազմին մասնակցելու համար, 12 հազար դրամ էլ՝ Հայաստանի կառավարությունից։ 

Զրույցի վերջում Անուշավան Մատինյանը հրավիրում է ամեն տարի հոկտեմբերի 25-ին մասնակցել իր այգու արքայանարնջի բերքահավաքին։

Պայմանավորվում ենք հանդիպել 95-ամյակին։


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։