ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

65-81 տարեկան «Մշո հավքերն» իրենց պարով դարձել են Ձորագյուղի հպարտությունը


81-ամյա Գառնիկ պապը ձեռնափայտին հենվելով է քայլում, բայց որ տեղն ու պահը լինի, ասում է, կպարի: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի մեծահասակների «Մշո հավքեր» պարի խմբի անդամներից է: Խմբի բարձրահասակն ու ամենատարեցն է: Գյուղապետարանից մշակույթի պալատ տանող մի քանի մետրը քայլում ենք: 8 ամիս կլինի, որ պարապմունքները դադարեցրել են: Մեզ հետ է նաև Ձորագյուղի մշակույթի պալատի տնօրեն, պարի խմբի գեղարվեստական ղեկավար Խաչիկ Սողոյանը, ով ևս պարում է ու խմբի ամենաերիտասարդն է: Գառնիկ պապն ասում է՝ պարապմունքները դադարեցրել են, որովհետև խմբից երկուսը մահացել են, խումբն օրեցօր մաղվում է: Մի քանի րոպե լուռ ենք քայլում, պապը ոտքը նկատելի քարշ է տալիս: Մշակույթի տուն մտնելիս ասում է՝ աղջիկ ջան, գիտես, հիմա չենք պարում, որովհետև իմ ու Խաչիկի կանայք մահացան, դժվար է:

Խաչիկ Սողոյանը սա լսելիս ասում է՝ Գառնիկ ջան, ժամանակավորապես ենք դադարեցրել պարը: Երկու պապերի դեմքից ժպիտը սահում-ընկնում է, ու չգիտես ինչ խոսես: Ինչ էլ խոսես, տափակ է հնչելու, դրա համար լռելն ավելի արժեքավոր է:

Բարձրանում ենք տնօրենի սենյակ: Հանրապետական կուսակցության լոգոյով չաշխատող ժամացույցը, հին օրացույցը, անկանոն թղթերով ու իրերով ծանրաբեռնված սեղանը, սեղանի վրայի փոշին. ժամանակը կանգնել է այս սենյակում: Խաչիկ պապն ասում է՝ քիչ է լինում այստեղ, հիմնականում դահլիճում են լինում, ձմռանն իրենց տանն են անում փորձերը: Շենքում ջեռուցում չկա:

Պարի խումբն անվանել են «Մշո հավքեր», որովհետև ձորագյուղցիներն արմատներով Մշից են ու խումբն էլ Մշո պարեր է կատարում: Խաչիկ Սողոյանն անձամբ է բեմադրություններն անում, ասում է՝ էնպիսի պարեր է բեմադրում, որ Երևանից հայտնի պարուսույցներ էին իմացել, գյուղ էին հասել, խնդրել էին, որ դրանք իրենց էլ սովորեցնի, ինքն էլ չի մերժել:

Պատվոգրերն ու մրցանակներն է շարում սեղանին, ազատ տեղ չի մնում: Գառնիկ պապի հետ նայում ենք, հետո գեղարվեստական ղեկավարը ցույց է տալիս պահարանին դրված իրենց խմբի մրցանակները: Պարել են Օպերայում, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Կասկադում... Փառատոների շատ են մասնակցել, առաջին մրցանակներ ունեն: Խաչիկ Սողոյանը պահարանից հերթով վերցնում է դրանք, ձեռքով մաքրում է փոշին ու ցույց տալիս: «Երևանում խումբը լավ գիտեն,- ասում է նա,- երբ փառատոների ենք մասնակցում, երևանցի պարողները գալիս, ասում են՝ ժողովուրդ, մարտունեցին եկավ»:

Խաչիկ պապը ժամանակին երաժիշտ է եղել, հարսանիքներին զուռնա նվագելիս ուշադրությունը գրավել է պարը: Հիշում է, որ նախկինում հարսանիքներին մինչև առավոտ շրջան էին անում, պարում: Գառնիկ պապը գլխով է անում: Պարում էին նաև հարսանիքից առաջ՝ միս մորթելու օր կար, բակում մեծ շրջան էին բռնում, 7-8 ժամ պարում առանց դադարի: Մեքենա չկար, հիմիկվա ճոխությունը չկար, եթե հարսը կողքի գյուղից էր լինում, մի քանի կիլոմետր էլ քայլեցնում էին, Խաչիկ պապն ասում է. «Հարսն ինչո՞վ է մեզնից լավը, որ մենք քայլեինք, հարսը ավտոյով գար»: Ծիծաղում ենք, Գառնիկ պապն էլ լրացնում է, թե հարսանիքի լուսաբացին էլ էդքան պարելուց հետո խաշ էին տալիս:

Երկուսն էլ հայրերից են սովորել պարելը: Մի անգամ որ փորձ անեն, ասում են, ամեն ինչ կվերհիշեն, խնդիր չունեն, բայց ջահելները զրոյից են սովորում, դրա համար ավելի դժվար է նրանց համար:

Խմբում ամեն մեկն իր տարազն ունի: Խաչիկ պապը հարևան սենյակից մի քանի հանդերձանք է բերում. «Գառնիկ, քու տարազն էլ էստեղ է»: Խմբի ղեկավարը հագուստները կարել է իր միջոցներով, դրա համար չի դժգոհում, ասում է՝ եթե պարարվեստից հեռանամ, կարող է չապրեմ: «Մշո հավքերը» կազմավորվել է 1979-ին, 2 տարուց խումբը կդառնա 40 տարեկան: Պարող պապերն ասում են՝ պարը լեզու է, պիտի հասկանաս, ամեն մի շարժումը ասելիք է:

«Մեծերից քչերն են պարում հիմա, շատերը պահանջում են, ասում են՝ Սողոյան, գանք պարենք, բայց տեղ տանելու համար տրանսպորտ չունեմ, հազիվ 10 հոգու եմ տեղափոխում, ավտոբուսն ավել գումար է»,- ասում է Խաչիկ Սողոյանը, սենյակից դուրս գալուց առաջ էլ ավելացնում, թե ինչքան պատվոգիր ու մրցանակ որ ունեն, իրենց հետ չեն տանելու, թողնելու են հետագա սերունդներին:

Աստիճաններով իջնում ենք, Խաչիկ Սողոյանն ասում է՝ որ «Ֆեյսբուք» մտնես, կգտնես մեր խումբը, կամ էլ որ գրես «Մշո հավքեր», ելույթները կբերի: Արևի ցնցուղի տակ, հին խանութի դիմաց՝ գյուղամեջում, հավաքվել են ձորագյուղցի տղամարդիկ, մեքենաների ձայնը երբեմն խզում է նրանց խոսակցությունների ձայնը: «Մշո հավքերի» ամենատարեց ու ամենաերիտասարդ պարողները միանում են գյուղի խոսակցությանը: 


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Րաֆֆի04:27 - 13 մայիսի, 2017
Ջան մշեցեիք, ձեր ցաւը տանի՛մ։
2. Meri23:49 - 13 մայիսի, 2017
Իմ մայր Ձորագյուղ...առաջին անգամ ում սիրեցի պարը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։