HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը

Զրույց «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Ալիս Աբրահամյանի հետ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքի զարգացման վերաբերյալ իր ծրագրում անդրադարձել է մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների բարեփոխման անհրաժեշտության հարցին։ Պարզելու համար, թե ինչ խնդիրներ են տեսնում և ինչ լուծումներ են առաջարկում «ծիրանականները», «Հետքը» զրուցել է  կուսակցության անդամ Ալիս Աբրահամյանի հետ։

Տիկին Աբրահամյան, որո՞նք են այսօր կրթական խնդիրները Երևանում։

Յուրաքանչյուր պետություն, որն անցնում է որոշակի զարգացման ուղի, պետք է կարևորի կրթության դերը, նախևառաջ` մանկապարտեզի, դպրոցի և հետո միայն բարձրագույն ուսումնական հաստատության։ Մեր երկրում այսօր շատ-շատ անտեսված են մանկապարտեզներն ու դպրոցները։ Ես չեմ ուզում հիմա խոսել շենքային պայմանների մասին, որովհետև պիտի հակադարձեն ինձ՝ ասելով, թե տեսե՛ք՝ շենքներն արդեն տաքացվում են և այլն։ Այստեղ խնդիր ունենք գաղափարախոսության հետ․ մեր դպրոցն այսօր գաղափարախոսություն չունի։ Եթե խորհրդային ժամանակներում կար որոշակի գաղափարախոսություն, ստեղծագործող ուսուցիչներ կային, ապա այսօր մենք այդ խնդիրն էլ ունենք։ Չեմ ցանկանում փառաբանել խորհրդային ժամանակները, այն, իհարկե, թերություններով լի էր, բայց այն ժամանակ կային բաներ, որոնք մենք այսօր չունենք․ մենք չունենք ամենակարևորը՝ գաղափարախոսություն։ Դպրոցներում որոշ ուսուցիչներ անհատական  միջոցառումներ են անում՝ նվիրած որևէ գրողի, ստեղծագործողի, բայց դա բավարար չէ։ Բացի այդ, դպրոցը պետք է կարողանա այնպես կազմակերպել իր աշխատանքները, որ ոչ մի երեխա ոչ մի անգամ չմտածի, թե իրեն հոգեբանական ճնշման են ենթարկում, որ ինքը կախվածության մեջ է ուսուցչից, իսկ ուսուցիչն էլ մտածի, որ ինքը կախվածության մեջ է տնօրենից։ Երեխան պետք է սովորի ազատ մտածել։

Ի՞նչ տարբերություն կար խորհրդային դպրոցի ու այսօրվա անկախ Հայաստանի դպրոցի միջև։

Խորհրդային ժամանակներում էլ կար կոռուպցիա, բայց այն ժամանակ նաև պատիժ կար, և այն գործում էր․ կաշառակերության համար մարդիկ երկարաժամկետ ազատազրկմամբ պատիժ էին կրում։ Այսօր անպատժելիության մթնոլորտ է տիրում։

Կոռուպցիոն ի՞նչ դրսևորումներ եք հիմա տեսնում։

Սկսենք ամենապարզից․ այսօր մանկավարժական բուհի շրջանավարտը, որը պիտի ավարտի, գնա դպրոց, հենց այնպես չի ընդունվի աշխատանքի՝ սեփական գիտելիքներով․դուք էլ լավ գիտեք, որ կան սահմանված գներ, և տնօրենն անպայման ունի իր չափաբաժինը, և սա աշխաում է բուրգի նման։ 2-րդ կոռուպցիոն ռիսկը երեխաների ու ծնողների հետ հաստատված հարաբերություններն են․ գաղտնիք չէ, որ միջոցառումների ժամանակ՝ կապված դպրոցի տարբեր փուլերն ավարտելու հետ, դրամահավաք է կազմակերպվում, առաջ էլ էր դա արվում, բայց այսօր այս ամենը սարսափելի ուռճացված է։ Այսօր ուղղակի բացահայտ խոսվում է այդ մասին․ ծնողները գումար են հավաքում և այդ գումարն ուղղակի տալիս են ուսուցիչներին կամ թանկարժեք նվերներ գնում։ Այսօր ծնողնեից շատերը չեն կարողանում հայթայթել ապրուստի միջոց, բայց ստիպված են գումար ճարել, որպեսզի իրենց երեխաները հանկարծ հետ չմնան դասընկերներից։ Վերջերս ծնողական մի հավաքի ժամանակ, որին ներկա էր նաև ԿԳ փոխնախարարը, ծնողներից մեկը պատմեց, թե ինչպես են իրեն քննադատել մյուս ծնողները, երբ փորձել է ընդդիմանալ դրամահավաքին։ Պիտի չվախենաս տարբերվելուց, պետք չի միանալ գորշ ամբոխին և նմանակել նրանց։ Դրանով հասարակությունը չի զարգանա, այն հետընթաց կապրի, կդեգրադացվի։

Իսկ մանկապարտեզներում ի՞նչ իրավիճակ է։

Մանկապարտեզի երեխան էլ տեսնում է, որ ծնողը դաստիարակին քաղցրավենիք է տանում, գիտի, թե ինչի համար է դա արվում, և ինքնաբերաբար այս հարաբերություններին է սովորում։ Մեր մայրերը, տատիկները չեն մտածում, որ երեխաների մոտ չի կարելի խոսել այս ամենի մասին․այս խնդիրը չպիտի մտնի ընտանիք։

Իսկ ինչպե՞ս պետք է վերացնել այս  երևույթը։

Այստեղ գաղափարախոսության և իրազեկման խնդիր կա։ Ես կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է ունենա մասնագետներ, որոնք կընտրեն մանկավարժական կոլեկտիվի անկաշառ ղեկավարների․ դրանից շատ բան է կախված։ Նպատակ չունեմ սևացնել բոլոր տնօրեններին, բայց այն, ինչին մենք ականատես եղանք վերջին ընտրություններից առաջ, դա ուղղակի անթույլատրելի երևույթ էր․ ես խոսում եմ Դանիել Իոաննեսյանի կողմից կատարված բացահայտման և տնօրենների քաղաքականացված լինելու մասին․ դա ուղղակի անթույլատրելի է։ Եթե մենք աշխատում ենք մատաղ սերնդի հետ, եթե մենք ներկայացնում ենք նրանց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը, մենք սովորեցնում ենք, որ այն մարդը, որը չունի ազատություն, պետք է երկար ու դժվարին ճանապարհ անցնի այն ձեռք բեելու համար։ Այսօր նույն վիճակը մեզ է սպասվում․ երեխաները, որոնք պիտի վաղը և մյուս օրը զարգացնեն մեր երկիրը, դառնան մեր մշակույթի կրողը, պետք է լինեն ազատ։ Այսօր ի՞նչ է կատավում, մեր հարուստ, դարավոր մշակույթից առաջ հրամցվում է կոռուպցիայի, կաշառակերության մշակույթը։ Ես հասկանում եմ, որ այսօր ուսուցիչները շատ քիչ են վարձատրվում, նրանց աշխատանքը շատ ծանր է, բայց խնդիրն այլ է․ եթե դպրոցական միջավայրում երեխան գնում է գիտելիք ստանալու,  և իրեն ներքաշում են այդ ճղճիմ, կենցաղային հարցերի մեջ, սա, անշուշտ, ազդում է կրթության որակի վրա։ Շատ խելացի երեխաներ կան, բայց երբ փորձում ես պատմության կամ լեզվի որոշ դրույթներ ներկայացնել, երբեմն նրանք այնպիսի բաների այնպես են արձագանքում, որ դու էլ ես զարմանում` ինչպե՞ս կարելի է։ Եվ այստեղ մեղավորը միայն ուսուցիչը չէ։ Օրինակ՝ խորհրդային տարիներին, նաև 1990-ականների սկզբին լեզուների դասերը կիսվում էին, ուսուցիչն աշխատում էր ավելի փոքր խմբի հետ։ 

Առաջարկո՞ւմ եք նորից փոքր խմբերով դասավանդել լեզուն։

Այո՛, և այս դեպքում հայոց լեզուն ամենևին նսեմացած վիճակում չպետք է լինի։ Ավագանու ընտրություններում հաջողություն ունենալու դեպքում անպայման բարձրացնելու եմ հայոց լեզվի դերի հարցը, սա համարում եմ գաղափարախոսական կարևոր խնդիր։ Օտար լեզուների դերն ու կարևորությունը չպետք է բարձրացվեն հայոց լեզվի հաշվին։ Այլ կաևոր հարց  է կրկնուսուցման ինստիտուտի վերացումը։ «Դպրոցի տարրական օղակում թռչկոտում են, բանաստեղծություններ են անգիր անում, իսկ միջին օղակում երեխաները սկսում են առարկաներից հեռանալ։ Ու ծնողները մտածում են՝ լավ, բա ո՞նց անենք, որ երեխան գիտելիք ստանա, որոշում են դիմել կրկնուսույցին։ Ես շատ կցանկանայի չունենալ այդ աշխատանքը, թող չգային ինձ մոտ։

Այսինքն, Դուք տեսնո՞ւմ եք այստեղ դպրոցի որակի խնդիր։

Այո՛, խորհրդային տարիներին չկար այդ խնդիրը, դպրոցի գիտելիքներով կարող էիր քննությունները հանձնել և ընդունվել։ Իհարկե, այն ժամանակ էլ կար կոռուպցիա, բայց դպրոցն իր դերն ուներ, գիտելիքն էլ՝ կշիռ։ Այս խնդիրը լուծելիս հարկավոր է համակարգային մոտեցում ցուցաբերել, և նախևառաջ ուսուցիչը պետք է ունենա ազատ, ստեղծագործող միտք։

Կարծում եք, որ ուսուցիչն այսօր չունի՞ ստեղծագործելու հնարավորություն։

Ո՛չ։ Ես ինքս եղել եմ այդ իրավիճակում՝ սեփական փորձից եմ ասում։ Այն ուսուցիչը, որն իր ասելիքն ունի, նաև մեթոդական առումով, նրան չեն տալիս այդ ազատությունը։ Երբ ես մեթոդական կարևոր դրույթներ էի ցանկանում առաջ քաշել, տնօրենին դա դուր չէր գալիս։ Իհարկե, հիմա մեթոդաբանական առումով դպրոցը հարստացել է, եվրոպական փորձի հիման վրա ուսուցիչները վերապատրաստվում են: Դե թո՛ղ թույլ տան այդ ամենը որպես մեթոդ կիրառել, որ ուսուցիչը դա անի իր պատկերացումներով։ Ուսուցիչը պետք է ազատ լինի այս ամենում։ 

Տիկին Աբրահամյան, ասացիք, որ կարևորում եք նախադպրոցական կրթությունը, բացի նշվածից` ուրիշ ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս համակարգում։

Թեև աշխատանք տարվել է այստեղ, օրինակ՝ լավ է այն, որ նախադպրոցական կրթությունը Երևանում անվճար է, բայց, թերևս, ամենակարևոր խնդիրն այն է, որ մեր քաղաքում շատ երեխաներ այսօր զրկված են նախադպրոցական հաստատություններ հաճախելու հնարավորությունից։ Ցավոք, այդ երեխաների թիվն անցնում է տասը հազարից։

Թաղապետարանների հայեցողությամբ օտարված մանկապարտեզային շինությունները պե՞տք է վերադարձնել, թե՞ դրանց փոխարեն պետք է կառուցել նորերը։

Երեխային չի կարելի զրկել այս տարիքում կրթություն ստանալու հնաավորությունից․ լուծումը պետք է գտնել։ Բոլոր թաղամասերում հնարավոր է գտնել գոնե փոքր մանկապարտեզ կառուցելու տարածք։ Էլիտար շենքերն իրար կողքի խցկելու փոխարեն թող մտածեն, որ կա այդ խնդիրը։ Պետք է հաշվարկ անել, թե որ թաղամասում որքան տեղի կարիք կա և դրան համապատասխան ծրագիր մշակել։ Թաղամասերում կան նաև այնպիսի շինություններ, որոնք ցանկության դեպքում հնարավոր կլինի վերաշինել ու վերածել մանկապարտեզի։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, մենք պետք է դաստիարակենք արժանապատիվ, ազատամիտ, կիրթ սերունդ, այսինքն՝ բոլոր այն կարևոր օղակները, որոնցով պետք է անցնի երեխան՝ մանկապարտեզը, դպրոցը պետք է պատշաճ ուշադրության արժանանան, ուրեմն մենք պետք է լրջորեն վերաբերվենք նաև նախադպրոցական կրթությանը։ Լև Տլոստոյն ասում էր․«Այն, ինչ երեխան ստանում է մինչև 5 տարեկանը, հավասարազոր է նրա ամբողջ կյանքում ստացածին»։

Ալիս Աբրահամյանը 1984թ . ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1984-1994թթ. աշխատել է Ռուբեն Բաղդասարյանի անվան միջն. դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1999-2001թթ. վարել է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի «Հետաքրքրաշարժ խճանկար» էջը: Կրկնուսույց է, խմբագիր, սրբագրիչ։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter