HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տարոն Մարգարյանի «թարմ» բուկլետ ունե՞ք․ գրադարանը քարոզչություն է անում

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը լծված է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչությանը, մասնավորապես՝ քարոզչություն է իրականացնում Հանրապետական կուսակցության եւ Տարոն Մարգարյանի օգտին։

Գրադարանի ընթերցասրահում արդեն երրորդ օրն է դրված են Տարոն Մարգարյանի նախընտրական բուկլետները։ Եթե երեկ դրանք պարզապես դրված էին դարակների վրա, ապա այսօր արդեն՝ գեղեցիկ շարված են օրվա թերթերի հետ միասին։

Սա Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է։ Իսահակյանի անվան գրադարանը համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն է, իսկ Ընտրական օրենսգրքի Հոդված 19-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս։

Իրավապաշտպան, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը` ասաց․ «Համայնքային գրադարանի ընթերցասրահում քարոզչանյութեր տարածելը օրենքի խախտում է։ Բացի օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դրույթը, գրադարանը համայնքին է պատկանում, համայնքային ռեսուրս է եւ նույնացվում է համայնքի հետ»։

Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագիրը գրադարանի ընթերցասրահում ներկայացնելու դրդապատճառների վերաբերյալ երեք օր անընդմեջ փորձեցինք կապ հաստատել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ։

Երկու օր անընդմեջ գրադարանից պատասխանում էին, որ նա տեղում չէ, քաղաքապետարանում է, ընդ որում՝ նաեւ փոխտնօրենները, իսկ երրորդ օրը՝ ինչ-որ նախարարությունում։

Թե ինչպես են Տարոն Մարգարյանի բուկլետները հայտնվել գրադարանում, ենթադրել օգնում է մի պաշտոնական տեղեկատվություն։

Մայիսի 10-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել գրադարաններին 16 հազար կտոր գիրք նվիրելու հանդիսավոր արարողություն։

Հասմիկ Կարապետյանը՝ քաղաքապետարանում

Չի բացառվում, որ բուկլետները գրադարանում են հայտնվել «շատ պատահաբար», նշված հանդիսավոր նվիրատվության արդյունքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter