Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Երևանի ավագանու անդամ թեկնածուի ունեցվածքը. Մինասի կտավից մինչև հէկերի բիզնես



Փոքր հէկերի միության նախագահ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը Երևանի ավագանու անդամի թեկնածու է: Նաիրա Նահապետյանը տարիներ շարունակ հէկերի բիզնեսով է զբաղվում:

Նրան է պատկանում «Զովաշեն հէկ» ՍՊԸ-ի 75%-ի բաժնեմասը, որը 2002-ից Արարատի մարզում շահագործում է 1520 կՎտ-անոց փոքր հէկ:

Նա նաև բաժնեմաս ունի «Ակադեմիկոս Ա.Լ.Մնջոյանի Գյումրիի հէկ» ՍՊԸ-ում: Ճիշտ է՝ այստեղ ընդամենը բաժնեմասի 2,5%-ն է իրենը, սակայն վերահսկիչ՝ 51% բաժնեմասը տնօրինում է ամուսինը՝ Արա Աղաբաբյանը:

«Ակադեմիկոս Ա.Լ.Մնջոյանի Գյումրիի հէկ» ՍՊ ընկերությունը Շիրակի ջրանցքի վրա շահագործում է 5280 կՎտ հզորությամբ «Գյումրի» հէկը: Այս ընկերության կանոնադրական կապիտալը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 2015թ. դրությամբ կազմել է 206,2 մլն դրամ:

Շիրակի մարզի Հառիճ համայնքում` Մանթաշ-Արթիկ խմելու ջրատարի վրա կառուցված «Արթիկ հէկ-1»-ը շահագործող «Արթիկ հէկ» ՍՊԸ-ում տիկին Նահապետյանը մասնակցություն է ունեցել 2009-2011թթ.: Եղել է տնօրեն, սակայն երկու տարի կառավարելուց հետո դուրս է եկել:

Նաիրա Նահապետյանը 100 տոկոս մասնակցություն ունի նաև «ԷԼ-ԱՆ», «Ստար» և «Յուտ-էլ» ՍՊԸ-ներում: Տրանսպորտի նախարարությունը նրան տրամադրել է տրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա:

Դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Իվան Աղաջանյանի հետ ավագանու անդամի թեկնածուն հավասարապես կիսում է «Ալվեոլա» ՍՊԸ-ի բաժնեմասը:

Նաիրա Նահապետյանը 33% բաժնեմաս ունի «Լէյա» ՍՊԸ-ում: Ընկերությունտը շահագործում է Ծաղկաձորի նույնանուն հանգստյան տունը: Անցյալ տարի Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության և արդյունավետության գործընթացի նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվել է 2012թ. հունվարի 1-ից 2016թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության նկատմամբ: Վերահսկիչ պալատը այդ գործընթացը «հավատ չներշնչող» է որակել, քանի որ պարզվել է, որ 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների և ընդհանուր 56 մահճակալների թիվը:

Նաիրա Նահապետյանը նաև ներգրավվել է մի քանի հանքարդյունաբերական ծրագրերում՝ մանսավորապես տնօրեն է եղել «Գեո Մետալ» և «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ներում:

ՀՀԿ-ական թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշել է, որ համասեփականատեր է Երևանի Մոսկովյան փողոցում 89 քմ տարածք զբաղեցնող բնակարանի: Միանձնյա սեփականատեր է երեք ավտոմեքենայի` 2006թ. արտադրության Mercedes-Benz ML-350, 2011թ. արտադրության Toyota Corrola և 2008թ. արտադրության VAZ 21/14 110-20-ի:

Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 30 հազար դոլար արժողությամբ Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավը:

Թեկնածուն հայտարարգարել է նաև 18 մլն դրամ, 63 000 դոլար և 16 000 եվրո դրամական միջոցներ: 

Մայիսի 9-ի քարոզարշավի ժամանակ թեկնածու Նահապետյանի ելույթը բուռն քննարկման առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Թեկնածուն խնդրում էր ընտրողների քվեն, որ «իրենք կարողանան իսկապես այն ծրագրերը, որը որ գրված են իրենց ծրագրերում», ի կատար ածել: 

Լուսանկարը` «Ավելի լավ Երևան»-ի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Րաֆֆի07:02 - 14 մայիսի, 2017
"Թեկնածուն խնդրում էր ընտրողների քվեն, որ «իրենք կարողանան իսկապես այն ծրագրերը, որը որ գրված են իրենց ծրագրերում։"․․․․․․Որը ո՞ր․․․․եւս մի անգրագէտ հայ․․․․
2. Տիգրան14:48 - 15 մայիսի, 2017
Գիտեք մաքուր ու գեղեցիկ քաղաքում ապրելը նույնպես հարստություն է։ Ինչքան էլ առարկայական հարստություն ել կուտակած լինեն, միևնույն է ապրելու են նույն փոշոտ, կեղտոտ ու ծխի մեջ կորած Երևանում ՝(ցավով եմ գրում այս բառերը, բայց իրականությունը սա է), ինչքան էլ հարուստ լինեն, մեկա նույն օդն են շնչելու ինչը շնչումա աղքատը, հետևանքների մասին չեմ էլ ուզում խոսամ։ Ուզում եմ ասել, կ՞գա մի օր, որ կկշտանան։ Շատ անգամ իմ ընկերները ուզում են գալ Երևանը տեսնել, բայց ամաչում եմ հրավիրել, որովհետև խոսքերով ուրիշ ենք ներկայացնում, բայց իրականը անհամեմատելի վատ է։ Մենակ մի քանի ռեստորաններում հյուրասիրելով չես կարող գրեթե 2800 տարվա պատմությունը ներկայացնես։ Համեմատեք Թբիլիսիի հետ, մենք այլև ոչինչ չունենք տուրիստներին գրավելու, չկա պատմական Երևանը, միայն ցեմենտ ու անորակ ասֆալտ, ու երեկոները բարցրացող փոշոտ քամի։ Մի քիչ թասիբ պետք է ցուցաբերվի Հայրենիքի ու քաղաքի բարեկեցության համար, էլի եմ խոսքս ուղղում զորբայությամբ իշխանության մնացողներին, մեկա նույն կեղտոտ օդն եք շնչելու ու նույն միջավայրում ապրելու։ Մարդ չմնաց Հայաստանում, մեղքը ՀՀԿի վզին։ 90 ականներին երբ վիճակը շատ ավելի վատ էր, մարդկանց մեջ իշխանությունը գոնե հույսը ապագայի հանդեպ չէր մեռցնում, դուք այն վերացրիք հիմնովին։ Սթափվեք...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ