HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չթույլատրված զրույց բանտի հոգեբանի հետ

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Դասի ժամ էր: Ներս մտավ ցմահների հետ աշխատող հոգեբանը, ում հրավիրել էի հարցազրույցի: Հոգեբանը խնդրել էր, որ գրավոր ներկայացնեմ հարցերը, ծանոթանա և հետո բանավոր պատասխանի, ես էլ գրի առնեմ: Մտածեցի, թե հարցազրույցը կկայանա, բայց...

Ողջունեցինք իրար: Հետո...

- Գիտեք, Մհե՛ր, ինձ արգելեցին, ասացին, որ բանտի աշխատողն իրավունք չունի հարցազրույց տալու: Ես ուզում էի, բայց ղեկավարությունը չթույլատրեց:

- Բայց չկա նման օրենք, որն արգելի բանտի աշխատակցին հարցազրույց տալ, բացառությամբ անվտանգության հարցերի հետ կապված,- զարմացած ասացի ես, -  իսկ բանտում հոգեբանական ծառայության վերաբերյալ աշխատանքներին հասարակության  ծանոթացնելը թե՛ դրական արդյունքների, թե՛ առաջացող խնդիրների վերաբերյալ, կարծում եմ, անհրաժեշտություն է, քանի որ, դատապարտյալները վերադառնում են հասարակություն, միջավայր, որտեղ ցանկանում են ընդունել ուղղված, հոգեպես առողջ և պիտանի մարդկանց:

-Ճի՛շտ եք… բայց նաև հարցերի մեջ պրովակացիոն տարրեր կային մեր աշխատանքի վերաբերյալ…

-Եթե թաքցնելու, կաշկանդվելու բան չկա, ապա վարչակազմը պետք է միայն ուրախ լիներ ձեր աշխատանքը ներկայացնել: Օրինակ՝ հարցերիս մեջ գրել էի, թե ինչու են դատապարտյալների նկատմամբ խրախուսանքները հազվադեպ կիրառվում, իսկ տույժերը՝ հարյուրապատիկ շատ:

Բացում եմ Քրեակատարողական օրենսգիրքը և կարդում այն հոդվածը, որտեղ հստակ գրված է, որ դատապարտյալը կարող է խրախուսվել օրինապահ վարքագիծ դրսևորելու դեպքում:

-Հարց է առաջանում`ինչու՞ խրախուսանքի նորմը գրեթե չի կիրառվում:

-Եվ ինչու՞,- իրոք զարմացած հարցրեց հոգեբանը:

-Որովհետև ենթագիտակցորեն բանտի աշխատակիցները ցանկանում են իրենք իրենց և հասարակությանը բանտում հայտնված մարդկանց ներկայացնել բացասական լույսի ներքո, որպեսզի արդարացնեն բանտախցերում անմարդկային պայմաններում մարդկանց պահելու իրենց աշխատանքը: Չեն ցանկանում նկատել, հասարակությանը ցույց տալ աշխատող, սովորող և առհասարակ դրական վարքագիծ ունեցող բանտարկյալներին: Կա նաև երկրորդ պատճառը: Իմ կարծիքով, չեն խրախուսում դատապարտյալներին, որ պայմանական ազատման չներկայացնեն: Բնութագրեն բացասական ու պայմանական ազատման հարցը համարեն փակված: Իսկ խրախուսանքիների առկայությամբ ինչպե՞ս պիտի մարդուն բացասական բնութագրեն:

Հոգեբանը լսում էր, իսկ ես շարունակում էի.

-Ա՛յ, Դուք Ֆրանսիայում եք ստացել ձեր կրթությունը, - ասում եմ երիտասարդ հոգեբանին, - պետք է որ իմանաք`եթե դատապարտյալը չի ուղղվել, ապա դա բանտի աշխատակիցների և հատկապես հոգեբանների աշխատանքի թերացումն է և նրանք են նկատողություններ ստանում: Հայաստանում, հատկապես ցմահ բանտարկյալների հարցում, մտածելակերպի փոփոխություն է անհրաժեշտ`աշխատակիցները պետք է հասկանան, որ դրականը հենց օրենքի համաձայն պետք է խրախուսել, այլ ոչ թե թաքցնել: Մյուս դատապարտյալներն էլ տեսնելով, որ ուսումը, աշխատանքը, դրական վարքագիծը խրախուսվում է, օրինակ` հարազատների հետ լրացուցիչ տեսակցությամբ, շահագռգռված կլինեն լավն ու դրականը զարգացնելու: Վերջ ի վերջո դատապարտյալի ուղղումը պատժի հռչակված նպատակներից է և այն իրականացնելը վարչակազմի պարտականությունն է: Օրինակ՝ Բրազիլիայում դատապարտյալի մեկ կարդացած գրքի և նրա բովանդակությունը հանձնաժողովին գրավոր ներկայացնելու դիմաց` ազատազրկման ժամկետ է կրճատվում:

Հետո բանտի հոգեբանի հետ մոտեցանք լուսամուտին, նայում ենք դեպի ազատություն:

-Հայաստանում, մինչև «վերևից» հրահանգ չլինի`ոչ մի փոփոխություն էլ չի լինի, - եզրակացնում է հոգեբանը:

-Լռելով հարցերը ոչ միայն չեն վերանա, այլ նոր, հավանաբար ավելի լուրջ խնդիրներ կառաջանան…Օրինակ՝ ես բանտի ներսում եմ, և տեսնում եմ այստեղի լրջագույն խնդիրները, բարձրաձայնում եմ դրանց մասին, լուծումներ առաջարկում:

Մենք դեռ երկար զրուցեցինք, վերջում էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներին սպասարկող հոգեբանին ասացի, որ մեր այս զրույցի մասին բանտային նամակ եմ գրելու «Հետքում», դեմ չէր...

Ահա այսպիսի չթույլատրված զրույց ստացվեց բանտի հոգեբանի հետ:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Գժվելու բան է: Մհերը եթե ցմահ բանտարկվածն է, հապա ո՞վ է դրսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter