HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուլագարակում գիշերային հերթապահություն է․ գայլերի հարձակման դեպք է գրանցվել

Գայանե Սարգսյան

Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում հաճախակի են դարձել գայլերի հարձակման դեպքերը: Հարձակման վերջին դեպքը գրանցվել է այս գիշեր: Գայլերի հարձակման թիրախում այս անգամ հայտնվել են Սմբատ Թոթոլյանին պատկանող ոչխարները:

Ինչպես Գյուլագարակում շատերը, Սմբատ Թոթոլյանը ևս ոչխարաբուծությամբ սկսել է զբաղվել բանկից վերցրած գյուղատնտեսական վարկի հաշվին: 

Սմբատ Թոթոլյան

«1.500 դոլար վարկ էի վերցրել, սկսել ոչխար պահել: Առավոտն եկա, տեսա ոչխարներից  6-ը  սատկած, 10-ը՝ վիրավոր, մի քանիսն էլ փախել գնացել են»,- ասում է անասնատերը:

Վերջինիս վստահեցմամբ՝ գոմի դուռը փակ է եղել, գայլերը ներս են մտել փոքրիկ օդանցքով, որը գյուղացին թողել էր գոմն օդափոխելու համար:

«Անցքը շատ բարձր է եղել, բայց թռել մտել են»,- ասում է Ս. Թոթոլյանն ու ցույց տալիս գոմի պատի վերին հատվածում բացված փոքրիկ անցքը:

Առավոտյան դեպքի վայր են ժամանել գյուղի համայնքապետն ու անասնաբույժ Մարտուն Դավոյանը, ովքեր դեպքի մասին տեղեկացրել են նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային բաժնի գլխավոր մասնագետ-տեսուչ Ռոբերտ Պողոսյանին:

Վերջինս այցելել է գյուղ, տեղում ծանոթացել իրավիճակին ու հրահանգել հոշոտված ոչխարներին թաղել հողում:

Ռոբերտ Պողոսյան

«Հոշոտված ոչխաների միսն ուտելու համար պիտանի չէ: Այդ իսկ պատճառով գյուղի տարածքից մոտ 1 կմ հեռավորության վրա հոր են փորել, որտեղ կենդանիներին կթաղեն ու տարածքը կախտահանվի»,- նշեց մասնագետը:

Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը ոչխարների հոշոտման հարցում տեսնում է նաև գյուղացիների անուշադրության գործոնը:

«Որ ամառ է գալիս, մարդիկ գոմերի պատուհանները բացում են, որ անասունների շունչը չկտրի: Ժողովրդին բոլորին ասել ենք, որ գոմերի դռները փակ պահեն, պատուհանները մեխեն: Դուք ձեր պատուհաններին սետկա չեք մեխում, ուրիշներին եք մեղադրում: Սետկեն մեխեք, տեսնենք գայլը ո՞նց է մտնելու: Առաջին պայմանը դա է»,- ասում է գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ գայլերի հարձակման դեպք վերջին 2 տարիներին գյուղում չէր գրանցվել: Այս տարի գայլերի ակտիվացման հետ կապված մասնագետները դժվարանում են հստակ պատճառներ նշել: Այդուհանդերձ, գայլերի ագրեսիվ վարքը նրանք կապում են նաև նրանց բազմացման սեզոնի հետ:

Գյուղացիներին ու մասնագետներին զարմացրել է նաև այն, որ հարձակումները գարնանն են եղել:

«Հիմնականում աշնանն են գալիս, բայց թե հիմա ինչի են գալիս, պատկերացում չունենք: Եթե առաջ մեկ-մեկ էին գալիս, հիմի խմբերով են շրջում»,- ասում է համայնքապետը:

Գայլերի հարձակման դեպքերը զգաստացրել են գյուլագարակցի անասնատերերին, նրանք մտավախություն ունեն, որ հաջորդը գայլերի թիրախում կարող են հայտնվել իրենց ոչխարները:

«Գայլերն էն կենդանիներն են, որոնց խփելը շատ դժվար է: Մի քանի օր առաջ մի թաղամասում են հարձակվել, երկու օր առաջ՝ մի ուրիշ, հիմա՝ լրիվ այլ թաղամասում. չես կարողանում պատկերացնել, թե հաջորդ անգամ որ կողմից կգան, քանիսով կգան»,- նշում է Գյուլագարակի համայնքապետը:

Գոմերի պահպանության աշխատանքներն ակիտվացնելուց զատ համայնքապետը գյուղացիների հետ քննարկել ու որոշում է կայացրել գյուղում գիշերային ժամերին հերթապահություն սահմանելու մասին:

«Գյուղում որսորդներ ունենք, գիշերային հերաթապահություն ենք սահմանել. մենք պետք է շրջենք, որ գայլերը գոնե մնացածին վնաս չտան»,- ասում է նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter