Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Sings the Gershwin Song Book». 1001 ալբոմներից մեկը, որն անհրաժեշտ է լսել մինչև մեռնելը



«1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը». սա Ռոբերտ Դայմերիի գրքի վերնագիրն է, որն առաջին անգամ հրատարակվեց 2005թ: «Time Out» և «Vogue» ամսագրերի հայտնի խմբագիրն ու լրագրողը այս գրքում հավաքագրել էր միջազգային, առավելապես՝ բրիտանական և ամերիկյան, երաժշտագետների տարբեր հոդվածներն ու վերլուծությունները: Դրանք առանձնացվել էին լավագույնի և ամենաազդեցիկի սկզբունքով: Գրքում ամփոփված նյութերը անդրադառնում էին ժամանակակից երաժշտության պատմության լավագույն էջերին՝ սկսած ռոքնռոլի դարաշրջանից՝ 1950-ականներից մինչև մեր օրերը: Այստեղ առանձնացված էին երաժշտական ալբոմներ, որոնցից յուրաքանչյուրի ներածական բաժնում զետեղված էր մասնագիտական համառոտ ակնարկ՝ դրա՝ այս շարքում ընդգրկված լինելու   առանձնահատկության, երաժշտական աշխարհում թողած ազդեցության և կարևորագույն դերի մասին: Պատմությունները ուղեկցվում են նաև յուրահատուկ լուսանկարներով, ալբոմի ձևավորման բնօրինակ պատկերներով, հանրաճանաչ արտիստների մեջբերումներով և լրացուցիչ տարբեր տեղեկությամբ: Լեգենդար այս ալբոմներից շատերն ընտրվել էին ոչ միայն իրենց երաժշտական ազդեցության խորությամբ, այլև շապիկի ձևավորման առանձնահատկությամբ. մի երևույթ, որին լրջագույն ուշադրություն էին դարձնում «հին» ու առավել իմաստալից ժամանակներում:

«1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» գրքի առաջին հրատարակությունն ամփոփել էր 1950-ականներից մինչև 2005թվականը ստեղծված կարևորագույն ալբոմների ցանկը: Ռոքնռոլի ծնունդից մինչև 21-րդ դարի տեխնիկական և էլեկտրոնային նորամուծությունները:  Այստեղ կարող ենք հանդիպել Ֆրենկ Սինատրային, Էլվիս Փրեսլիին, Էլլա Ֆիցջերալդին, Մայլս Դևիսին, Ռեյ Չարլզին, Լենըրդ Քոհենին, Փիթեր Գեբրիելին, Մարվին Գեյին, Էլվիս Կոստելլոյին, Բոբ Մառլիին, լեգենդար այլ անունների և խմբերի՝ իրենց նշանավոր ալբոմ-հավաքածուներով: Անուններից անգամ արդեն կարելի է հասկանալ, որ գիրքն անդրադառնում է տարբեր երաժշտական ժանրեր ու ոճեր՝ ջազ, սոուլ, ռոք, R&B, ռեգի, բլյուզ, ֆոլք, պրոգրեսիվ ռոք, փանք, էլեկտրո և այլն: Այն ամենը, ինչը հավաքական իմաստով կոչվում է 20-21դդ. հանրաճանաչ երաժշտություն:

Գրքի հետագա հրատարակութունները, սակայն, համալրվել են նոր անուններով, ինչպես օրինակ՝ Դեյվիդ Բոուիի հետմահու՝ 2016թ. թողարկված «Blackstar» ալբոմը: Դրանք ևս համակարգված են ըստ հստակ ժամանակագրության և յուրաքանչյուր անուն նախորդ հրատարակության նման ուղեկցվում է պատմություն-տեղեկատվությամբ` ալբոմին առնչվող արտադրական մանրամասներից մինչև «շապիկային արվեստի» դետալներ: Սակայն հիմնական և գլխավոր ասելիքը, իհարկե, շարունակում է մնալ նրա դերն ու ազդեցությունը երաժշտության պատմության մեջ: Սա, այլ կերպ ասած, աննախադեպ և ընդգրկուն ցանկն էր այն երաժշտության, որը փոխեց աշխարհը:

«1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը»  գրքում զետեղված երաժշտական աննկարագրելի շարքին «Ռետրո Ակումբ»-ում մենք պարբերաբար կանդրադառնանք: Անունների հետքերով: Իսկ այսօր ընտրել ենք դրանցից մեկը՝   Էլլա Ֆիցջերալդի հայտնի ու անհայտ, միևնույն ժամանակ անկրկնելի «Sings the Gershwin Song Book»-ը` թողարկված 1959թ.:

Այս ալբոմի ամբողջական անվանումն է՝ « Ella Fitzgerald Sings the George and Ira Gershwin Song Book»: 1950-ականներին ջազի թագուհին շարունակում էր ստեղծել իր  «երգարանների» շարքը: Այն կոնկրետ անդրադառնում էր ժամանակի հայտնի կոմպոզիտորների, բանաստեղծների և երգահանների գործերին: Այդ շարքում էին «Ella Fitzgerald Sings the Cole Porter Songbook», «Ella Fitzgerald Sings the Rodgers & Hart Songbook» (1956թ.), «Ella Fitzgerald Sings the Duke Ellington Songbook»  (1957թ.), «Ella Fitzgerald Sings the Irving Berlin Songbook»  (1958թ.), « Ella Fitzgerald Sings Sweet Songs for Swingers» (1959թ.) ալբոմները: «Verve Records» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ երգչուհին շարքը շարունակեց իրականացնել մինչև 1960-ական թթ. կեսերը՝ թողարկելով նոր ձայնագրություններ:

 Գերշվինի երաժշտության հետ համագործակցությունը սկսվել էր ավելի վաղ՝ «Ella Sings Gershwin» ալբոմով, 1950 թվականին: Իսկ ահա այս մեկը՝ « Ella Fitzgerald Sings the George and Ira Gershwin Song Book»-ը՝ առավել ընդգրկուն էր և հարուստ թե՛ երգերի կազմով, թե՛ երաժշտական միջամտությամբ: Ձայնագրմանը մասնակցում էր Նելսոն Ռիդլի հայտնի նվագախումբը՝ նշանավորելով երգչուհու և ժամանակի մեծագույն կոմպոզիտորներից մեկի և նվագախմբային գործիքավորողի հետ համագործակցության սկիզբը: Այս նախագծի հիշարժան կետերից մեկն էլ ալբոմի համար ստեղծված շապիկն էր՝  ֆրանսիացի մոդեռնիստ Բերնար Բյուֆեի՝ Ֆիցջերալդի դիմանկարից ընտրված պատկերով:  Այստեղից սկիզբ դրվեց նաև երգչուհու երաժշտական կարիերայում հանդիպող մեկ այլ ավանդության, երբ շապիկների ձևավորման համար ընտրվում էին ժամանակակից արվեստի գործեր: Է. Ֆիցջերալդի մեկ այլ ալբոմի՝ « Harold Arlen Songbook» -ի համար ընտրվել է Անրի Մատիսի նկարներից մեկը:

Չորս առանձին շարքից և ձայնասկավառակից  բաղկացած այս ալբոմը ընդգրկում էր Ջորջ և Այրա Գերշվինների 59 երգ:  Նելսոն Ռիդլը գործիքավորեց դրանցից  57-ը: Ալբոմի ստեղծման աշխատանքներին իր խորհուրդներով և միջամտություններով մասնակցում էր նաև Այրա Գերշվինը (Ջորջ Գերշվինը մահացել էր 1937թ.): Նրա օգնությունն այս հարցում հատկապես անհրաժեշտություն դարձավ երբևէ չձայնագրված երգերի ժամանակ: Ասում են, այս ալբոմից հետո, նա խոստովանել է, թե մինչև Էլլայի այս կատարումը, նա ամենևին էլ չգիտեր, որ այդքան լավն են իրենց երգերը:

« Ella Fitzgerald Sings the George and Ira Gershwin Song Book» ալբոմը ջազի լեգենդար թագուհու լավագույն ձայնագրությունն է համարվում: 41-ամյա երգչուհին այստեղ ներդրել է իր երաժշտական բոլոր հնարավորությունները՝ դրսևորելով ձայնի հզորության, առանձնահատուկ տեխնիկայի ու կատարման անթերի վարպետություն: Ալբոմում ընդգրկված «But Not for Me» երգը 1960թ. անցկացված «Գրեմի» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց՝ «Կանացի լավագույն վոկալ կատարում» անվանակարգում:

Հիշեցնենք՝ « Ella Fitzgerald Sings the George and Ira Gershwin Song Book» ալբոմը 2005թվականից ընդգրկվել է «1001 ալբոմ, որոնց անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» գրքում: 

Էլլա Ֆիցջերալդի լուսանկարները՝ http://www.ellafitzgerald.com կայքից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ