HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոստանջյանը համոզված է, որ իրենցից թաքցրել են մեծ գումար ստացած անձանց ցուցակը

Քիչ առաջ հրատապ ասուլիս էր հրավիրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Փոստանջյանը ասուլիսի սկզբում ասաց, որ ընտրակեղծարարության արտառոց փաստ ի հայտ է եկել դեռևս երեկ երեկոյան, երբ ոստիկանները ընտրատեղամասում տեղափոխել են չհրկիզվող պահարանը, որի վերաբերյալ մինչ այս պահը ոստիկանությունից պարզաբանում չեն ստացել։ 

Ասում է՝ օրվա ընթացքում վերահսկել են իրավիճակը, փորձել կանխել ընտրակեղծարարությունը, սակայն չէին կարող իրավապահների գործառույթն էլ իրականացնել։ 

Չհրկիզվող պահարանի տեղափոխման դեպքը Փոստանջյանին մտածելու առիթ է տվել, որ

ընտրությունները սկսվել են կեղծարարությամբ։ Համոզված է, որ  չհրկիզվող պահարանի տեղաշարժումն էլ փաստ է, որ մինչ քվեարկության մեկնարկը որոշ մարդիկ ունեցել են տպված քվեաթերթիկներ։ 

Արդեն առավոտյան, երբ շրջել են ընտրատեղամասերով, նկատել են, որ ընտրատեղամասերի տարածքում կան մեծաթիվ վերահսկիչներ, թաղային հեղինակություններ, ովքեր վերահսկում էին իրավիճակը և ուղղորդում ընտրողներին։ 

Իսկ կեսօրից հետո ահազանգ են ստացել Ավան վարչական շրջանից։ Նաև տեղեկատվություն են ունեցել, որ այդ տարածքում գործող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում պահվում են ոչ միայն 5000-10000  դրամ բաժանողների ցուցակներն ու մատյանները, այլև այն անձանց անվանացանկը, ովքեր ստացել են մեծ գումարներ՝ «փոքր գումարները» բաժանելու համար։

«Հավանաբար այդ ցուցակներն էր, որը մենք փորձում էինք տեսնել, երբ մուտք գործեցինք։ Մոտեցանք, մտանք այդ գրասենյակ, մի տիկին էր նստած, երևի սկզբից նա չճանաչեց մեզ, շատ ջերմ ընդունեց, մենք էլ հարցեր հղեցինք, իրեն թվաց՝ իրենց հաճախորդներից ենք։ Բայց հետո որ հասկացավ ես եմ, անմիջապես պահեց այդ փաթեթը դարակում և զանգահարեց իրենց շտաբի պետին։ Շտաբի պետը շատ բորբոքված եկավ, ու ամեն ինչ այդպես սկսվեց։ Ես անձամբ չտեսա, բայց համոզված եմ, որ այդ փաթեթն էր»,-ասաց Փոստանջյանը։ 

Քաղաքապետի թեկնածուն համոզված է՝ եթե չլիներ գումար բաժանող անձանց ցուցակը, իրենց թույլ կտային տեսնել դրանք։ Իսկ եթե նրանք թաքցրել են այդ ցուցակը, նշանակում է՝ թաքցրել են նաև հանցագործության մասին հաղորդող փաստերը։ Փոստանջյանը պնդում է, եթե ունենային այդ ցուցակը, կբացահայտեին նաև հանցագործության մի ամբողջ կծիկ։ 

Շտաբի դիմաց, մինչ «Երկիր Ծիրանի»-ի թիմակիցները պահանջել են բացել այն պահարանը, որտեղ պահվել է այդ  ցուցակը, շտաբի անդամները ոստիկանություն են կանչել։ Փոստանջյանի կարծիքով՝ իրենց սխալն է եղել, որ իրենք անձամբ չեն բացել այդ պահարանը և դուրս չեն բերել այդ ցուցակը, լրագրողները չեն նկարահանել այն։ 

Դեպքին միջամտել է ոստիկանությունը, որի ընթացքում բախում է եղել ոստիկանության անդամների և Փոստանջյանի թիմակիցների միջև։ Այդ ընթացքում տուժել է Փոստանջյանի միջնեկ դուստրը, ում բերման են ենթարկել, սակայն, Փոստանջյանի փոխանցմամբ, ճանապարհի կեսից՝ Մասիվ տանող ճանապարհին, իջեցրել են։ Այս պահին աղջիկը գտնվում է հիվանդանոցում, որտեղ պետք է հետազոտությունների ենթարկվի, քանի որ գլխին հարվածներ է ստացել, մարմնին քերծվածքներ ունի։ Ըստ թեկնածուի՝ ոստիկանությունն առևանգել է աղջկան։

Գլխավոր դատախազությունից քիչ առաջ հաղորդագրություն տարածեցին, որ Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք բաժանելու հայտարարության վերաբերյալ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter