HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք. հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Երևանի ավագանու ընտրությունների օրը լրագրողների բռնություն կիրառելու և օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ: Այն ամբողջության ներկայացնում ենք ստրոև. 

«Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։

Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթեւ Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առեւտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։   

Նմանատիպ փաստեր են արձանագրվել նաև քարոզարշավի ընթացքում. ճնշումների են ենթարկվել «Aravot.am»-ի թղթակից Նելլի Գրիգորյանը և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը։ Ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ այս ընտրությունների ժամանակ ևս լրագրողների նկատմամբ հարձակումներն ահագնացան, ինչը թույլ չտվեց նրանց ազատ և անկաշկանդ լուսաբանել այդ կարևոր գործընթացը։

Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը նույնպիսի իրադարձություններից հետո իրավապահ մարմինները իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն։

Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

- ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Այս միջադեպերին վերաբերող իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին։  

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter