HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմամշակութային հուշարձանները և անտիկ գտածոները կորստից փրկելու համար անհրաժեշտ է ազատականացնել պեղումների գործընթացը

սկիզբը

Հայաստանում համատարած բնույթ կրող գանձագողությանը նպաստում են մի շարք գործոններ՝ բնակչության սոցիալական վատթար պայմանները, հուշարձանների պահպանության համակարգի անկատարութունը եւ, հատկապես, իրավապահ մարմինների անգործությունը: Այս իրավիճակում չափազանց դժվար է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված պատմության եւ մշակույթի ավելի քան 25 000 անշարժ հուշարձանների անխաթարությունը պահպանելը:

«Հայաստանում ակնկալել օրինապահ գործունեություն նրանցից, ովքեր պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել` լուրջ չէ: Մշակույթի նախարարությունը ոչ միայն չի իրականացնում իր պարտավորությունները, այլեւ շատ վատ վերաբերմունք ունի նրանց հանդեպ, ովքեր ցույց են տալիս, որ հուշարձանները քանդված, ավերված են: Նրանց ամբողջ քաղաքականությունը մտահոգ մարդկանց հետեւելն է եւ ոչինչ ավելին»,- ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հնագետները եւ մշակութաբաններն այս ոլորտում համակարգային փոփոխությունները պարտադիր են համարում: Նրանց կարծիքով՝ ժամանակն է մտածել, թե Հայաստանում ինչպես օրինականացնել ամբողջ գործընթացը:  

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը կարծում է, որ հուշարձանի անխաթարությունը պահպանելու պատասխանատվությունը պետք է տեղափոխել տեղական ինքնակառավարման մարմիններ: «Հուշարձանը բնակիչները կպահպանեն, երբ դրանք այդ գյուղերի սոցիալական ծրագրի մաս կդառնան»,- ասում է տնօրենը:

Պավել Ավետիսյան Ստեփան Նալբանդյան

«Մենք պետք է հասնենք նրան, որ ժողովուրդն ինքը գիտակցի, որ պատմական արժեքները վնասել պետք չէ, սա իրենց հարստությունն է: Մենք ունենք 25 000 գրանցված պատմամշակութային ժառանգության հուշարձաններ: Դա ֆանտաստիկ թիվ է եւ հսկիչները, որոնք մենքենա չունեն անգամ, չեն կարողանա վերահսկել»,- ասում է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված է ավելի քան 25 000 հուշարձան' խմբավորված շուրջ 7304 պահպանական միավորներում: Հուշարձաններն ըստ իրենց բնույթի դասակարգված են' հնագիտական, պատմական, մոնումենտալ արվեստի, քաղաքաշինական ու ճարտարապե­տական:

Պահպանական միավորներից 1809-ը հնագույն, հին եւ միջնա­դարյան բնակատեղիներ, ամրոցներ ու ամրապաշտպանական կառույցներ են,

2339-ը' վանա­կան համալիրներ, եկեղեցիներ եւ մատուռներ:

Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմա­կան գե­րեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, մեմորիալ եւ մոնումենտալ արվեստի նմուշ­ներ:

Իսկ ներկայումս, ինչպես հնագետներն են վկայում, որ գյուղ մտնում ես, ասում են՝ ավերել են հուշարձանը: Գտածոները վաճառելու համար, հաճախ, տանում են նաեւ հնագիտության ինստիտուտ: Որպես կանոն, չեն հայտնում, թե որտեղից են ձեռք բերել, բայց իրերի տեսակից ու տեսքից դատելով հնագետները կարողանում են բնութագրել այն: Գանձագողությունը կանխել չի հաջողվում եւ մնում է միայն ուղղորդել, որ տանեն թանգարան: Սակայն նրանք հրաժարվում են՝ ասելով, որ իրենց ուզած գումարը չեն տալիս:

Հայաստանի երկու ամենամեծ՝ Պատմության թանգարանին եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ուղղված գրությամբ ցանկանում էինք պարզել, թե ֆիզիական անձանցից որքան եւ ինչ արտեֆակտներ են ձեռք բերել:

Պատմության թանգարանից տեղեկացնում են, որ 2015-16թթ. ֆիզիկական անձանցից ձեռք է բերվել 60 առարկա· հնագիտական առարկաներ՝ Ք․ա․ 9-6 դարերի բրոնզե արձանիկներ, փորագրազարդ գոտի եւ դաշույն, դրամագիտական առարկաներ՝ 10-11 դարերի բյուզանդական դրամներ եւ 8-րդ դարի մոնղոլական դրամ՝ հայատառ գրությամբ,  ազգագրական առարկաներ՝ 9-րդ դարի, պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններից եւ գաղթավայրերից գորգեր, արծաթյա գոտիներ, ասեղնագործության նմուշներ, տարազներ եւ կիրառական արվեստի նմուշներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հայտնում է, որ ֆիզիկական անձից 2016 թ.-ին 10 հնագիտական առարկա են գնել, 2017 թ.-ին` 4-ը: Ընդհանուր 14 հնագիտական առարկաները մ.թ.ա 10-8-րդ դարի կերամիկական եւ բրոնզե իրեր են:

Ներկայացվածից հետեւությունն այն է, որ մասնավոր անձանց ձեռքում շրջանառվող հնագիտական առարկաների չնչին մասն է թանգարաններում հայտնվում, բացի այդ, ավելի վաղ շրջանի, ասենք՝ մ․թ․ա․ 3-1 դարերի, արժեքավոր իրերը թանգարան չեն տարվում: Թանգարանների աշխատակիցների համար գաղտնիք չէ նաեւ այն, թե հնագիտական առարկաները որտեղից եւ ինչ ճանապարհով են հայտնվել վաճառողների ձեռքում, «պեղողներին» նրանք էլ են ճանաչում: Պարզապես, երբ թանգարանը որոշակի գումարի դիմաց գնում է նրանցից՝ դա համարվում է օրինական, իսկ երբ նույն անձինք վաճառում են դրսում՝ համարվում է անօրինական:

Բեմադրող-ռեժիսոր, նկարիչ Սուքիաս Թորոսյանի կարծիքով՝ մարդկանց ձեռնտու չէ քրեական ոլորտում հայտնվելը, բայց քանի որ պետությունը դրանք չի գնում, իսկ Հայաստանում արկածախնդրությունը մեծ է եւ միանգամից ուզում են հարստանալ՝ արժեքավոր իրերը հայտնվում են դրսում:

«Պետությունը չի կարողանում գնել, գոնե աճուրդում կդնի եւ կարող է հետեւել, թե ուր է գնում այն: Չափագրվի, գրանցվի, հաստատվի, իսկ հիմա մեր ունեցածը ցանկացած երկիր կարող են տանել եւ ասել, որ իրենցն է: Ասածս նա չէ, որ բոլորը հավաքեն Հայաստանում, բայց պետք է հետեւողական լինել հայկական մշակույթը ճիշտ ներկայացնելու հարցում: Ճիշտն աճուրդն է, որով գյուղացուց կվերցնես նրա հայտնաբերածը եւ կանձնագրավորես»,- ասում է պրն Թորոսյանը:

Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը շեշտում է, որ կարգավորված չէ նաեւ այն հարցը, թե ինչու կազմակերպությունը չի կարող հնագիտական թանգարան ունենալ, ինչու անհատները չեն կարող հնագիտական նյութը վաճառել, ինչո՞ւ հնագետներն իրավունք չունեն պեղած տարածքների իրերը պահել իրենց հավաքածուում:

«Հնագետը 1000 կտոր խեցի է գտնում, որից մեկն է թանգարանային արժեք, իսկ 999-ը պետք է նորից մի հորի մեջ լցնի`թաղի: Բազմաթիվ վեճեր են եղել, երբ փորձել են Տիգրանակերտի պեղումների իրերը վաճառել: Ասում են, թե ինչ կա դրա մեջ, եթե հարյուրավոր խեցու բեկորներից զբոսաշրջիկներին վաճառենք եւ հարցեր հոգանք: Կարո՞ղ է վաճառել եւ ինչ պայմանով, այս հարցը հստակ կարգավորված չէ, պետք է հստակեցվի եւ վերահսկողության մեխանիզմ սահմանվի»,- ասաց պրն Պետրոսյանը:

Հնագետը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի, Իսրայելի փորձը, որտեղ մասնավոր անձանց թույլատրված է հնագիտական իրեր ձեռք բերելը, եթե նրանք պահպանում են այդ իրերի պահպանման, հանրահռչակման եւ այլ պայմաններ: Նրա ասելով, եթե այդ հարցը մեր երկրում կարքավորված լիներ, մարդիկ կարող էին լիցենզիա ունեցող հնագետին պեղում պատվիրել, սեփական թանգարանն ունենալ, այդ իրերը մեկ ուրիշ թանգարանի վաճառելու իրավունք կունենային:

«Այսինքն, միայն թանգարանը չէ, որ կարող է իրեր ձեռք բերել եւ ցուցադրել, դա կարող են անել տարբեր կազմակերպություններ, տարբեր անհատներ: Արդյունքում՝ ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է որոշակի հսկողության տակ»,- հայտնեց պրն Պետրոսյանը:

Մեծ Բրիտանիայի օրինակը ուսումնասիրել է նաեւ Սուքիաս Թորոսյանը: «Անգլիացու սեփական հողատարածքում, եթե ինչ-որ բան են գտել, այդ հողը 10-ն անգամ թանկանում է, բայց միեւնույն ժամանակ կողքի տունը, որն ավելի բարեկարգ վիճակում է, կարող են գնել նրա համար եւ դա վերցնել նրանից»,- նշում է պրն Թորոսյանը:

Ներկայացնում է նաեւ Բուլղարիայի օրինակը, որտեղ, նրա ասելով, շատ են հնություններ գտնում, բայց եթե դա շուկա տանեն` էժան են վաճառելու: Պետությունն ավելին է տալիս, որպեսզի դրանք երկրում պահպանի, հետո երբ մտնում է ազգային ֆոնդ, գնահատում են` արժեքը բարձրանում է: Բուլղարիայում մեզնից 300 անգամ ավելի շատ ոսկի ունեն ցուցադրված: Դրա նկատմամբ նրանց վերաբերմունքն այլ է, օրենքը շահագրգռում է, որ հանձնեն: Իսկ մեզ մոտ միշտ կրիմինալի հոտ է գալիս, շատ ժամանակ, երբ կավե ամաններ են տեսնում` ջարդում են, որ շառից հեռու մնան»:

Հայաստանի օրենսդրությունը նույնպես փոխհատուցում նախատեսում է այն դեպքերում, երբ հայտնաբերողը «պատմության եւ մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնում է պետության սեփականությանը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 186 հոդված.
Պատմության եւ մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, եւ գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի 50 %-ի չափով: Այդ անձանց միջեւ վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Սակայն ոլորտի մասնագետները չեն հիշում մի դեպք, երբ որեւէ մեկին փոխհատուցած լինեն հանձնված գտածոյի դիմաց: Մամուլում մեր պրպտումները մի դեպքի մասին են միայն հիշեցնում՝ 2011 թ·-ին Լեռնային Ղարաբաղի Սոնասար գյուղում գտնվել են հելլենիստական շրջանի գանձեր (մ.թ.ա. 4-րդ դար): Ասվում է, որ Սոնասար գյուղի բնակիչ Անդրանիկ Կյուրեղյանը, անասուններին արոտավայրում արածացնելով, պատահաբար յուրահատուկ առարկաներ է գտել` հելլենիստական շրջանի ոսկե, արծաթե եւ բրոնզե իրեր: Թագուհու դամբարանից հանել են թանկարժեք իրեր` մոտ 700 գրամ արծաթե, 4-5 կգ բրոնզե, ինչպես նաեւ ոսկե զարդեր: Նրա գտած գանձը նախնական գնահատվել է 8 մլն դրամ, սակայն Անդրանիկը հրաժարվել է Պատմության թանգարանի  առաջարկած 4 մլնից` այն բավարար չհամարելով:

Հնագետները նույն դեպքը հիշատակելով այն որակում են գանձագողություն եւ ասում են, որ գանձերը հանելիս վնասել էին թագուհու թագը եւ ապարանջանը:

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքում հայտնաբերված, բռնագրավված եւ մշակույթի նախարարությանը հանձնված 265 կտոր իրերի դիմաց Սեւակ Սաֆարյանը փոխհատուցում է պահանջում: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով: Սեւակից առգրավված իրերը ներկայումս գտնվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտ­րոն» ՊՈԱԿ-ում: Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մեզ հայտնեց, որ այստեղ մաքրման, վերականգնման աշխատանքներ կատարելուց եւ թանգարանային տեսքի բերվելուց հետո դրանք կցուցադրվեն Պատմության թանգարանում:

Ա· Սամուելյանը հնագիտական իրերը հայտնաբերած Սեւակ Սաֆարյանից պահանջել է գրավոր հրաժարվել փոխհատուցման պահանջ ներկայացնելուց՝ սպառնալով վերաբացել քրեական գործը: Սեւակը չի հրաժարվում եւ շարունակում է բողոքներ ներկայացնել պետական բոլոր կառույցներին: Ա· Սամուելյանը 20·04·2017 թ·-ին նրան է ուղարկել գլխավոր դատախազությանը հասցեագրված բողոքի օրինակը: «Ի պատասխան Ձեր ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված եւ ՀՀ մշակույթի նախարարություն վերահասցեագրված 2017թ· փետրվարի 21-ի դիմումի հայտնում ենք, որ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ վերացնելու ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քրեական գործը կարճելու մասին որոշումը եւ քրեական գործ հարուցելու համար»:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը թվարկում է մի շարք հարցեր, որոնք օրենքում լիարժեք կարգավորված չեն: Նա սկզբունքային է համարում այն հարցի հստակեցումը, թե ով իրավունք ունի հողը քանդելու եւ այնտեղից ինչ որ բան գտնելու, ինչպես կարող է այն տնօրինել: Աշխատանքի ընթացքում տեխնիկայի կարիք շատ են ունենում, սակայն մինչեւ հիմա նույնիսկ տեխնիկայի օգտագործումը պեղումներում հստակորեն սահմանված չէ եւ ինքը, որպես հնագետ, չգիտի, կարո՞ղ է տեխնիկա կիրառել պեղումներ կատարելիս:

Պրոֆեսորը նշում է, որ օրենքում վերջնականապես հստակեցված չէ պետականից բացի, հնագիտական գտածոների պահպանման որեւէ կարգ: Արշավախմբերը, որոնք աշխատում են պետության ֆինանսավորումով, պարտավոր են իրենց նյութերը հանձնել այս կամ այն թանգարանին: «Այնպես չէ, որ ինչքան մենք գտնենք, այնքան թանգարանը պատրաստ է ընդունել եւ տասնյակ տարիներ այդ նյութերը տարբեր սենյակներում պահվում են ոչ օրինական ճանապարհով, ոչ օրինական կարգով»,- հայտնեց պրն Պետրոսյանը:

Սահմանված կարգի համաձայն՝ տարածաշրջանից հայտնաբերված գտածոները պետք է հանգրվանեն տեղի երկրագիտական թանգարաններում կամ եթե չկա՝ այդ տարածաշրջանում գտնվող թանգարանում: Մարզերի երկրագիտական թանգարաններում հազվադեպ են համալրումներ լինում եւ դա լինում է այն ժամանակ, երբ տվյալ տարածքում պեղումներ են կատարվում: Եթե շատ հազվագյուտ նմուշ է՝ հանձնվում է Պատմության թանգարան: Այդ է պատճառը, որ հնաոճ եւ հետաքրքրությունը կորցրած մարզային թանգարաններն ընդգրկված չեն տուրիստական թուրերում:

Սակայն մարզային թանգարանները դրանք պահեստավորելու, վերականգնելու եւ ցուցադրելու համար համապատասխան տարածքներ եւ միջոցներ չունեն: Մեծ դժվարությամբ փորձում են պահպանել ունեցած նյութերը, իսկ նոր, այն էլ մեծաքանակ գտածոների համար համապատասխան պահոցներ են անհրաժեշտ: Հնագիտության ինստիտուտը կարեւորում է մեծ պահեստադարան ունենալու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter