HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում նշել են Ընտանիքի միջազգային օրը

Ընտանիքի միջազգային օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993թ.-ին՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Այդ թվականից սկսած` եվրոպական մի շարք երկրներում մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանում տոնը նշվում է 2011թ.-ից: Փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Գյումրիում Ընտանիքի միջազգային օրը հիմնականում նշվում է տարբեր պետական կառույցների եւ հասարակական կազմակերպություների կողմից, որոնք զբաղվում են ընտանիքիների եւ հատկապես երեխաների խնդիրներով: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի եւ Գյումրի Լոֆթի համատեղ նախաձեռնությամբ այս անգամ փոքրիկ տոն էր կազմակերպվել գիշերային խնամքի թիվ 1 եւ թիվ 2 հաստատությունների, «Թռչունյան տուն» մանկատան եւ «Տիրամայր Հայաստան» կենտրոնի 25 սաների համար:

«Այսօր ընտանիքի օրն է, եւ, բնականաբար, շնորհավորում ենք բոլոր ընտանիքներին, սակայն այսօր որոշել ենք մի փոքր տոն նվիրել այն երեխաներին, ովքեր չեն գիշերում ընտանիքներում,-նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը,-անցած տարի մենք երեխաների նկարչական գործերի ցուցահանդես էինք կազմակերպել, այս տարի որոշեցինք փոքրիկ տոնախմբություն անել՝ սիմվոլիկ հյուրասիրությամբ, նաեւ հնարավորություն տալ երեխաներին` ներկայացնելու իրենց ընտանիքի «այսօրն»  ու «վաղը», խոսելու ընտանիքի վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումների մասին»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփա Սիմոնյանը: Վերջինս կարեւորեց ամուր ընտանիքների միջոցով ամուր պետություն կառուցելու տարբերակը: «Ես դեմ եմ ուժեղ հաստատություններին, որը, ճիշտ է, գուցե շատ ու շատ երեխաների համար ընտանիքի բացը լրացնելուն է միտված, սակայն եկեք խոստովանենք, որ չի կարող լիարժեք փոխարինել ընտանիքին,-նկատեց Հովսեփ Սիմոնյանը,-կուզենայի, որ այս երեխաներից ամեն մեկը երազանք պահելիս երազի ամուր ընտանիքի մասին եւ հետագայում զույգ ընտրելիս ու ընտանիք կազմելիս իրենց ծնողների սխալը չկրկնի»:

Լիլիթ Գորգինյանի փոխանցմամբ, Գյումրիում մոտ 400 երեխա հաճախում են ցերեկային խնամքի կենտրոններ: Անցած մեկ տարվա ընթացքում հաջողվել է 25 երեխայի վերադարձնել ընտանիք, եւս 25 երեխայի ուտք է կանխվել գիշերօթիկ հաստատություններ: «Որքան էլ, որ ցերեկային խնամքի կենտրոնները կամ գիշերօթիկ հաստատությունները հրաշալի պայմաններ ապահովեն, երեխայի համար ամենացանկալին կա ու մնում է ծնողի ջերմ համբույրը: Այդ պատճառով էլ փորձում ենք ամեն կերպ երեխաներին վերադարձնել սեփական ընտանիք»,-նշեց Լիլիթ Գորգինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter