HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Երեխան վախենում էր, որ իրեն կրկին կտանեն մանկատուն»․ մութ կետից՝ լուսավոր ընտանիք

«Թվում ա, թե ես եմ ծնել իրեն: Բանակից զանգում ա, ասում՝ մամ ջան, պապ ջան, ձեր ցավը տանեմ, ասում եմ՝ ազիզ ջան, նման բան մի ասի, ես քո ցավը տանեմ․․․ Սպասում ենք, որ ծառայությունը վերջացնի, հասնի մեզ»,-երջանկության արցունքն աչքերին պատմում է Քնարիկ Անտոնյանը:

Ավելի քան տասը տարի առաջ նրա ընտանիքը դարձել է խնամատար ու խնամքի տակ առել Վանաձորի մանկատան սան Գոռին։ Բաբկեն Պետրոսյանը եւ Քնարիկ Անտոնյանը առաջին խնամակալ ընտանիքներից են։

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է, եւ Բաբկեն Պետրոսյանն ու Քնարիկ Անտոնյանը Լոռու մարզի Վահագնի գյուղից եկել են Երեւան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրողների միջոցով աշխարհին պատմելու, որ անցել են մեծ դժվարություններով ու հաղթահարել երեխային մանկատան աօրյայից իրական կյանք վերադարձնելու խնդիրը:

«Դժվարություններ շատ են լինում, բայց պիտի աշխատես: Մենք դա հաղթահարել ենք: Ոչ թե մենք, այլ՝ ընտանիքով, բարեկամներով: Հիմա Գոռս լավ զինվոր է,  Զինուժով էլ են ցույց տվել։ Գյուղում ինձնից մեծ շրջապատ ունի։ Բոլորն էլ սիրում են տղուս, օգնում է՝ ում ինչով կարող է»,-հպարտությամբ ասում է Բաբկեն Պետրոսյանը։

Գոռը գնահատել է ընտանիքում ապրելու առավելությունն ու երկար ժամանակ վախով ապրել՝ հանկարծ չվերադարձնեն մանկատուն:

«Մանկատնից եկել էին մեր տուն, Գոռը դպրոցում էր: Պատահական դուրս եկա, տեսնեմ դռան տակից ականջ ա դնում: Ասում եմ՝ Գոռ ջան, ինչու՞ ներս չես մտնում: Պարզվեց՝ երեխան վախենում ա, որ իրեն էլի հետ կտանեն։ Ունեցել ենք շատ դժվարություններ: Հաղթահարել ենք երեխայի հետ միասին»,-պատմում է Քնարիկ Անտոնյանը:

Ասուլիսին ներկա, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը հարցնում է՝ ձեզ ո՞նց է դիմում;

«Ոնց որ մյուս էրեխեքը»,-ասում է Բաբկենը։ «Մամ, պապ․․․»,-լրացնում է կինը։ Ամուսինը շտկում է․ «Առաջ՝ պապ, հետո՝ մամ»,-ներկաները ծիծաղում են։ Պետրոսյան ընտանիքը կորցրել է զավակին ու խնամքի տակ վերցրել Գոռին։

«Ես կորցրել եմ երեխայիս էն նույն տարիքում, ինչ տարիքում որ Գոռն ա եկել իմ ընտանիք: Ամեն դպրոց ճանապարհելիս, ընդունելիս…. Ուղարկում էինք դպրոց, պայուսակը ձեռքին, ու վերադարձի ժամին սպասում, թե երբ կհասնի տուն»,-հուզված պատմում է Քնարիկ Անտոնյանը։

Միրա Անտոնյանը հիշում է, որ երբ Գոռին հերթական այցի ժամանակ, երբ նա չորրորդ դասարանում էր սովորում, հարցրել են՝ էստեղ ի՞նչն ես սիրում, Գոռը պատասխանել է․ «Որ դպրոցից գալիս եմ, գալիս եմ, գալիս եմ, հեռվից ձեն եմ տալիս՝ մամա, ասում ա՝ հա ջան, ա՛յ դա եմ սիրում»:

Պետությունը հասարակական կազմակերպությունների, հատուկ հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է խնամքի հաստատությունների վերակազմավորման ընթացիկ բարեփոխումների ծրագիր, որի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների վերաինտեգրումը հասարակությունում՝ նախապատվություն տալով ընտանեկանին մոտ ձևերին ՝ որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատարը նտանիքներին: Նախատեսվում է, որ միայն դրանց անհնարինության դեպքում է թույլատրվելու երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող փոքր հաստատությունում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը մամլո ասուլիսում ասաց, որ պետության նպատակն ընտանիքներն ամրացնելն է, ոչ թե՝ խնամքի կենտրոնների ստեղծումն ու դրանք երեխաներով լցնելը: «Հետք»-ի հարցին՝ նախորդ 25 տարիներին Հայաստանն այդ առումով ի՞նչ ցուցանիշներ է գրանցել՝ ընտանիքնե՞րն է կարողացել ամրացնել, թե՞ ավելացրել գիշերօթիկներն ու դրանք լցրել երեխաներով, փոխնախարարը պատասխանեց․

«Փոփոխություն, կարելի է ասել, չկա: Ունենք ստանդարտ իրավիճակ: 2007 թվականից այս կողմ ստեղծել ենք շուրջ 6 գիշերօթիկ հաստատություններ: Դրանք եկան համակարգի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, բայց մենք չպետք է հաշտվենք այն իրավիճակի հետ, ինչ ունենք, այսինքն՝ գիշերօթիկ հաստատություններ, որոնք ցանկապատված են եւ իզոլացված՝ հասարակությունից:

Մեր անելիքները հետեւյալն են. բոլոր գիշերօթիկ հաստատությունների վրա ծախսվող պետական միջոցները, հաստատությունների տրանսֆորմացիայի արդյունքում, ուղղելու ենք նոր ծառայությունների, ուղղելու ենք ընտանիքներ, որպեսզի կարողանան հոգ տանել իրենց բալիկների համար: Իսկ այն դեպքերում, երբ չենք կարող ապահովել երեխայի վերադարձն ընտանիք, պիտի հոգ տանենք, որպեսզի կամ որդեգրում լինի կամ խնամակալ ընտանիքների թվի աճ:

Շատ հայ ընտանիքներ էսօր պատրաստ են որդեգրում իրականացնել: Բայց Հայաստանից ավելի շատ արտասահմանցիներն են երեխա որդեգրել: Համակարգում կան շատ մութ կետեր, եւ մենք պետք է դրանց այլընտրանք գտնենք»։

ԱՄ Ն ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանն այն կարծիքին է, որ ժամանակն է դադարեցնել երեխաների հոսքը դեպի գիշերօթիկներ:  

Հայաստանում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը համոզված է, որ խնամքի կենտրոնները երեխային չեն կարող տալ այն, ինչ տալիս է ընտանիքը:

«Ապագայի համար կարեւոր է, որ նրանք մեծանան առողջ միջավայրում, ունենան տետ-ա-տետ հարաբերություններ ընտանիքի անդամների հետ: Երեխայի համար կարեւոր է ընտանիքում ունենալ 1-2 անդամի հոբեբանական աջակցությունը մանկության շրջանում։ Եթե մարդը չի մեծացել ընտանիքում, ապա նրա համար հետագայում դժվար է արժեւորել սեփական ընտանիքը:

Հայաստանում հաճախ ասում են, որ խնամատար լինելը հայկական ավանդույթների մեջ չկա: Ես արտասահմանցի եմ եւ ասում եմ հակառակը՝ սա հայկական ավանդույթ է: Հայոց պատմության մեջ բազմաթիվ դրվագներ կան երեխայի խնամակալության մասին: Հիշենք թեկուզ որբերի պատմությունները, որոնց ամենածանր ժամանակներում խնամքի տակ է վերցրել եկեղեցին»,-ասում է տիկին Ռադոչայը։

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վերակազմավորվել են թվով վեց խնամքի հաստատություններ, որի արդյունքում ստեղծվել են այլընտրանքային խնամքի ծառայություններ:

Այնուամենայնիվ, 2016 թվականի տվյալներով, Հայաստանի խնամքի եւ պաշտպանության պետական հաստատություններում, այդ թվում՝ հատուկ դպրոցներում եւ մանկատներում գրանցված են շուրջ 3500 երեխաներ, որոնցից՝ 633 երեխա ապրում է 6 մանկատներում, 541 երեխա՝ 6 գիշերային խնամքի կենտրոններում, 2047 երեխա՝ 21 հատուկ դպրոցներում:

«Պաշտոնական վիճակագրության մեջ ասվում է, որ խնամքի հաստատություններում ապրում է մոտ 3500 երեխա: Բայց սա սխալ մոտեցում է: Չէ՞ որ մենք չենք ասում՝ ունենք մոտ 3 երեխա: Իրավունք չունենք խնամքի կարիք ունեցող երեխաներին վերաբերվենք մոտավոր հաշվարկներով: Ամեն երեխա մի ճակատագիր է, անհատականություն»,-ասում է Վորլդ Վիժն Հայաստանի երեխայի պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Խնամքի հաստատություններում ապրող երեխաների առնվազն 90 տոկոսը մեկ կենսաբանական ծնող ունի: Վայոց Ձորում եւ Արարատի մարզում ընդհանրապես չկան խնամքի հաստատություններ:

21 խնամատար ընտանիքներում ապրում են 25 խնամատար երեխաներ: Ամենաշատը Երեւանում է՝ 13 երեխա՝ 11 ընտանիքներում:

«Եթե մեր համակարգը կարողանում է օգնել ընդամենը 3000 կամ 4000 երեխայի, ուրեմն մենք մեծ խնդիր ունենք, քանի որ Հայաստանում մանկական աղքատությունը հասնում է 37 տոկոսի:

Ունենալով այսքան ռեսուրսներ՝ պետական եւ ոչ պետական,  պարզ կորդինացիայի պակասի, իրար հետ աշխատելու աշխատանքային պակասի, մեթոդական ոչ ճիշտ աշխատանք տանելու պատճառով մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որոնց մասին այդպես էլ չենք աշխատում»,-ասում է Միրա Անտոնյանը:

2017-2018 թվականներին պետության եւ հասարակական կազմակերպությունենրի ուշադրության կենտրոնում կլինի Լոռվա մարզը, որտեղ 66 երեխա ապրում է Վանաձորի մանկատանը, 106 երեխա ապրում է Վանաձորի գիշերային խնամքի եւ պաշտպանության հաստատությունում, 173 երեխա՝ հատուկ դպրոցներում, 5 երեխա՝ 5 խնամատար ընտանիքներում, ինչպես նաեւ կան 40 նոր վերապատրաստված խնամատար ծնողներ:

Ոլորտի մասնագետները գտնում են, որ երկարաժամկետ հեռանկարում այլընտրանքային ընտանեկան խնամքը ծախսերի տեսանկյունից ամենաարդյունավետ լուծումն է: Դոնորները կարող են հոգալ անցումային ծախսերի համար, պետությունը՝ դրանց պահպանման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter