Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մարտունու գյուղերի մեծ լինելու պատճառը կեսկատակ-կեսլուրջ պարզաբանում է Ձորագյուղի ղեկավարը. «Էսօր մարտունեցին եւ դրսում ընտանիք ունի, եւ տեղում»



Ձորագյուղը Մարտունու տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ կարելի է բազմաթիվ բարեկարգ առանձնատներ տեսնել: Գյուղապետ Լեւիկ Գրիգորյանն ասում է, որ դա արտագնա աշխատանքի արդյունք է: Շեշտելով, որ Մարտունին երբեք արդյունաբերական շրջան չի եղել՝ համայնքի ղեկավարը նկատում է, որ այստեղի բնակչությունը նույնիսկ խորհրդային տարիներին մեկնել է արտագնա աշխատանքի. «Մարտունեցին միշտ էլ խոպան է գնացել, իր բարեկեցությունը միշտ էդ աշխատանքի միջոցով է կազմակերպել»:

Ձորագյուղն այսօր ունի 1600 տնտեսություն, 4650 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Լ. Գրիգորյանի ասելով՝ գործազրկությունը բավականին բարձր է համայնքում, տարեկան 450-500 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ գյուղի գործերը մնում են հիմնականում կանանց ու երեխաների վրա, եւ այս դեպքում եղած հնարավորություններն ամբողջությամբ չեն իրացվում: Սակայն թվում է, թե գյուղում գործազրկության հարց չպիտի լինի, որովհետեւ կա հող, որին պիտի կպած լինի դրա տերը՝ հենց հողից էլ ստանալով իր եկամուտը: Գրիգորյանը սրան ի պատասխան ասում է, որ գյուղում աշխատելը չի հոգում բնակչի բոլոր կարիքները: Մարտունու կարտոֆիլը հայտնի է բոլորին, բայց այսօր Ձորագյուղում առավելապես ցորեն են ցանում, որովհետեւ կարտոֆիլն իրացնելը խնդիր է դարձել՝ պահանջարկը փոքր է:

Համայնքի վարչական տարածքը 6890 հեկտար է, որից 1200-ը վարելահող է, 600-ը՝ խոտհարք, 3000-ն էլ արոտներն են: Շահագործվում է ավազի 3 հանք, կա նաեւ բազալտի հանք, որը չի արդյունահանվում ներկայում: Գյուղն ունի 2500-3000 գլուխ խոշոր եղջերավոր: Սակայն, ըստ համայնքի ղեկավարի, կաթն ու միսն իրացնելը նույնպես դժվար է, եւ նախկինի համեմատ անասնագլխաքանակը պակասել է: «Կաթը հանքային ջրից ավելի էժան է»,- ասում է Լեւիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մեկ լիտրը 80 դրամ է: Քանի որ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններն այստեղ չեն գալիս ու կաթը չեն գնում, ձորագյուղցիների 90 տոկոսը տնային պայմաններում կաթից պանիր է պատրաստում ու Սեւան-Մարտունի մայրուղու՝ Ներքին Գետաշենի հատվածում գտնվող գյուղմթերքի շուկայում փոխանակում այլ ապրանքների հետ:   

Ձորագյուղի 1600 ընտանիքներից 200-210-ը սոցիալական նպաստ է ստանում, չնայած գյուղապետն ասում է, որ գնալով անապահովների թիվը պակասում է, ինչը պայմանավորված է արտագնա աշխատանքի գործոնով, 550 հոգի էլ թոշակառու է: Վարկեր վերցրած բնակիչներ, բնականաբար, կան, բայց, ըստ Գրիգորյանի, մարտունեցիների վարկային բեռը հնարավոր չէ համեմատել Արարատյան դաշտավայրում ապրողների դժվարությունների հետ:

Ձորագյուղն ունի 2 դպրոց՝ հիմնական ու ավագ, մանկապարտեզ, ամբուլատորիա, կապի, փոստի բաժանմունքներ, մշակույթի կենտրոն: Համայնքին ենթարկվում են միայն մանկապարտեզն ու կենտրոնը: 2000 թվականից համայնքը ղեկավարող Լեւիկ Գրիգորյանն ասում է, որ Ձորագյուղն, ի տարբերություն Մարտունու շրջանի մի շարք այլ համայնքների, աճ գրանցող բնակավայր է. անցյալ տարի ունեցել են 97 ծնունդ, 20-25 մահվան դեպք: Աշակերտների թիվը 750-800 է, 6 տարեկանների համար ունեն նախակրթարան, որտեղ հաճախում է 50-60 երեխա, իսկ 3-5 տարեկան 90-100 երեխա այցելում է մանկապարտեզ, որն անվճար է: Ըստ Լ. Գրիգորյանի՝ մանկապարտեզ հիմնականում գնում են անապահով ընտանիքների փոքրիկները:  

Համայնքի ամբուլատորիայում աշխատող 2 բժիշկները տեղից են, եւս 2 հոգի աշխատում է Մարտունու շրջանային հիվանդանոցում: Համայնքապետարանին ենթարկվող 3 կառույցներում աշխատում է 39 հոգի, որոնց միջին մաքուր աշխատավարձը 80-90 հազար դրամ է: Գյուղապետն առանձին գոհունակությամբ է նշում, որ աշխատողներից երկուսն առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամ են, այնինչ ներկայում Հայաստանում մոդայիկ է դարձել միայն բարետես երիտասարդներին գործի ընդունելը: Ձորագյուղի բյուջեն 90 մլն դրամ է, որից ընդամենը 30 միլիոնն է գոյանում տեղական հարկերից ու տուրքերից, մնացած 60-ը պետական դոտացիա է:  

Մարտունու գյուղերն իրենց բնակչությամբ հանրապետության մասշտաբով ավանդաբար առաջատար են. 2011 թ. ՀՀ մարդահամարով ամենամեծ գյուղը եղել է Վարդենիկը՝ 9880 մշտական բնակչությամբ, Ներքին Գետաշենն ունեցել է 8553, իսկ Ձորագյուղը՝ համեմատաբար համեստ ցուցանիշ՝ 4737: Հարցին, թե ինչն է պատճառը, Ձորագյուղի մշակույթի կենտրոնի տնօրեն Խաչիկ Սողոյանը կատակով ասում է. «Էստեղ են ծնվել ու լռվել-մնացել են»: Բայց Լ. Գրիգորյանը համամիտ չէ: «Լավ էլ գնում են, ինչի՞ չեն գնում, էսօր մարտունեցին եւ դրսում ընտանիք ունի, եւ տեղում: 6 ամիս էնտեղ են, 6 ամիս էլ էստեղ»,- ասում է գյուղապետն ու ծիծաղում: Ըստ Լ. Գրիգորյանի ներկայացրած ցանկի՝ ներկայում Ն. Գետաշենը շրջանցել է Վարդենիկին:

Խոպան գնացող ձորագյուղցիների ներդրումներով գյուղում, ըստ համայնքի ղեկավարի, ահագին գործ է արվել. 5 հա մակերսով գերեզմանոցն ամբողջությամբ պարսպապատել են Արթիկի տուֆով, բարեկարգել են զոհվածների հուշարձանը, գերեզմանոցի մոտ հանգստի տաղավար են պատրաստել, փողոցային լուսավորություն են անցկացրել, գյուղի եկեղեցիներից Ս. Աստվածածինն են նորոգել: Ձորագյուղը գազիֆիկացված է, ունի խմելու եւ ոռոգման մշտական ջուր:

Լեւիկ Գրիգորյանը դժվարանում է առանձնացնել որեւէ խնդիր, որ առաջին տեղում է ու դեռ լուծման կարիք ունի: 2000-ին համայնքապետ ընտրված ՀՀԿ-ականն այս տարի եւս առաջադրելու է իր թեկնածությունը: Ասում է, թե ոչ մի նախընտրական խոստում չի տվել ու չի տալու, բայց ծրագրեր ունի. գյուղի ճանապարհների մի հատվածն է միայն ասֆալտապատվել համայնքի ու տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության միջոցներով, նախատեսվում է մեծացնել ասֆալտապատման ծավալները, թաղամաս կա, որտեղ լուսավորություն պիտի անցկացնեն: Հարցին, թե այս տարիների ընթացքում վերընտրվելիս ունեցել է արդյոք մրցակիցներ, պատասխանում է՝ կարելի է ասել ոչ: Գրիգորյանի խոսքերից տպավորություն է, որ այս անգամ էլ վերընտրվելու վերաբերյալ ոչ մի կասկած չունի:

Ավելի քան 4000 բնակչություն ունեցող գյուղում, ըստ գյուղապետի, միայն 70-80 հոգի են ՀՀԿ-ական, չնայած դրան՝ նշում է. «Բոլոր համապետական ընտրություններին գյուղը միասնական է եղել, հավաքվել ենք մշակույթի կենտրոնի դահլիճում, ասել ենք՝ եկեք բոլորի ծրագրերը կարդանք, տեսնենք՝ ում ենք ձայն տալիս»: Այս տրամաբանությամբ, փաստորեն, ամեն անգամ ձորագյուղցիները գյուղով նստել նախընտրական ծրագիր են կարդացել ու ամեն անգամ մատը դրել են ՀՀԿ-ի վրա:

ԱԺ վերջին ընտրություններին Ձորագյուղում 92 տոկոս ձայն է ստացել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես համայնքապետն է ասում, իրենց թեկնածուն: Պատճառը շատ պարզ է. Ռաֆիկ Գրիգորյանը ձորագյուղցի է, 1996-1999 թթ. եղել է Ձորագյուղի համայնքապետը, 1999-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, 2003-2012 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, 2012-ին էլ նշանակվել է մարզպետ: Այսքանից հետո դժվար է հավատալ գյուղապետ Լեւիկ Գրիգորյանին, թե ձորագյուղցիները նախընտրական ծրագրեր են կարդում, իսկ եթե կարդում էլ են, երեւի միայն ՀՀԿ-ինը, չնայած հայաստանյան իրականության մեջ այս պարագայում դրա կարիքը դժվար թե լինի:

Ձորագյուղի ղեկավարն ավելացնում է, որ ԱԺ ընտրություններին իրենց համագյուղացու քվեներից զատ 8 տոկոսը կամ անվավեր է եղել, կամ ընտրակարգի բարդ լինելու եւ մարդկանց չիմացության պատճառով գնացել է այլ ուժերի, այսինքն, ըստ գյուղապետի, մարզպետի ծննդավայրում մարդիկ միայն պատահմամբ են քվեարկել ոչ ՀՀԿ-ի օգտին:    


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ