HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արեւային ջրատաքացուցիչ եւ ֆոտովոլտային համակարգ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան համար

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մայիսի 13-ին մեկնարկեց «Վերականգնվող էներգիան որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որն իրականացվում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից՝ «Ֆիլիպ Մորիս» ընկերության ֆինանսավորմամբ եւ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի ու «Արփի Սոլար» արեւային էներգիայի համակարգերի ընկերության հետ համագործակցությամբ:

Ծրագրի շնորհիվ «Երեխաների տուն» մանկատանը ներդրվել են մինչեւ 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող «Արփի Սոլար» արեւային ջրատաքացման եւ ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն հաստատությանն անվճար տաք ջրով եւ էլեկտրաէներգիայով՝ տարեկան խնայելով ավելի քան 4 մլն դրամ:

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված հաստատություն է, որը զբաղվում է առանց ծնողական խնամքի մնացած, ծանր սահմանափակ կարողություններ ունեցող մինչեւ 8 (նախկինում մանկատուն էին ընդունում 0-ից 6 տարեկան երեխաների) առանց խնամքի մնացած 125 երեխա հանրապետության տարբեր բնակավայրերից:

Մանկատան փոքրիկների հետ իրականացվում են դաստիարակչական, սոցիալ-հոգեբանական, շտկողական, վերականգնողական բուժումներ եւ այլն: «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գեւորգյանի փոխանցմամբ, սա շատ անհրաժեշտ ու կարեւոր ծրագիր էր իրենց համար, քանի որ թե´ էներգիայի, թե´ տաք ջրի ծախսը` կապված երեխաների խնամքի հետ, մեծ էր:

Ծրագրի շնորհիվ մանկատունը կապահովվի անվճար տաք ջրով եւ էլեկտրաէներգիայով 6000 լ/օր ծավալով արեւային ջրատաքացման անջատ-հորիզոնական համակարգերի եւ 25,44 կՎտ ընդհանուր հզորությամբ արեւային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի միջոցով: «Խնայվելու է մոտ 4 մլն դրամ տարեկան, որը կարող ենք ուղղել մանկատան այլ կարիքները հոգալու համար»,- նշեց Աննա Գեւորգյանը:

Ի դեպ, «Վերականգնվող էներգիան որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը կշարունակվի Գյումրիում: Նախատեսված է եւս 5 սոցիալ-կրթական ու մշակութային հաստատություններում ներդնել արեւային համակարգեր: Ծրագիրը նպատակ ունի արեւային էներգիայի միջոցով կրճատելու հաստատությունների էներգետիկ ծախսերն ու խնայած գումարն ուղղել կրթության ու զարգացման ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter