HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ովքեր են դիտարկել Երևանի ավագանու ընտրությունները. ՀՀԿ-ի խորհրդի անդամը՝ ՀԿ-ի հիմնադիր նախագահ

2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչպես մեկ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանականի, դիտորդների պակասություն՝ ըստ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացրած ցուցակների, դարձյալ չկար:

Իրենց իրավապաշտպան գործունեությամբ հանրությանը քաջ հայտնի և հատկապես ընտրական իրավունքի խնդիրները ՀՀ դատական ատյաններում վիճարկող ՀԿ-ների հետ միասին այս անգամ ևս դիտորդություն իրականացնելու ցանկություն էին հայտնել նաև մի խումբ ՀԿ-ներ, որոնց հանրությունը կա՛մ ընդհանրապես ծանոթ չէր, կա՛մ կարող է ծանոթանալ համացանցում տեղ գտած սուղ տեղեկություններից:

Խորհրդարանական ընտրություններից հետո 35 կազմակերպություն, որոնց դիտորդների «բանակը» միասին կազմում էր ավելի քան 22 000 դիտորդ, որեւէ ձեւով չեն արձագանքել ընտրութոյւնների գործընթացին: Խորհրդարանական ընտրություններից հետո «Հետքը» ներկայացրել էր այդպիսի ՀԿ-ները ներկայացնող դիտորդներին՝ այցելելով Երևանի մի քանի ընտրատեղամասեր:   

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես գալու հայտով էր ներկայացել 17 կազմակերպություն, որոնցից հինգը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (75),  Իրազեկ քաղաքացիների միավորումը (70), Իրավունքի Եվրոպա միավորումը (59), Գորիսի մամուլի ակումբը (37) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (11) միասին ընտրատեղամասեր էին գործուղել ընդհանուր առմամբ 252 դիտորդ:  Սա կազմում է դիտորդների ընդհանուր թվի (5138) գրեթե 5 տոկոսը:

Մայիսի 15-ին այս դիտորդական կազմակերպությունները ներկայացրել են Երևանի ավագանու ընտրությունների և «կեղծ դիտորդների» վերաբերյալ իրենց դիտարկումները:

Սրան հակառակ` դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ավելի մեծ խումբ շարունակում է իր դիտարկումները համառորեն գաղտնի պահել հանրությանից: Ավելին, դրանք ներկայացնող դիտորդները լրատվամիջոցների տեսախցիկների առջև հայտնվելիս ոչ թե ջանում էին հնարավորինս ավելի լավ ներկայացնել կազմակերպության նպատակներն ու աշխատանքը, այլև ճիշտ հակառակը՝ շտապում էին հեռանալ՝ քթի տակ ինչ-որ բան կմկմալով կա՛մ թշնամաբար ինչ-որ ռեպլիկներ թողնելով:

Ըստ իրավապաշտպան ՀԿ-ների՝ «կեղծ» դիտորդների մի մասը թեեւ ներկայացել էր կազմակերպության վկայականներով, սակայն ԿՀԸ-ի կայքում հրապարակված ցուցակներում նրանց անունները չէին հայտնաբերվել: Իրավապաշտպանները նշեցին ԳԵՏԱ-ի, «Հայքի», «Կրթական և մշակութային կամուրջների», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտի» և այլ ՀԿ-ների անուններ:  

Արթուր Սաքունցը մատնանշում է, որ դիտորդների բավականին մեծ խումբ գրանցված չէր, և բացատրում է, որ դա հնարավոր չէ անել առանց ԿՀԸ-ի գիտության, քանի որ դիտորդների վկայականները տրվում են ըստ անձանց թվաքանակի: Ըստ նրա` չի կարող «100 հոգու ցուցակի դիմաց տրվել 200 վկայական»:

Այնուամենայնիվ, ովքե՞ր են կանգնած «կեղծ դիտորդների» հետևում:

Եթե իրավապաշտպաններին ու լրատվամիջոցներին արդեն հաջողվել է հրապարակել «կեղծ դիտորդներին»  բացահայտող տեսանյութեր և որոշ տեղեկություններ, ապա դրանց մի մասը մնում է հանրության համար անհայտ: «Հետքը» փորձել է սա պարզել նախ համացանցային պարզ որոնման միջոցով՝ թիրախում ունենալով հարյուրից ավելի դիտորդի ցուցակ ներկայացրած ՀԿ-ներին:

  1. Elections.am կայքում զետեղված ցուցակի 1-ին համարն է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կամ, ինչպես նշել էին ընտրատեղամասերում որոշ դիտորդներ, ԳԵՏԱ-ն: ՀԿ-ն մայիսի 14-ի ընտրություններին ներկայացրել էր 477 դիտորդի ցուցակ (խորհրդարանականին՝ 563): Հիմնադրման տարեթիվն է 2004թ.: Elections.am կայքում տեղադրված ցուցակի ներքևի մասում սովորաբար լինում է ՀԿ-ի նախագահի անունը: ԳԵՏԱ-ի նախագահի անունը ցուցակում չկա, բայց համացանցային որոնման արդյունքում հաջողվեց պարզել, որ ՀԿ-ի հիմնադիր նախագահն է Վահան Դավթյանը, ով 2014թ.-ից զբաղեցնում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնը:

Պետք է փաստել, որ այս ՀԿ-ն իշխանության վաղեմի գործընկերն է, այն դրամաշնորհներ է ստացել պետությունից, դրա անդամները եղել են ընդգրկված տարբեր հանձնաժողովներում, օրինակ՝ նույն 2014թ. ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը եղել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի կազմում: 2014թ. հունվարին Վահան Դավթյանը նշանակվել էր Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ տարվա ընթացքում միաժամանակ ակտիվ գործունեություն ծավալելով որպես ՀԿ-ի նախագահ:

Հետաքրքիր է նաև այն, որ այս ՀԿ-ն առաջին անգամ չէ, որ ընտրություններ է դիտարկում: 2015թ., օրինակ, մասնակցել է նաև սահմանադրական հանրաքվեի դիտարկմանը:

  1. Ցուցակում 3-րդը «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորումն  է՝ իր 500 դիտորդով: Կազմակերպությունը գրանցվել է 2010թ., հիմնադիր նախագահն է ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Գագիկի Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջում տեղադրված նրա համառոտ կենսագրականից: Ուշագրավ է, որ 2002թ-ից Հովհաննիսյանը եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահը: Ըստ ինքնակենսագրականի՝ 2009թ-ից Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենն է, իսկ 2015թ.-ից` ՀՊՄՀ Պատմաիրավագիտության ֆակուլտետի դեկանը:

«Հայք» ՀԿ-ն ակտիվորեն համագործակցում է տարբեր պետական կառույցների հետ: Օրինակ՝ 2013թ.  կազմակերպել է հակահայկական քարոզչության դեմ սեմինարների շարք և սիրիահայ երիտասարդների համար դասընթացներ: 2012թ. «Հայքը» 3 միլիոն դրամով ուղղակի վաճառքի ձևով պետությունից գնել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության ՀՀ Արագածոտնի մարզային գործակալության շենքի մեկ հարկը:  

Ինչպես և ԳԵՏԱ-ն, «Հայքը» նույնպես ընտրություններն ակտիվ դիտարկող կազմակերպություն է, սակայն երբևէ հանդես չի եկել դրանց վերաբերյալ իր դիտարկումներով: «Անկախ դիտորդի» դիտարկմամբ չգրանցված դիտորդներ էին ներկայացել նաև այս ՀԿ-ից, սակայն, ինչպես հաղորդում է «Առավոտը», Հովհաննիսյանը հերքում է այս տեղեկությունը:

  1. Ցուցակում դիտորդների հաջորդ մեծ խումբ ներկայացրած ՀԿ-ն «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոնն» է՝ 500 դիտորդով: Նախագահի անունը ցուցակում դարձյալ չկար: Կազմակերպությունը գրանցվել է 2013թ. դեկտեմբերի 23-ին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքում գտնում ենք այս ՀԿ-ի անունը՝ դրամաշնորհ ստացածների ցանկում, դրամաշնորհ ստանալու տարեթիվը` 2017թ. մարտի 25, անվանակարգը՝ «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում»:

  2. «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն նույնպես ներկայացրել է 500 դիտորդի ցուցակ: 2013թ. թվականին հիմնադրված այս ՀԿ-ի մասին համացանցում քիչ տեղեկություններ կարելի է գտնել, բայց դրանք թույլ են տալիս դրա գործունեության վերաբերյալ կազմել որոշակի պատկերացում: 2014թ. ՀԿ-ն երկու ծրագիր է իրականացրել՝ «Կոտրենք կարծրատիպերը» և «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրերով: Այս երկու ծրագրերի նպատակն էր միջմշակութային շփումներ կազմակերպելը, ծրագրերը ֆինանսավորվում էին Եվրամիության կողմից: Ըստ «Անկախ դիտորդի»՝ ՀԿ-ն ընտրությունների ժամանակ գործուղել էր ԿՀԸ-ում գրանցված դիտորդների:

  1. «Քարավան-88»-ը Երևանի ավագանու ընտրություններին պիտի մասնակցեր 184 դիտորդով: Ապրիլի սկզբում կայացած խորհդարանական ընտրությունները դիտարկում էին այս ՀԿ-ի 816 դիտորդներ: Սա թերևս միակ ՀԿ-ն է, որն ուներ կայքէջ: Կայքէջից տեղեկանում ենք, որ ՀԿ-ի նախագահը Զոյա Ջուլհակյանն է: Կազմակերպությունը ներկայանում է որպես բարեգործական հասարակական կազմակերպություն, որն ունի մարզային ներկայացուցչություններ և կատարված աշխատանքների տպավորիչ ցանկ ամենատարբեր ոլորտներում՝ կրթությունից սկսած մինչև բնապահպանություն ու իրավունքների պաշտպանություն: Իրտեկ կայքից տեղեկանում ենք, որ ՀԿ-ի կողմից իրականացվող «Համակարգչային դասընթացներ» ծրագրի համար փոխհատուցում է ստացել ՀՀ կառավարությունից: Հեռախոսազանգով նախագահից տեղեկացանք, որ նախորդ ընտրություններին մասնակցել են ավելի քիչ դիտորդներ, քան ներկայացվել էր ցուցակով: Պատճառը նախագահի հիվանդությունն էր: Նույն պատճառով զեկույց չի պատրաստվել: Այս ընտրություններին մասնակցելու էր 98 դիտորդ՝ 184-ի փոխարեն։ Ըստ նախագահի՝ դիտորդներն իրենց աշխատանքը կատարելու էին բացառապես կամավոր, ՀԿ-ն այս նախաձեռնության համար որևէ աղբյուրից ֆինանսավորում չի ստանում:

  2. 120 դիտորդով ներկայացող «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման տարեթիվն է 2003թ.: Համացանցից տեղեկանում ենք, որ ՀԿ-ն զբաղվում է վարորդների շահերի պաշտպանությամբ: Ֆեյսբուքյան մի էջում նշված էր ՀԿ-ի նախագահի անունը՝ Կիրակոսյան Վիկտորյա: Ըստ այդ հրապարակման` ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցում «Հայկական վերածնունդ»-ի անունից, սակայն պնդել համանուն կուսակցության և ՀԿ-ի միջև սերտ կապերը չենք կարող:    

  3. Նախորդ ընտրություններին 1900-ից ավելի դիտորդ ապահոված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտն» այս անգամ ներկայացել էր 500 դիտորդով: Նախորդ ընտրությունից հետո կազմակերպությունը հանդես չէր եկել որևէ հայտարարությամբ: «Հետքին» հաջողվել էր զրուցել այս կազմակերպությունը ներկայացնող դիտորդի՝ Վահան Սարգսյանի հետ, ով ասել էր, որ շատ լավ գիտի, թե ով է իր կազմակերպության ղեկավարը, բայց այս տեղեկությունը համարել էր հրապարակման ոչ ենթակա: Մեկ ուրիշ ընտրատեղամասում նույն կազմակերպության բեյջը կրող դիտորդը բացահայտ ասաց, որ ներկայացնում է ՀՀԿ-ն:

ՀԿ-ն գրանցվել է 2012թ.: Համացանցում այլ տեղեկություններ չհաջողվեց գտնել, բացի այն, որ ընտրատեղամասերում ՀԿ-ն ներկայացնող դիտորդները բացահայտ պաշտպանում էին հանձնաժողովի շահերը: 

  1. «Վահան» իրավապաշտպան ՀԿ-ն ավագանու ընտրություններին ներկայացել է 599 դիտորդով: ԿՀԸ-ի կայքէջում կազմակերպության կողմից ներկայացված ցուցակում դրա նախագահի անունը չկար: Որպես իրավապաշտպան գրանցված այս կազմակերպության մասին համացանցում, բացի հիմնադրման տարեթվից՝ 2015թ. փետրվարի 26-ը, այլ տեղեկություններ գրեթե չկան:

  2. Ընդամենը 105 դիտորդով ներկայացող «Կայլաս» ՀԿ-ն հիմնադրվել է 2012թ.: Ըստ ցուցակի՝ ՀԿ-ի նախագահն է Արմեն Հակոբյանը: Սակայն բացի ընտրությունների դիտարկման մասին համացանցում տեղ գտած մի քանի հրապարակումներից, ո՛չ ՀԿ-ի և ո՛չ էլ դրա նախագահի մասին այլ տեղեկություններ չկան:

  3. Ամենամեծ դիտորդական ցուցակ ներկայացրած (1282 դիտորդ) կազմակերպությունը «Հանուն միջազգային կոնվենցիաների կատարման» ՀԿ-ն է, որի հիմնադրման տարեթիվն է 2011թ.: Ըստ ցուցակի՝ ՀԿ-ի նախագահն է Նորիկ Սարգսյանը: Սակայն այս ցանկում ներառված ՀԿ-ների մեծ մասի նման այս ՀԿ-ն ևս հոգ չի տարել հանրությանն իր մասին տեղեկացնելու մասին:

Լուսանկարում՝ Խորհրդարանական ընտրություններին որպես «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդ ներկայացած Դավիթաշենի համատիրություններից մեկի նախագահ Մհեր Հակոբյանը (աջ) թիվ 5/19 ընտատեղամասում: Երևանի ավագանու ընտրություններին նա նույն ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter