HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տավուշում անտառահատումները շարունակվում են

Հրաչիկ Միրզոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հատված ծառերի լուսանկարներ։ Նրա փոխանցմամբ՝ դրանք լուսանկարել է մայիսի 1-ին Զիկատար արգելավայրում։ Միրզոյանը նաև նշել էր հատված ծառերի կոորդինատները։

Արգելավայրում հատված ծառերի լուսանկարների հրապարակմանը արձագանքեց արգելավայրի աշխատակազմը՝ հերքելով ծառահատումների փաստը. «Ծառահատումների ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, արգելավայրի տարածքում ծառահատումների դեպքերը բացակայում են: Ներկայացված կոորդինատները գտնվում են արգելավայրի տարածքից դուրս»։

«Հետք»-ի հետ զրույցում Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ այդ հատվածում երկու տասնյակ ծառեր էին տապալված և դրանք արգելավայրում կամ դրա պահպանության գոտում են։ Ասում է՝ հստակ տեղը մատնանշելը շփոթություն է առաջացնում, քանի որ դժվար է «գլուխ հանել» արգելավայրի սահմանների նիշերից։

Միրզոյանի կարծիքով՝ ծառերը տապալվել էին երկու տեխնոլոգիայով՝ կամ մղանով փորել էին ծառի արմատները, ապա հրելով ծառը տապալել, կամ ճոպանով ձգել, տապալել էին ծառերը։

«Այստեղ խնդիրը արգելավայրը չէ, այլ հատումների օրինականությունը։ Եթե արգելավայրի տարածքում չէ, ապա նրա պահպանության գոտում է։ Պետք եղած դեպքում մի քիչ կչարչարվեմ, բայց կհստակեցնեմ արգելավայրի կորդինատները և սահմանները», - ասաց Միրզոյանը։

Միրզոյանը անտառում գտնվելու ժամանակ անտառահատման դեպքեր գրանցել է ոչ միայն իր նշած կոորդինատներում, այլև անտառի այլ տարածքներում։ «Հատված էին ընտիր, առողջ ծառերը, որոնց բնափայտը բարձր գին ունի», - հավելեց նա։

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ին հայտնեց, որ այդ ահազանգով «Թեժ գիծ» են բացել և այսօր նախարարության Տավուշի տարածքային պետական տեսչության աշխատակիցները կգնան այդ տարածք՝ հստակեցնելու ծառահատումների օրինականությունն ու ներկայացած կոորդինատների ճշգրտությունը։

Վարչության նախնական տվյալներով՝ ծառահատումները իրականացվել են ոչ թե արգելավայրում, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվող տարածքում։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մեկ այլ ծառահատում էր եղել կրկին «Դիլիջանի ազգային պարկում»։

լուսանկարները՝ Հրաչիկ Միրզոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter