Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Չեխիայում ձերբակալվել է ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը. նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր



Չեխիայում ձերբակալվել է ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը), ում մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Չեխիայում պետք է կայանար «գողական սխոդկա» և օրենքով գողերի թագադրություն, որը ՉՀ ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են:

Բացի Ռուբեն Թաթուլյանից, Չեխիայի իրավապահները ձերբակալել են 3 օրենքով գողերի՝ 58-ամյա Գայոզ Զվիաձեն (հայտնի Գիյա Քութայիսկին), 43-ամյա Գելա Կարդավան (հայտնի Օլեգ Գոլոմբը) և 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը։

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, հետևաբար, չունի ՀՀ քաղաքացիություն: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը կարող էր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալ: Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնեցին, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրեքնով, որտեղ  ՀՀ նախագահի թույլտվությամբ կարող է տրվել դիվանագիտական անձնագիր: 

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձանց.

1. ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին (այն է՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել ռազմական կցորդներ, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում` այլ ներկայացուցչություններ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կարող են գործել առևտրական և այլ կցորդներ, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում) և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` ՀՀ նախագահի թույլտվությամբ: 

2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի,  Ազգային ժողովի նախագահի, վարչապետի,  սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: 

Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս: 

Թե դիվանագիտական ինչ ծառայություն է իրականացրել և որ կառույցում է ընդգրկվել Ռուբեն Թաթուլյանը, հայտնի չէ: Սակայն մի բան հստակ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ նա կարող էր ստանալ դիվանագիտական անձնագիր: 

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Ռուբեն Թաթուլյանը 2012-2016թթ. եղել է «Ժամանակակից հնգամարտի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լիլիթ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քանի որ Ռ. Թաթոյանը զբաղված էր և դրսում էր, անցյալ տարվա ամռանը նախագահի պաշտոնից հրաժարվել է, իսկ նոր նախագահի ընտրությունը տեղի է ունեցել դեկտեմբերին:  

Լուսանկարը` www.bolshoyvopros.ru-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վահան Ասրապեան07:59 - 17 մայիսի, 2017
Հարամեցին ամէն ինչ անասունի պէս...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ