HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածք/Ալտերնատիվ/«ինչի համար». տեղի ունեցավ 21-րդ Ամենամյա այլընտրանքային արվեստի փառատոնը

Մարգարիտա Ղազարյան

Ապրիլի 11-ից մայիսի 15-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) անցկացվեց 21-րդ ամենամյա այլընտրանքային արվեստի փառատոնը (ԱԱԱՓ): Վերջինս միտված է արվեստի դաշտում նոր անունների հայտնաբերմանը և նրանց դրսևորման համար հարթակի տրամադրմանը:

«Ալտերնատիվ արվեստի փառատոնը ՆՓԱԿ-ի ամենահին պարբերական միջոցառումներից է, որ իր մեջ ինչ-որ իմաստով կրում է ամբողջ ՆՓԱԿ-ի տրամաբանությունը», -նշում է կերպարվեստի բաժնի համակարգող Գոռ Ենգոյանը:

ԱԱԱՓ-ն անցկացվում է համադրական նախագծերի կազմակերպման սկզբունքով: Թեման, որի շրջանակում արվեստագետները աշխատանքներ են ներկայացնում, ամեն տարի տարբեր է: Այս տարի՝ 2017 թ.-ին, փառատոնն ուներ «տարածք/Ալտերնատիվ/«ինչի համար» խորագիրը:

«Այս տարվա փառատոնը խնդրականացնում է հենց ինքը՝ ՆՓԱԿ-ը, հենց ինքը` ալտերնատիվը, թե ինչպիսին պետք է լինի: Ցուցահանդեսներից յուրաքանչյուրը փորձ ունի վերանայելու այդ հարցը. շատ պատմական հղումներ կան նաև: Հարցադրումներն արվել են ոչ թե մեկ այլ կոնցեպտի, բովանդակության, այլ հենց իր տարածքի, իր քաղաքականության, իրեն վերաիմաստավորելու շուրջ»,- փառատոնի քննարկման ժամանակ նշեց Գոռ Ենգոյանը:

Փառատոնի նկարագրական տեքստում ասվում է. «…Արվեստի ամենամյա այլընտրանքային փառատոնը, հանդիսանալով ՆՓԱԿ-ի խմորման առանցքներից մեկը՝ ի հայտ է բերում կենտրոնի լաբորատոր գործունեության ձևը: Ուստի՝ այս փառատոնն է, որ կարող է հավակնել պատասխան տալ նրա բնույթի շուրջ հարցերին: Փառատոնն այս տարի առաջարկում է աշխատել «Ի՞նչ է այսօր նորարար փորձառական արվեստի կենտրոնը» հարցի շուրջ: Վերջինս, չլինելով անցյալի հակադիր պատկերացումների միավորը՝ այսօր էլ ձևակերպման կարիք ունի:

Հարցը ենթադրում է ՆՓԱԿ-ի վերամտածում՝ հենց արվող տեղհատուկ գործերի միջոցով: ՆՓԱԿ-ը՝ որպես տեղ, որպես տարածք և որպես գաղափար: Վերամտածման այս արարքն է փառատոնի մտահոգությունը՝ «ինչի համար» հարցը ինքնին»:

Ցուցահանդեսների համադրող Արմենակ Գրիգորյանի խոսքով` ինքը չի ցանկացել, որ պահպանվի փառատոնի ֆորմատը, որովհետև իրեն Նորարար փորձառական արվեստի կենտրոնի գործունեության մեջ հոգեհարազատ են հենց 1996 թվականի առաջին ցուցահանդեսի խնդիրները, որ վերաբերում են ժամանակակից արվեստի կենտրոնի՝ ինչով զբաղվելուն:

«Ինձ համար շատ կարևոր էր նախ և առաջ ինստիտուցիայի վերանայման, նորից հասկանալու հարցը, թե այսօր ինչ է ՆՓԱԿ-ը մեզ համար, քանի որ սերունդները փոխվում են, խնդիրներն էլ են փոխվում: Ես չէի կարող ուղղակի որևիցե թեմայի շուրջ ինչ-որ կոնցեպտ գրել ու ասել՝ գործ եմ հավաքում, ցուցադրություն եմ անում:»

Արմենակը նշում է, որ արվեստագետների հատուկ ընտրություն չի եղել, դիմողներն այն մարդիկ են, ովքեր կոնցեպտի շուրջ արդեն իսկ մտածել են: Սա է պատճառը, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, փառատոնին մասնակցող արվեստագետների թիվը փոքր է:

Ներկայացված բոլոր գործերն էլ կարևոր են` ըստ համադրողի, որևէ մեկի մասին առանձին խոսել չի ուզում. «սա առիթ չէր ուղղակի գործ ունենալ ու բերել ցուցադրել: Նրանով է հենց կարևոր, որ ամեն մեկը ինչ-որ ձևով՝տարբեր ասպեկտներով հարաբերվել, ՆՓԱԿ-ի խնդրի շուրջ է գործ արել: Բոլոր գործերը ծնվել են այդ կոնցեպտից, ինչը շատ կարևոր է, ու շատ է բարդացնում աշխատանքը, որովհետև կոնկրետացնում է խնդիրը: Առանձին խոսելը կնշանակի գնահատել կամ վերլուծել: Ամեն մի աշխատանքը երկար խոսակցության, քննարկման արդյունք է»:

Հաջողվել է, թե ոչ այս տարվա Ամենամյա Այլընտրանքային Արվեստի  փառատոնը` Արմենակ Գրիգորյանը չի շտապում մտածել. «Մինչև վերջ կասկածի տակ էր՝ կհաջողվի, թե չէ: Դրա մասին չեմ մտածում, միայն կարող եմ ասել, որ շատ կարևոր արարք է տեղի ունեցել»:

լուսանկարները՝ accea.info կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter