HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«ԵԼՔ» դաշինքի պնդմամբ` 7/51 և 7/53 ընտրատեղամասերում քվեարկել են ցնդող գրիչներով

Արդեն հայտնել էինք, որ «ԵԼՔ» դաշինքը ժամեր առաջ վերահաշվարկ էր անում 7/51 և 7/53 ընտրատեղամասերում։

Վերահաշվարկը արդեն ավարտվել է և, ինչպես «Հետք»-ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, 7/51 ընտրատեղամասում արձանագրել են, որ 100-ից ավելի քվեաթերթիկներ են եղել առանց նշումների, սակայն երբ ավելի մանրամասն են ուսումնասիրել քվեաթերթիկները, պարզել են, որ դրանց վրա նշումներ են արված, և դրանք հիմնականում «ԵԼՔ»-ին տրված ձայներ են:

«Այսինքն՝ ոնց է, որ թանաքը ավարտվում է, գրիչով նշում ես անում, տեղը մնում է, այդպես է եղել։ Մենք ենթադրում ենք, որ ցնդող գրիչ է տեղադրվել քվեախցիկներից 1-2-ում և կոնկրետ հենց իրենց ընտրողներին ուղղորդել են մեկ այլ քվեախուց»,- ասաց մամուլի խոսնակը։

Նրա փոխանցմամբ՝ վերահաշվարկի արդյունքում այդ ընտրատեղամասում «ԵԼՔ»-ի տրցակից ևս դատարկ քվեաթերթիկներ են դուրս եկել։ Դաշինքի անդամները ենթադրում են, որ դրանք վերջում քվեարկած անձանց քվեներն են եղել, որոնց թանաքը հաշվարկի ժամանակ դեռևս չէր հասցրել ցնդել։

Իսկ 7/53 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության մի քվեաթերթիկ կարծես կրկին ցնդող գրիչով է քվեարկվել. «Սա թույլ է տալիս ենթադրել, որ սա միակը չի եղել, պարզապես հետո փոփոխություններ են արել»:

Տիգրան Ավինյանն ասում է՝ տեսանկարահանված նյութերն են ուսումնասիրելու, քանի որ կասկածներ ունեն, որ հանձնաժողովի անդամները անվավեր են դարձրել «ԵԼՔ»-ի օգտին քվեարկած քվաթերթիկները, քանի որ կրկին անվավերի մեջ նկատել են քվաթերթիկներ, որոնց վրա գրիչի հետքը անհետացել է։ Նրա փոխանցամամբ` եթե այս կասկածները հաստատվեն, դրանք քրեական գործերի հիմք են հանդիսանալու։

Ավագանու թեկնածու Վահագն Հովակիմյանն էլ իր «Ֆեյսբուք»-յան էջում վերահաշվարկից հետո գրառում է կատարել, ըստ որի` «7/53-ում քվեարկության արդյունքների ամփոփում որպես այդպիսին տեղի չի ունեցել: Տեղամասային հանձնաժողովը գործել է անարգել եւ պարզապես թվեր է արձանագրվել: Այս փաստը ևս ապացուցվեց. քվեաթերթիկների պարկը կնքված եւ ստորագրված չէր, ինչը նշանակում էր, որ դրա պարունակությունն անարգել կարող էր փոխվել, կամ այլ կերպ ասած` համապատասխանեցվեր արձանագրությանը»։

Հավելենք, որ ընտրությունների նախնական արդյունքերով՝ 7/51 ընտրատեղամասում «ԵԼՔ»-ը հավաքել է 19, «Երկիր Ծիրանի»-ին՝ 12, իսկ ՀՀԿ-ն՝ 224 ձայն, անվավեր է եղել 148 քվեաթերթիկ։

7/53 ընտրատեղամասում «ԵԼՔ»-ը ստացել էր 10, «Երկիր Ծիրանի»-ին՝ 3, իսկ ՀՀԿ-ն՝ 448 ձայն, անվավեր է եղել 1 քվաթերթիկ։

Երկու ընտրատեղամասում էլ քվեների հաշվարկում անճշտություն չէր գրանցվել։

Լուսանկարները փոխանցել է Տիգրան Ավինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter