HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով

Այսօր ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել ամերիկյան և հայկական ընկերությունների մասնակցությամբ  կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է, և դրանից բխող առավելությունները Հայաստանի համար կարող են արդեն իսկ կիրառելի ու գրպանին հարմար լինել թե՛ այսօր, թե՛ ապագա սերունդների համար: Սա էր այն հիմնական ուղերձը, որ կարմիր թելով անցնում էր մեկօրյա համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ: Համագործակցության հնարավոր ուղիները քննության առնելու համար մեկ հարկի տակ էին հավաքվել վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ:

Մայիսի 17-ին տեղի ունեցած համաժողովը ամերիկյան ընկերություններին թույլ տվեց ներկայացնել կանաչ էներգիայի և սմարթ էլեկտրահամակարգերի զարգացման իրենց փորձն ու տեխնոլոգիաները:

«Հայաստանը և վերջինիս էներգետիկ համակարգը վերջին 25 տարիների ընթացքում մեծ աճ են արձանագրել:   Երբ ես մտածում եմ այս ոլորտի  առաջիկա 25 տարիների մասին, ոգևորություն եմ ապրում, քանզի գիտեմ, որ այդ զարգացումները նաև այսօր և այստեղ ձևավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի հետ միասին համաժողովում հանդես եկավ բացման խոսքով:  

Մեկօրյա այս համաժողովը նպատակ ուներ ամրապնդել ամերիկյան ու հայկական ընկերությունների միջև հետզհետե ընդլայնվող կոմերցիոն կապերը և Հայաստանի էներգետիկ ոլորտի օպերատորներին ծանոթացնել առաջատար ամերիկյան ընկերությունների հետ, որոնք համաժողովում ներկայացնում էին այս ոլորտում իրենց նորագույն տեխնոլոգիաները:

Կանաչ, վերականգնվող էներգիան, որը վերջին տարիներին աճել է, հետզհետե ավելի շատ տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկ ոլորտում: 2010-ից 2015թ. Հայաստանում հոսանքի արտադրությունը աճել է 20%-ով, որն ինչպես փաստեց դեսպան Միլսը, հիմք է տալիս ԱՄՆ դեսպանությանը Հայաստանում ներդրումային հնարավորություններ տեսնել ամերիկյան ընկերությունների համար:

«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մենք այս տարի հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյա հոբելյանն ենք նշում: 25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերով էի զբաղվում, շատ լավ եմ հիշում այդ ժամանակները: Ձեր մեջ էլ կարծում եմ կան այն տարիքի մարդիկ, ովքեր կհիշեն, որ անկախության առաջին տարիներին Հայաստանում էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր: Հոսանքի անջատումները կանոնավոր բնույթ ունեին: Մարդիկ ծառեր էին հատում, որպեսզի տները ջեռուցեին: Իրական ճգնաժամ էր: Սակայն Հայաստանը մթության ու սղության առաջ տեղի չտվեց, այլ բարեկամների ու գործընկերների օգնությամբ, ինչպիսին է՝ Միացյալ Նահանգները, կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալ սեփական կարիքները, և դեռ ավելին, կարող է արտահանել էլեկտրաէներգիայի ավելցուկը», - ասաց դեսպան Միլսը:

Նա ընդգծեց էներգետիկ դիվերսիֆիկացման ու կանաչ էներգիայի արտադրությունը խրախուսելու ուղղությամբ  կառավարության արժեքավոր աշխատանքը, այդ թվում և հունվարին կազմակերպված Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը: Դեսպանը նաև նշեց այս ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի գործակցության մասին, մասնավորապես՝ անցած ամիս հայաստանյան պաշտոնյաների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպված ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որտեղ նրանց ներկայացվեց արևային էներգիայի արտադրության լավագույն փորձը:

Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու և Հայաստանում առկա գործարար հնարավորություններին ծանոթանալու համար ներկայացուցիչներ էին գործուղել յոթ ամերիկյան ընկերություններ՝ Հանիվել Բիլդինգ Սոլյուշենս, Հանիվել Սմարթ Էներջի, ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ, Ֆերսթ Սոլար Փաուեր Սոլյուշենս, Կատերպիլար, Ջեներալ Էլեկտրիկ և Կոնտուր Գլոբալ: Համաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Գերմանիայի զարգացման KfW բանկի, Ամերիա բանկի, շվեյցարական Meeco Group-ի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները:  

«Առաջնորդելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման և էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ կառավարությունը մշակել և ներդրել է մեխանիզմներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող և արևային էներգիայի աճին Հայաստանում: Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում», - ասաց դեսպան Միլսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter