HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ընկերությունները նվազագույն շարժակազմով ընդլայնում են թռիչքների ցանցը

Այսօր «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի Երեւան-Թել Ավիվ առաջին ուղիղ չվերթը: Թռիչքը նախատեսված է 17:55-ին, վայրէջքը՝ 20:25-ին, այսինքն՝ ուղեւորությունը կտեւի 2 ժամ 30 րոպե: Վերադարձը նախատեսվում է Երեւանի ժամանակով 21:40-ին, վայրէջքը՝ կեսգիշերն անց՝ 00:05-ին: Դեպի Թել Ավիվ թռիչքները կիրականցվեն ամեն հինգշաբթի եւ կիրակի:

Ներկայում Թել Ավիվը «Արմենիայի» 4-րդ ուղղությունն է: Հիշեցնենք, որ ավիաընկերությունը թռչում է նաեւ դեպի Միներալնիե Վոդի, Վորոնեժ, Բեյրութ: Մինչեւ վերջերս օպերատորը թռչում էր նաեւ Թեհրան: «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, սակայն, որ, մասնավորապես, ապրիլի 24-ին ու 27-ին նախատեսված չվերթները դեպի Իրանի մայրաքաղաք չեղարկվել են:

Ընդ որում՝ այս բոլոր ուղղությունները շահագործում է ընկերության տրամադրության գտնվող միակ ինքնաթիռը՝ EK-73736 համարով «Boeing 737-500»-ը: Ընկերության մյուս օդանավը, որը նոր սերնդի է ու ավելի թարմ, ի սկզբանե շահագործվել է «Georgian Airways»-ի կողմից: Aerotransport.org ավիացիոն հարթակից տեղեկանում ենք, որ վերջերս «Boeing 737-700» ինքնաթիռը փոխել է գրանցման հայկական՝ EK-73786 համարը եւ դարձել վրացական՝ 4L-TGO: Այսինքն՝ մտել է Վրաստանի օդանավերի ռեգիստր, որի կայքում այս պահին դեռեւս չի երեւում:     

Հայկական մյուս ավիափոխադրողը՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվող «Տարոն-Ավիան», ապրիլի 25-26-ից սկսել է թռիչքները ռուսական ուղղություններով՝ Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սամարա:

Այս քաղաքները Գյումրուն եւս կապում է մեկ օդանավ՝ EK-73797 համարով «Boeing 737-500»-ը: Ընկերության մյուս երկու նմանատիպ օդանավերը (EK-73775, EK-73772) շարունակում են թռիչքները սուդանական «Badr Airlines»-ի շարժակազմում: Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիայի» հիմնադիր Գառնիկ Պապիկյանը հայտարարել է, որ երբ հունիսից սկսեն թռիչքները դեպի Մոսկվա ու Սոչի, Հայաստան կբերեն նաեւ երկրորդ ինքնաթիռը:    

Լուսանկարում՝ «Արմենիայի» օդանավը՝ Բեյրութում (ընկերության ֆեյսբուք էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter