HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զովք գյուղում վերջին 20 տարիներին դրական փոփոխություններ չեն հիշում

Կոտայքի մարզի Զովք գյուղում վերջին 20 տարիներին տեղի ունեցած փոփոխությունների մասին երբ գյուղացիներին հարց ես ուղղում, երկար մտածելուց հետո թվարկում են բացասական իրողությունները:

Գյուղը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, բայց քանի որ արոտավայրեր չունեն, ֆերմերային տնտեսություններ չեն ստեղծվում, գյուղացիները քիչ թվով անասուն են պահում, եւ համայնքը հետզհետե աղքատանում է: Համայնքապետարանի աշխատակիցներն ասում են, որ համայնքի հողերը քիչ են, եղածն էլ իր գոյությունը դժվարությամբ պահող համայնքից վերցնում-տալիս են հարեւան գյուղերին: Այդպես եղավ  1993 թ., երբ 600 հա խոտհարքը Զովքից վերցրել են ու տվել հարեւան Գեղաշեն համայնքին: Այժմ Զովքը 84 հա խոտհարք ունի: 

2009 թ. գյուղի վարչատարածքին ամրակցված երկրորդ հատվածի հողերից 1039 հա վարելահող Կամարիսի վարչական տարածքին է հանձնվել: Չնայած դրանք արդեն սեփականաշնորհվել էին Զովքի բնակիչներին, սակայն հողի հարկը նրանք վճարելու են հարեւան Կամարիսի համայնքային բյուջե: 

Զովք համայնքի ղեկավար Թորգոմ Հովհաննիսյանն ասում է, որ իրենց համայնքից Կամարիսին երկրորդ հատվածի հողերը տրվել են Կառավարության 2005 թ. որոշման հիման վրա, համաձայն որի` 2-րդ հատվածի հողերը պետք է տալ այն գյուղին, որին հողատարածքն ավելի մոտ է: «Դա պետության որոշումն է եւ մենակ մեր գյուղին չի վերաբերում: Կոտայքի մարզում 7 համայնք կա, որոնցից հողերը վերցրին եւ տվեցին հարեւան համայնքին, օրինակ` Բալահովիտը, Հացավանը, Նոր գյուղը եւ այլն: Դե, դա պետության, կառավարության բանն է, մեզ չեն էլ հարցրել, թե դրա մասին ինչ կարծիքի ենք»,- ասում է Թ. Հովհաննիսյանը:

«Ուրեմն այս շենքի տակից, գերեզմանոցի կողքից սկսվում են Կամարիսի հողերը, թող դրանք էլ մեզ տան»,- ցույց տալով այդ տարածքը` ասում է գյուղացիներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: 

Կոտայքի մարզպետարանի Հողաշինության եւ հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը Զովքից այդ տարածքը վերցնելը բացատրում է 2003 թ. Կառավարության ընդունած հայեցակարգով եւ Կառավարության 2005 թ. որոշումով: Այն է` պետական սեփականության հողերը տրվել են համայնքներին, իսկ վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը, մասնավորապես՝ երկրորդ հատվածները, ամրակցվել են այն համայնքների վարչական տարածքին, որոնց սահմանակից էին: Իսկ վիճահարույց հողատարածքը սահմանակից է ոչ թե Զովքին (Զովքի հետ սահման չունի), այլ Կամարիսին: Այդ հողատարածքի մի մասը պետական սեփականության հող էր, մյուս մասը սեփականաշնորհված էր:  Լ. Պետրոսյանի խոսքով` պետությունն է որոշում, թե իր հողը որ վարչական տարածքում ներառի: «Այդ տարածքը եղել է պետական սեփականություն: Համայնքի վարչատարածքում դա երբեք հաշվարկված չի եղել,- ասում է Լեւոն Պետրոսյանը եւ անդրադառնում սեփականաշնորհված մասին,- այդ մասով պետությունը միշտ համայնքին դոտացիա է տվել»: Նաեւ շեշտեց, որ Կամարիսին տրված հողատարածքի հարկը ընդամենը 63 հազար դրամ է կազմում, որը գյուղի համար վճռորոշ չէր կարող լինել:

2009-2012 թթ. գյուղի քառամյա զարգացման ծրագիրը իրագործելու հեռանկար չկա: Հիմնականում հողի եւ գույքի հարկից գոյացող համայնքի բյուջեն 21 մլն դրամ է, որից 9 մլն-ը պետական դոտացիան է: Այս գումարով միայն համայնքապետարանի 9 աշխատողների աշխատավարձն են վճարում: Ոչ մի ծրագիր համայնքում չի իրագործվում: «Քառամյա ծրագիրը թղթի վրայի ծրագիր է, դու պետք է ունենաս գումար, որ կարողանաս ծախս անել: Նպատակն այլ բան է, իրագործումն` այլ»,- ասում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Անգին Առաքելյանը: Միակ նախագիծը, որ կարողացել են իրականացնել վերջին մեկ տարում, նոր թաղամասում 600 մետր ջրագծի անցկացումն է:

Արդեն երեք տարի է` պետական միջոցներով սկսվել է գյուղի մշակույթի տան կառուցումը, բայց դեռ միայն հիմքերն են գցված: Պատերն այդպես էլ չեն բարձրանում: «Բացատրում են, որ ֆինանսավորում չկա, ճգնաժամ է»,- ասում է համայնքապետարանի հաշվապահ Նորիկ Գեւորգյանը: 

Զարգացման ծրագրում ներառված մանկապարտեզի շենքի կառուցումը, գյուղի փողոցների ասֆալտապատումը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում:  Զովքի մանկապարտեզը 15 տարի է՝ չի գործում շենքի վթարայնության պատճառով: Մինչդեռ 1 տարեկանից մինչեւ նախադպրոցական տարիքի 85 երեխա կա գյուղում: Որոշ ընտանիքներ, որոնք հնարավորություններ ունեն, երեխաներին տանում են Երեւանի մանկապարտեզներ:

Չնայած Զովքում է գտնվում կաթնամթերք արտադրող «Չանախ» գործարանը, սակայն այն գյուղացիներին աշխատատեղով չի ապահովում, ընդամենը 3 հոգի է այնտեղ աշխատում: Գյուղացիների ասելով՝ գործարանից որեւէ օգուտ չեն ստանում, անգամ կաթը նախընտրում են Երեւանում վաճառել, քանի որ այնտեղ 250 դրամով են իրացնում, իսկ գործարանը 110 դրամով է կաթը մթերում:  Գյուղում ձեռնարկատիրական այլ հաստատություններ չկան: Անգին Առաքելյանն ասում է, որ նույնիսկ խանութ չունեն, որտեղից առեւտուր կարողանան անել եւ դրա համար Երեւան չհասնեն:

«Հողերը եթե չվերցնեին, գյուղացիների վիճակը կբարելավվեր, աշխատող ժողովուրդ են, երկու անասուն ավել կպահեին, կկարողանային գոյատեւել»,- ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Ալիկ Գեւորգյանը: «Ընտանիքներ կան, որոնք դռները փակել, գնացել են, որովհետեւ 4-5 շունչ չեն կարող պահել գյուղում»,- ավելացնում է աշխատակազմի քարտուղար Անգին Առաքելյանը: 870 բնակիչ ունեցող Զովք գյուղում 108 աշակերտ կա, եւ ընդամենը 5 առաջին դասարանցի: Որոշ դասարաններ արդեն միավորել են:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter