Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Մետաղ որոնողների թիրախում Սյունիքի մարզն է. ոսկի են փնտրում կանայք



Սյունիքի մարզը բազմամետաղներ որոնողների թիրախում է: Այս օրերին երկու ընկերություն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Սյունիքի մարզի մետաղական հանքավայրերի տարածքներում երկրաբանական ուսումնասիրությունների և բազմամետաղների որոնողական աշխատանքների նախագծեր: Բացի դրանից, ևս 10 երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք արդեն իսկ տրամադրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: 

Ոսկի որոնող կանայք

Արևիսի բազմամետաղների հանքային դաշտում որոնողական աշխատանքներ կատարելու մտադրություն ունի «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ն: Հանքավայրն ընկած է Արևիս համայնքի հարավային ծայրամասում, ինչպես նաև Թասիկ և Բնունիս համայնքների շուրջ 8 քկմ կազմող տարածքում: Տեղամասն ընկնում է Սիսիան գետի աջակողմյան վտակների միջին հոսանքներում: Նախագծում նշվում է, որ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ:

Ուսումնասիրության արդյունքում ընկերությունը նախատեսում է գնահատել և հաշվարկել Արևիսի հանքային դաշտում ոսկու և դրան ուղեկցող մետաղների պաշարները:

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է. գրանցվել է 2016 թ.-ի ամռանը: Խոշոր բաժնետերերը կանայք են՝ 32-ամյա Էմմա Տիգրանի Վասիլյանը և 35-ամյա Էլիզա Մարզպետի Եղիազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 40 %-ին: Մնացյալ 20 %-ի բաժնետերը Արցախի Բերձոր քաղաքում գրանցված Սամվել Ռաֆայելի Մակարյանն է:

Արևիսի տեղամասը Շամբի տեղամասը

Նույն եռյակի կողմից նույն ժամանակահատվածում հիմնադրված «Մետալս մայնինգ գրուպ» ՍՊԸ-ն էլ հայտ է ներկայացրել Սյունիքի մարզի Շամբի բազմամետաղների հանքային դաշտի տարածքում ուսումնասիրություններ կատարելու համար: Եռյակը նույն չափաբաժիններով մասնակցություն ունի նաև «Մետալս մայնինգ գրուպ» ՍՊԸ-ում: 

Շամբի բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Դարբաս գյուղից շուրջ 2 կմ հյուսիս՝ ընդգրկելով Լծեն, Որոտան և Շամբ գյուղերի արևմտյան տարածքները:  

Բացի վերոնշյալ որոնողահետախուզական հայտերից, ապրիլի 1-ի դրությամբ, ինչպես նշեցինք վերևում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք տրամադրվել է նաև 10 այլ տեղամասերի համար: ՀՀ բոլոր մարզերի համեմատությամբ Սյունիքի մարզը այս առումով ռեկորդ է սահմանել:

Ստորև պատկերել ենք ՀՀ ընդերքում մետաղներ որոնելու համար տրամադրված 23 երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաների բաշխվածությունը՝ ըստ մարզերի: 

Մայիսի 29-ին Տոլորսի համայնքապետարանում, իսկ մայիսի 30-ին Թասիկի համայնքապետարանում տեղի են ունենալու այս ընկերությունների ներկայացրած նախագծերի հանրային քննարկումները:

Էմմա Վասիլյանի և Էլիզա Եղիազարյանի լուսանկարները վերջիններիս ֆեյսբուքյան էջերից: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ