HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյան. «Համայնքների հետ աշխատանքում գործելու է «ավելիին՝ ավելի» սկզբունքը»

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ  Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որին մասնակցում էին  համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, մարզային տարբեր կառույցների ներկայացուցիչները:

Նախարարին զեկուցվել է համայնքների բյուջեների կատարման և  սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման, մարզային ներդրումային ծրագրերի, «Մաքուր Հայաստան»  ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մասին: Մարզխորհրդի նիստում ներկայացվել է նաև  գյուղատնտեսական ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել  մարզպետին և համայնքների ղեկավարներին՝ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մարզը 2017 թվականին կունենա առավելագույն  ցուցանիշներ:

Միաժամանակ նախարարը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նոր տեսլականը. «Ձեր մարզը եզակիներից է, որը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ իր սեփական եկամուտների 18 % պլանային աճ է ֆիքսել և դա ամրագրված է կառավարությունում:  Տեղեկացնեմ, որ այն համայնքապետերը, ովքեր չարչարվում են և իրենց բյուջեներն ավելացնում են, որոնք ջանք են թափում, որ իրենց սեփական եկամուտները հավաքագրվեն, աշնանը ֆինանսավորման պարագայում  ստանալու են լրացուցիչ միջոցներ: Համանքների հետ աշխատանքում գործելու է «Ավելիին՝ ավելի»  սկզբունքը»:  Դավիթ Լոքյանն այս համատեքստում կարևորել է նաև այն  օրենսդրական փոփոխությունները, որոնք արվելու են  համայնքային բյուջեներն ավելացնելու համար: Նախարարը հորդորելէ  համայնքների ղեկավարներին ակտիվացնել աշխատանքները և ներկայացնել նոր ծրագրեր:

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին: Արդեն խոշորացված  համայնքներում իրականացված աշխատանքների մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելով, Դավիթ Լոքյանն ասել է. «Կա համայնք, որն ունի 400-500 բնակիչ և խոսում ենք շատ մեծ բաներից: Խոսում ենք տնտեսական ծրագրից, խոսում ենք ներդրումային ծրագրից: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ այդ կարգի համայնքը  տրամաբանորեն, մարդկային կապիտալի տեսանկյունից չի կարող այդ կարգի աշխատանքներ իրականացնել: Այսօր մեր խոշորացված յուրաքանչյուր համայնքում  առնվազն 60 -125 մլն դրամ առանձնացված է կապիտալ ծախսերի համար:Եվ պետությունն էլ հիմնականում իր օժանդակությունն ուղղելու է այդ համայնքներ»:

Նախարարն անդրադարձել է նաև կրթության և առողջապահության ոլորտներում առկա հիմնախնդիրներին,  մարզից ստացված ներդրումային ծրագրերին, մի շարք  հանձնարարականներ տվել:

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն էլ ներկայացրել է «Մաքուր Հայաստան»  ծրագրի շրջանակում արված և անելիք աշխատանքները, խոսել համայնքների բարեկարգման, զարգացման իրատեսական ծրագրերի կազմման անհրաժեշտության եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով կրթության և առողջապահության ոլորտներին, մարզետը նշել է, որ դրանք իրենց ամենօրյա ուշադրության ներքո են: Պարբերաբար ուսումնասիրություններ  են արվում տարբեր ոլորտների պատասխանատուների  հետ կազմակերպվում են քննարկումներ, տրվում են հանձնարարականներ:

Մարզխորհրդի նիստի ավարտին նախարար Դավիթ Լոքյանն ու մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարզաբանումներ են տվել համայնքապետերին հուզող հարցերի շուրջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter