HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 մլն-ի փոխարեն՝ 16 մլն. քաղաքապետարանը կրճատել է ծախսերը

նյութի աղբյուրը՝ Ասպարեզ

Դերերի փոփոխություն. ուշանում է գումարի հատկացումը

Գյումրու քաղաքապետարանը շարունակում է չհրապարակել համատիրությունների ենթակայությամբ գործող այն շենքերի ցանկը, որոնց կտուրներն ու մուտքերն այս տարի համայնքի բյուջեով վերանորոգվելու են:

Իսկ արդեն 3 ամսից ավել կիսավեր շենքերի բնակիչները սպասում են՝ հույս ունենալով, որ իրենց շենքի կտուրն էլ է վերանորոգվելու:

2013-2016 թվականներին քաղաքապետարանը նման ցուցակները հրապարակում էր ավելի վաղ՝ փետրվար-մարտ ամիսներին, ցուցակն ու անմխիթար վիճակում հայտնված շենքերի մուտքերի ու կտուրների վերանորոգման ծախսերի հարցը ավագանու օրակարգ էր ընգրկվում: Ամեն տարի մոտ 20-25 մլն ՀՀ դրամ էր հատկացվում այս աշխատանքների համար, թեպետեւ բնակիչներից ոչ բոլորն էին գոհ աշխատանքների արդյունքից:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի նորանշանակ պետ Վարդգես Սամսոնյանը այսօր՝ մայիսի 17-ին, «Ասպարեզի» հետ զրույցում նորից հավաստիացրեց, որ համայնքի բյուջեով վերանորոգվող եւ հիմնանորոգվող շենքերի ցանկը ներկայում մշակման, կազմման փուլում է, աշխատում են կաշխատեն հարցը առաջիկա ավագանու օրակարգ ընդգրկել: Վ.Սամսոնյանը, ի դեպ, նույն պատասխանը տվել էր նաեւ 2 ամիս առաջ, սակայն հարցն այդպես էլ ավագանու նիստի օրակարգ չնդգրկվեց:

Պաշտոնյան նաեւ փոխանցում է, որ կրճատվել է այս նպատակով համայնքի բյուջեից հատկացված գումարի չափը: 20 մլն-ի փոխարեն հատկացվելու է 16 մլն դրամ, ծրագիր են ընդգրկվելու համեմատաբար անմխիթար վիճակում հայտնված շենքերը:

Նախկինում այս աշխատանքներն համակարգում եւ, այսպես ասած, ղեկավարում էր քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետը՝ այսօր արդեն նախկին պետ Շիրակ Շահնազարյանը, ում խոսքը օրենք էր համարվում համատիրությունների նախագահների համար եւ ժամանակին կատարում էին Շիրակ Շահնազարյանի՝ ոստիկանության  նախկին աշխատակցի պահանջները: Այս աշխատանքները կազմակերպում էր նաեւ համայնքի ավագանու սոցիալական հարցերով զբաղվով մշտական հանձնաժողովը, որի նախագահը ավագանու անդամ Մխիթար Սահակյանն էր:

Այսօր որոշակիորեն փոխվել են այս դերերը: Շ.Շահնազարյանը նախորդ տարվա հոկտեմբերից այլեւս չի աշխատում Գյումրու քաղաքապետարանում, համատիրությունների մոնիտորինգի բաժինն էլ միավորվեց համայնքային գույքի հաշվառման եւ կառավարման բաժնին՝ դառնալով  բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժին:

Դեռեւս պարզ չէ, թե համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովն այստեղ անելիք ունենալու է, թե ոչ, (հանձնաժողովի նախագահը կրկին Մխիթար Սահակյանն է), քանի որ քաղաքապետարանի նորաստեղծ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը եւս իրավունք ունի կազմակերպչական աշխատանքներ իրականացնել:

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter