HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառողները դժգոհում են գազի շուկայում Վանաձորի ԱԳԼՃԿ-ների մատակարարած գազի որակից, գնից և մենաշնորհից

«Մենք կառավարության հանձնարարությամբ հիմա մեր ուշադրությունը բևեռել ենք ԱԳԼՃԿ-ների գործունեությանը: Հանրապետության բոլոր, այդ թվում նաև` Վանաձորի ԱԳԼՃԿ-ներում, արդեն մեկ շաբաթ է` ստուգումներ են սկսված: Կառավարությունը խստորեն պահանջում է հետևել սպառողների շահերի պաշտպանությանը», - երեկ՝ մայիսի 17-ին «Հետքին» հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնակատար Վահագն Դավիթավյանի տվյալներով` Վանաձորում գործում են գազի սպասարկման 8 ԱԳԼՃԿ-ներ: «Համայնքի ավագանու մարտի 31-ի արտահերթ նիստի որոշմամբ` 2017թ. սահմանվել է ԱԳԼՃԿ-ների տարեկան 200 հազար դրամ տուրք, նախորդ տարվա 250 հազար դրամի փոխարեն», - հայտնեց Վահագն Դավիթավյանը:

Ու մինչ համայնքի բյուջեին վճարվող ԱԳԼՃԿ-ների տուրքերը Վանաձորում նվազեցվում են, վարորդները դժգոհում են այստեղ մատակարարվող գազի որակից, թանկ գներից և մենաշնորհից:

Գազի սպասարկման մենաշնորհը, ըստ վարորդների և գազալցակայնների աշխատողների, գտնվում է «Սեզամ գազ» ՍՊԸ-ի ձեռքում: Վահագն Դավիթավյանը, սակայն, տեղյակ չէր այդ մասին: «ԱԳԼՃԿ-ների սեփականատերերի փոփոխության մասին քաղաքապետարանում տեղեկանում ենք հաջորդ տարվա սկզբին», - ասաց նա:

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` Արմեն Մխոյանը «Սեզամ գազ» ՍՊԸ-ի ամբողջ բաժնետոմսերի սեփականատեր է գրանցվել 2016թ. նոյեմբերի 30-ին: Մինչ այդ «Սեզամ գազ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը գրանցված են եղել Արմեն Մխոյանի աներձագ Ջոն Հովհաննիսյանի անունով: Ավելի վաղ «Սեզամի» բաժնետոմսերի սեփականատեր է եղել նաև Երևանի Ներսիսյան փողոցում գրանցված Արտավազդ Գյուկչյանը:

Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն` «Սեզամ գազ» ՍՊԸ-ին հովանավորում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը: Արմեն Մխոյանը Վաչե Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ բաժնետերեր են «Մազես» ՍՊԸ-ում: «Մազես» բառը հակառակ կողմից կարդացվում է սեզամ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թեկնազորի պետի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, նաև Մոտկորի ոսկու և արծաթի հանքային պաշարներին հավակնող «Վիկտորիա սիլվեր» ընկերության սեփականատերերից էր:

Մայիսի 11-ին մարզկենտրոնում մեր այցելած գազի 4 լցակայաններից 3-ը պատկանում էր «Սեզամ գազ» ՍՊԸ-ին:

«Հա, Վանաձորի գազի բոլոր լցակայաններն իրենն են: Ինչքան գիտեմ, երկու հատ գազի լցակայան է, որ իրենը չի: «Սեզամ գազը» միալար գազի բոլոր լցակայանները գնում է, միալար էտենց գազը ծախում է մի գնի տակ: Իմ տեղեկություններով էս գազի լցակայանն էլ է իր սեփականը: Այն Արմեն Մխոյանը մի երկու տարի առաջ սարքեց, ծախեց, հետո նորից մեկ ամիս առաջ հետ վեր կալավ», - «Տարոն-2» թաղամասի գազի լցակայանի մասին ասաց Վարուժան Քարհանյանը: Այս լցակայանը գտնվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի խաչմերուկում: Վանաձորի բոլոր լցակայաններում 1 խմ գազը վաճառվում է 180 դրամով:

Նարեկացի 30 հասցեում գտնվող «Սարջոն» ՍՊԸ-ի լցակայանի դիսպետչերից տեղեկացանք, որ «Սարջոնի» լցակայանը Արմեն Մխոյանը նույնպես մեկ ամիս առաջ է գնել: «Սարջոնի» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը, համաձայն պետռեգիստրի, այս պահի դրությամբ վանաձորցի Մխիթար Մաթևոսյանն է, սակայն նրա բաժնեմասի վրա 2011թ. նոյեմբերի 11-ից արգելանք է դրվել:

Երրորդ թաղամասի Նարեկացի 67 գ հասցեում գտնվող «Սեզամ գազ» ՍՊԸ-ի գազի լցակայանում մեզ խուճապով ընդունեցին:«Սպասեք, տեղյակ պահենք մեր ղեկավարությանը, սա մասնավոր հիմնարկ է, պետք է թույլտվություն ստանաք այստեղ աշխատելու համար», - բացատրեց  40-ին մոտ բարձրահասակ մի տղամարդ, ով ըստ ամենայնի լցակայանի պատասխանատուներից էր: Նա իր ազգանունն ու պաշտոնը հրաժարվեց  հայտնել:

Մոտ 15 րոպե անց տղամարդն իր ձեռքի հեռախոսը մեկնեց ինձ:«Ուզում են Ձեզ հետ խոսել»,- ասաց«Սեզամ գազ» ՍՊԸ-ի տերը՝ Արմեն Մխոյանն էր: Վերջինիս խնդրեցի հանդիպել. «Ես քաղաքից դուրս եմ, չեմ կարող Ձեզ հանդիպել: Ինչ է Ձեզ հետաքրքրում իմ լցակայաններում», - հարցրեց: «Որն է Ձեր  հաջողությունների պատճառը», - ասացի:

«Ես իմ շահույթի կեսը ներ եմ դնում գազը մաքրելու համար: Ուրիշները այդ ներդրումը չեն անում, այդ պատճառով էլ վարորդներն իմ լցակայաններից գոհ են լինում: Ես գազը մի քանի անգամ մաքրում եմ, ուրիշ գաղտնիք չունեմ: Մնացածը իմ կոմերցիոն գաղտնիքն է»,- բացատրեց  Արմեն Մխոյանը:

Այլ հարցերի Ա.Մխոյանը հրաժարվեց պատասխանել: Նկատեցինք, որ «Սարջոնի» և Վանաձորի 3-րդ թաղամասի Նարեկացի 67գ հասցեում գտնվող «Սեզամ գազ» ՍՊԸ-ի լցակայաններում սպառողների 7 տոկոս զեղչեր են գործում:

Վարորդ Վարուժան Քարհանյանը պատմեց, որ իր ավտոմեքենան Նարեկացի 30 հասցեում գտնվող  լցակայանում է լիցքավորում: «Էնտեղ տանից մոտիկ ա, առավոտը լիցքավորում եմ ու գալիս: Հարմար է և գազի որակը: Օրինակ՝ մի անգամ Էջմիածնում ավտոմեքենաս լիցքավորեցի: Որ «Սեզամում» իմ 13 խմ տարողության բալոնի միջին գինը բռնում էր ամենաշատը 2600 դրամ, դրսում շատ է բռնում: «Սեզամի» գազի որակից էս վերջերս եմ գոհ: Առաջ էդքան խտություն չուներ», - ասաց Վարուժանը:

Ավտոկայանում հավաքված տաքսիստերի կարծիքը Վանաձորի ԱԳԼՃԿ-ների գազի մատկարարման մասին դրական չէր: «Գազի որակը վատացել է: Գազը քչացել, փողը շատացել է: Քաղաքի որ լցակայանում ուզում ես, լցրու», - դժգոհեց Գ-ն: Մեր զրուցակիցը չէր ուզում` ազգանունը հոդվածում գրվեր։

«Սեզամում լիցքավորում ե՞ք»,- հարցրի: «Լյուբոյ տեղ: Ամեն տեղ էլ գազ քիչ են լցնում, գումարը շատ են վերցնում: Չգիտեմ, որտեղ ինչ ա: Գումարը մեզ մոտ էլի կարա քիչ լինի, բայց փողը շատ է գնում», - բացատրեց Գ-ն:

Տաքսիստ Աշոտ Ղարիբյանի խոսքով` գազն ընդհանրապես որակ չունի։ «Մի բալոնի մեջ թանկացել է 500 դրամի: Բալոնի տարողությունը կապ չունի: Ասենք՝ ես միշտ լցրել եմ պոլնի բալոն, գումարը կազմել է 3200 դրամ, հիմա բռնում է 3700 դրամ: Այսինքն 500 դրամ թանկացել ա: Համարյա ամեն տեղ նույնն է: «Սեզամը» ամենալավ լցակայանն էր, «Սեզամն» էլ է փչացել», - դժգոհեց Աշոտը:

«Եթե Գ-ն ճիշտ ինֆորմացիա հաղորդի, հետն էլ նկարվի, էգուց, էլօր կարդացողներից ում դուր չգա ասելու են Գ-ն բարոյականությունից զուրկ է: Դրա համար Գ-ն չի ուզում նկարվի», - ընկերոջը պաշտպանեց Աշոտը:

Վարշամ Երանոսյանը միջհամայնքային գազել է քշում: «Ես թոշակառու մարդ եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, իշի պես բնացնում են, առանց կոպեկի: Ես էլ եմ գազի լցակայաններից դժգոհ: Խի մենակ Վանաձորում է գազի սպասարկումը վատ, ամեն տեղ էլ նույնն է: Նոքյար Սիմոնն ենք դարձել էստեղ», - ասաց Վարշամը:

«Վանաձորում գումարը քիչ է, քան մյուս տեղեր: Ալավերդին ու Սպիտակը սարսափելի են: Մանավանդ Ալավերդին: Ալավերդիում իմ բալոնս բռնեց 4500 դրամ: Բալոնիս տարողությունը 1,6 է խ.մ. է», - ասաց Աշոտը:

Իջևանի երթուղային գազելի վարորդ Վարդգեսը, ով սրտնեղած էր այդ օրը ուղևոր չունենալու պատճառով, ասաց. «Էս քաղաքում բոլոր լցակայանները մի հոգու է, խի չպետք է էտենց լինի: Լցակայանների տերերը տարբեր մարդիկ պետք է լինեն, որ մրցակցություն լինի»:

Վանաձորցիներից մեկը, ով տարիներ առաջ աշխատել է գազի լցակայններից մեկի տնօրեն, մեզ տեղեկացրեց, որ «Սեզամ գազ» ՍՊԸ-ն անվճար գազ է ստանում մարզի տարածքով անցնող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ «Տրանս գազ» ՍՊԸ-ի գազատարներից ու այդ պատճառով կարողանում է, մյուս գազալցակայնների համեմատ, գազը  էժան և զեղչերով վաճառել:

«Սեզամ գազ» ՍՊԸ-ի գազի անվճար մատակարարմանն առնչվող տեղեկատվություն խնդրեցինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնական գազի բաշխման գործունեությունը կարող է իրականացվել միայն Հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիայի առկայության դեպքում: Ընկերությանը տրված բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում բնական գազի բաշխումն սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (իր համապատասխան տարածքային մասնաճյուղերի միջոցով)», - հայտնել է ընկերության հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի ծառայության գլխավոր մասնագետ Միխայել Հարությունյանը:

Վերջինս խուսափել էր «Սեզամ գազ» ՍՊԸ-ին «Տրանս գազից» անվճար գազ մատակարարելու մեր հարցի ուղիղ պատասխանից: Այս և մեր այն հարցին, թե արդյոք 1 խմ գազի նույն գինն է առաջարկվում Վանաձորի ԱԳԼԿՃ-ներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայության գլխավոր մասնագետը պատասխանել է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթները (ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության մասով), ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ և 1164-րդ հոդվածների համապատասխան դրույթները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հնարավոր չի գտնում Ձեր 12.05.2017թ. գրությանը պատասխանել Ձեր ներկայացրած ձևաչափով»:

Մինչ այդ շուկայի վերահսողության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հետքին» վստահեցրեց, թե կառավարության հանձնարարությամբ հանրապետության ԱԳԼՃԿ-ների ստուգումներից հետո, գազի սպառողների սպասարկումը լավանալու է:

Մեկնաբանություններ (1)

Նարինե
Հետաքրքիր է, Վանաձորում կա վարորդ, ով օգտվել է 7% զեղչից. էս թուղթն ա պետք, էն թուղթը, պիտի հաշվապահություն գնաք, եսիմ ինչ. էդքան գնամ-գամ, զեղչից էլ ավելի գազ կծախսեմ. ահա թե որն է մխոյանի բիզնեսի հաջողության գաղտնիքը. շատ լավ հաշվարկ է արել. թեև պարզ է ում ոտքի տակ է շան գլուխը. այնտեղ, որտեղ մենաշնորհ է, ամենաթողությունն անխուսափելի է. իսկ վանաձորցի վարորդն այսօրայլընտրանք չունի.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter