HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորն անփոփոխ թողեց Արարատ Խանդոյանի խափանման միջոցը

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, մերժեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի` խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրեց նաև դատավորի բացարկի միջնորդություն՝ պնդելով, որ դատավորը կատարում է հերթական քաղաքական պատվերը և խախտում Արարատ Խանդոյանի արդար դատաքննության իրավունքը:

«Դուք ձեր գործողություններով ապացուցում եք, որ հանդես եք գալիս որպես մեղադրանքի կողմ, ձեր նկատած դատավարական խախտումները ներկայացնում են, որ դուք կողմնակալ վերաբերմունք ունեք և կաշկանդված եք սույն քրեական գործով, այլապես կառաջնորդվեիք օրենքով և դատավորի վարքագծի կանոններով»,- հայտնեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Մնացական Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատավարության այս փուլում բացարկի միջնորդությունը քննելու ենթակա չէ: «Դատավորը կատարում է ապօրինի գործողություններ, որոնք հրամայված են Բաղրամյան 26-ից: Լինելով դատավոր»,- հայտնեց Խանդոյանը:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել վկաներից երկուսի ցուցմունքն ապօրինի համարելու վերաբերյալ, ինչպես նաև Աշոտ Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին վկայություն տալու համար դատարան հրավիրելու մասին: Դատախազն իր կարծիքի մեջ նշել էր, որ ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման: Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը նույնպես մերժեց ներկայացված միջնորդությունները՝ պատճառաբանելով, որ քրեական գործի հետ անմիջական կապ չունեն:

«Շինծու քրեական գործ են սարքել: Արդեն 10 հոգու դատապարտել են այդ գործով, տեսաձայնագրությունում ԱԺ պատգամավորն ասում է, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները կատարել անօրինական գործողություններ: Իսկ դատախազի այն կարծիքին, թե ինչ կապ ունի՝ ինձ ոստիկաններն են բերման ենթարկել, թե ԱԱԾ-ի աշխատակիցները, պարզ երևում է, որ ոստիկանության աշխատակիցները կեղծ ցուցմունքներ են տվել»,- միջնորդությունը ներկայացնալու ժամանակ հայտնեց Խանդոյանը:

Խանդոյանը նշեց նաև, որ ինքը նույնպես բախումների ժամանակ վնասվածք է ստացել, սակայն գլխացավերի համար ստուգման չեն տանում՝ պատճառաբանելով, որ պատերազմի ժամանակ կանտուզիա ստանալու պատճառով է:

«Նայեք մորս, տեսեք՝ ինչ է դառել, ձեր ապօրինությունների պատճառով: Ձեր սերնդի մասին մտածեք, ձեր թոռներին ի՞նչ եք ասելու: Եթե իմ հանցագործ լինելու փաստը չկա, ինչի եք կալանքի տակ պահում», - մինչ դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալը հայտնեց Ա. Խանդոյանը:

Այսօրվա նիստին դատարան էին ներկայացել նաև ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներ, նրանք հայտնեցին, որ պաշտպանից դիմում են ստացել, ուստի այս գործով դիտարկում են անցկացնլու: Այսօրվա նիստով դատաքննության փուլը ավարտեց, հաջորդ նիստին՝ մայիսի 25-ին, դատախազ Հայկ Պետրոսյանը հանդես կգա մեղադրական ճառով:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter