HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ը կրկին արտոնություն ստացավ

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստան կներմուծի ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումներ։ Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով բավարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած այս նախագիծը։

Նույն արտոնությունը կառավարությունը ընկերությանը տվել էր նաև փետրվարի 2-ին կայացած նիստում։

Նշենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս ընկերությունը հանդիսասում է նաև Գլաձորի հանքավայրը շահագործել պատրաստվող «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ի 75% բաժնետոմսերի սեփականատերը։

«Պայթեցման սարքավորումների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,-ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարներին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանության պետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ընկերության կողմից ներմուծվող ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

Օրեր առաջ անդրադարձել էինք, թե ինչպես է «Գեոպրոմայնինգ»-ը վնասել Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի բնությանը ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ արդյունահանելու ընթացքում, սակայն դրա տեղական մասնաճյուղերը համապատասխան տուգանքների չեն ենթարկվել' տեղական իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ:

Այս ընկերությանը կառավարությունը նաև արտոնություն էր տվել 2010-ին, 2013-ին, բացի այդ վերահսկիչ պալատը 2010-ին առաջարկել էր «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter