HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն որոշել է «Հետքի» հոդվածի հիման վրա քրգործ չհարուցել

Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն հանցադեպ չի գտել. այս հիմքով որոշվել է քրեական գործ չհարուցել: Այս մասին «Հետքին» հայտնեց կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Որոշման հիմքում դրվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ hարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին հոդված էինք հրապարակել Սևանի Նորաշեն գյուղում ապրող Քառյանների ընտանիքի մասին, որն ապաստանել է անասնագոմին կից հացատանը: Քառյանները նոյեմբեր-հունվարի սոցնպաստը չէին ստացել և մեզ հետ զրույցում նշել էին, որ Սևանի տարածքային գործակալության աշխատակից Հուսիկ Ենոքյանը 3 ամսվա «կանխավճար» է ուզել՝ նպաստը դասավորելու համար, սակայն ամուսինները հրաժարվել էին առաջարկից:

Հոդվածից հետո գործակալության պետ Լևոն Պողոսյանը «Հետքին» հայտնել էր, թե ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը՝ ընտանքից գումար չի պահանջվել: Քառյաններն իրենց հերթին մեզ պատմել էին, որ Ենոքյանն այցելել է իրենց ու ասել «էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել»: Սրան նույնպես նրանք չէին համաձայնել: Հարցին, թե ինչ է նշանակում «թյուրիմացություն է եղել», ընտանիքի հայրը՝ Մարատը, պատասխանել էր. «Որ մենք իրենց պահեինք, որ ինքը պաշտոնից դուրս չգար, եթե կաշառակերության համար հոդված ա գնացել իր վրա, ինքը պրոբլեմներ կունենա»: Իսկ Մարատի կինը՝ Արմինեն, պատմել էր, որ հոդվածից հետո իրեն կանչել էին գործակալություն՝ Լևոն Պողոսյանի մոտ. «Ասաց՝ գրի, որ ես՝ էսինչ էսինչյանս, սխալ ա հասկացել լրագրողն իմ ամուսնուն, որ մենք իրար սխալ ենք հասկացել, մենք բողոք չունենք Հուսիկ Ենոքյանի դեմ: Ասացի՝ առաջինը՝ նման բան չեմ գրի, երկրորդն էլ՝ չեմ հրաժարվում էդ ամեն ինչից»:

Հրապարակումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Հետքին» հայտնել էր, որ Սևանի գործակալության պետ Լեւոն Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ տեսուչ Հուսիկ Ենոքյանին խիստ նկատողություն է տրվել: 

Լուսանկարում՝ Քառյանների 4 անչափահաս երեխաներից 5-ամյա Ռաֆայելը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանություններ (1)

ա
Սաղ Սևանը գիտի, որ Հուսիկն էլ, իրա պետն էլ սաղ կյանքը շորթել են աղքատներից գումարները, երբեք աղքատ մարդը փարոսն առանց կաշառքի, այսինքն մի քանի ամսվա նպաստի, չի ստացել։ սրիկաներ, փաստորեն հուսիկն էնքան ա թալանել աղքատներին, որ քննչականին էլ ա կաշառել, որ փակեն գործը։ Չի վայելելու բայց ոչ հուսիկը, ոչ իրանց երեխեքը, ոչ ոք․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter