HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մանկատան տնօրենը 19 քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձևակերպելով`յուրացրել է 46 մլն դրամ

Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ  Մկրտչյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում 19 քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ յուրացրել է 46 մլն դրամ:

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի ֆինանսական չարաշահումների և երեխաների հանդեպ բռնության մասին գործը դատարանում է։ Գործով ցուցմունք է տալիս նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը։ Այս նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատությունները եթե ուսումնասիրվեն, չի բացառվում, որ բոլորում էլ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրվածի նման փաստեր հայտնաբերվեն։ 

Անցած տարի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» նույնպես բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, բայց այդ գործը մնացել է «ստվերում», քանի որ որեւէ կառույց այս կապակցությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել։ Մինչդեռ ԱԱԾ-ն սույն գործի շրջանակում բերման էր ենթարկել մանկատան տնօրենին՝ Հասմիկ Մկրտչյանին։ Սակայն, նա մնացել է ազատության մեջ. քննություն իրականացնող  մարմինը որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությամբ չբացակայելը։

Այս գործի քննության ընթացքի մասին «Հետքի» հարցմանը Քննչական կոմիտեն պատասխանել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող և պետության միջոցներով ֆինանսավորվող՝ Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Ռազմիկի Մկրտչյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում գրանցելով թվով 19 քաղաքացիների, աշխատանքի վայր իրականում վերջիններիս չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ ձևակերպելով՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 46.361.156 ՀՀ դրամ աշխատավարձի և պարգևավճարների գումարներ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականի հուլիսին ստացվել եւ վարույթ է ընդունվել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում գրանցել է տարբեր քաղաքացիների, ովքեր իրականում աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ ձևակերպվել են աշխատավարձ և պարգևավճարներ, որոնք յուրացվել են։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին 2016 թվականի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, որոշումներ են կայացվել նրան պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին, ինչպես նաեւ պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաձեռագրաբանական, դատահաշվապահական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել»:

Այստեղ ուզում եմ մի հարց ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ կառավարության տարբեր կառույցներ (այդ թվում` վարչապետի վերահսկողական ծառայությունը) տարիներ շարունակ ստուգումներ են իրականացնում, ինչու չեն հայտնաբերվում այսպիսի աղաղակող չարաշահումները։  Հարցրե՞լ եք այդ կառույցների ղեկավարներին, չեք կարծո՞ւմ, որ յուրացված գումարների մի մասը հասել է հենց այդ ստուգող կառույցների ղեկավարներին։ Չեք ուզո՞ւմ քանդել այդ կծիկները, կոռուպցիայի դեմ պայքարի ձեր ընտրած ուղին նման քայլեր չի՞ նախատեսում։ 

Մեկնաբանություններ (1)

Vahe
Good question by Edik Baghdasaryan, this is tragic news, and the children are the ones suffering, while donations flood in from around the world.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter