HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկերի ու հասույթի նվազում. բջջային կապի շուկան «ուշքի չի գալիս»

Մինչ հայաստանյան բջջային օպերատորներն ու Մրցակցության հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) հայտարարում են, որ զբաղվում են լիցքավորման թանկացման հարցով, խանութներում և կրպակներում շարունակում են հավելյալ գումարներ գանձել լիցքավորման դիմաց։ Բջջային օպերատորները պնդում են, որ թանկացման հեղինակները դիլերներն են ու դիստրիբյուտորները, որոնք քարտերն հասցնում են վաճառակետեր։ Սակայն, հասկանալի է, որ թանկացման գաղափարը հենց օպերատորներին է, որովհետև վերավաճառքով զբաղվողները՝ նույն դիլերներն ու դիստրիբյուտորները, չէին կարող միաժամանակ նույն չափով թանկացնելու որոշում կայացնել, հետկապես,  երբ խոսքը մի քանի հազարի հասնող միջնորդների ու գործընկերների մասին է։ Բացի այդ, ինչպես պարզ դարձավ ՏՄՊՊՀ-ի վերջին նիստերից մեկում, բջջային օպերատորները նվազեցրել են  լիցքավորման քարտերի վերավաճառքով զբաղվողների միջնորդավճարները։ Վերջիններս էլ թանկացրել են լիցքավորումը։ Այն տարեսկզբից թանակացել է ողջ հանրապետությունում, ու  մինչ օրս թե Մրցակցության հանձնաժողովը, թե օպերատորները «չեն կարողանում» այս հարցը լուծել։

Լիցքավորման թանկացումը հետևանքներից մեկն է բջջային շուկայում եկամուտների կտրուկ նվազման, որն էլ իր հերթին հիմնականում OTT (անգլ. Over the Top) ծառայությունների ընդլայնման հետևանքն է։

Շուկայի եկամուտների անկումը շարունակվել է նաև այս տարվա առաջին եռամսյակում։ Եվ այս ֆոնին ուշագրավ է «ՄՏՍ Հայաստան»-ի (ապրանքանիշը՝ VivaCell-MTS) կողմից ինտերնետի մատակարարմամբ զբաղվող ADC ընկերությունը գնելու գործարքը։

24%  անկում՝ բջջային շուկայում. առաջին եռամսյակ

Ըստ Ազգային վիճակագրական  ծառայության  (ՀՀ ԱՎԾ)՝ այս տարվա առաջին եռամսյակում հանարապետության հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 33.8 մլրդ դրամ, որից 14.5 մլրդ դրամն ապահովել է բջջային կապի շուկան, 10.6 մլրդ դրամը՝ ինտերնետի շուկան, մնացած մոտ 8.8 մլրդ դրամն էլ՝ հեռահաղորդակցության այլ ծառայություններից է գոյացել (լարային հեռախոսակապ, հեռուստածրագրերի հեռարաձակում և այլն)։

2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ոլորտի ընդհանուր հասույթը նվազել է 7.9%-ով, ինչը մեծամասամբ պայմանավորված է պայմանավորված է բջջային շուկայի հասույթի 24.1% նվազմամբ։ Փոխարենն ավելացել ինտերնետ կապի ծառայությունների հասույթը (30.2%-ով), բայց քանի որ հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ կշիռն առայժմ բջջային կապինն է, ինտերնետի շուկայի աճը չի հանգեցրել ոլորտի ընդհանուր հասույթի աճին։

 Տեսակետ կա, որ առաջիկա տարիներին հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում ինտենետ կապի շուկան հասույթով կգերազանցի բջջային շուկային։ Սա կարող է փրկել իրավիճակը բջջային օպերատորների համար, քանի որ վերջիններս նաև ինտերնետի մատակարարմամբ են զբաղվում և բջջային շուկայի կորուստները կարող են լրացնել ինտերնետի շուկայի ձեռքբերումներով։

 Օրերս հայտնի դարձավ, որ բջջային շուկայի առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գնել է ինտերնետի մատակարմամբ զբաղվող ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները։ «ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում»,- հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Սա նշանակում է, որ ADC-ի ձեռքբերմամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարող է աստիճանաբար մեծացնել դիրքերը նաև ինտերնետի շուկայում։ Այս գործարքը շահավետ է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար հատկապես այն առումով, որ բջջային շուկայում ընկերությունը բաժանորդների թվով առաջատարն է և OTT ծառայությունները առաջին հերթին հարվածել են հենց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եկամուտներին։  Իսկ ինտերնետի շուկայում դիքերի մեծացմամբ ընկերությունը կարող է որոշակիորեն բարելավել եկամուտները։

 Բջջային օպերատորները նաև հանրապետության խոշոր հարկատուների շարքում են, ավելին՝ զբաղեցնում են առաջատար հորիզոնականներ։ Շուկայից պետբյուջե հոսող հարկերը, սակայն, նվազել են առաջին եռամսյակում։ Ենթադրվում է, հասույթի անկումը էական ազդեցություն է ունեցել նվազման վրա։

 Հարկերը նվազել են 11%-ով. առաջին եռամսյակ

Այս տարվա առաջին եռամսյակում երեք բջջային օպերատորները, որոնք նաև մատուցում են ինտերնետ կապի ծառայություններ, միասին պետբյուջե են վճարել 5 մլրդ 223 մլն դրամի հարկ։ 2016 թվականի համեմատ առաջին եռամսյակի համեմատ նրանց հարկերը պակասել են 626 մլն դրամով կամ մոտ 11%-ով։ Նվազել են «Ղ-Տելեկոմ»-ի և «ԱրմենՏել»-ի հարկերը, իսկ «Յուքոմ»-ը աճ է գրանցել։

 Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների տրամադրած տվյալները հանրապետության խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին։ Տարվա առաջին երեք ամիսների կտրվածքով «ԱրմենՏել»-ը հանդիսացել է հանրապետության  11-րդ խոշորագույն հարկատուն։ Ընկերությունը վճարել է մոտ 2.2 մլրդ դրամի հարկ, որը 1.2 մլրդ դրամով կամ 36%-ով պակաս է 2016-ի նույն ժամանակահատվածում վճարած հարկերի ծավալից։ Արդյունքում, «ԱրմենՏել»-ը խոշոր հարկատուների  ցանկում 5-րդ հորիզոնականից նահանջել է 11-րդ հորիզոնական։

 «Ղ-Տելեկոմ»-ը նույն ընթացքում վճարել է 1.8 մլրդ դրամի հարկ, որը նվազել է 48 մլն դրամով կամ 2.5%-ով։ Ընկերությունը 12-րդ հորիզոնականից իջել է 14-րդ։ Ի դեպ, խոշոր հարկատուների գալիք եռամսյակային ցանկում «Ղ-Տելեկոմ»-ին, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք որպես «ՄՏՍ Հայաստան»։ Ընկերությունը անվանափոխվել է։

Հարկերի աճ է գրանցել միայն  «Յուքոմ»-ը։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 1.2 մլրդ դրամ՝ ավելի քան կրկնապատկելով հարկերը և 51-րդ տեղից բարձրանալով 20-րդ տեղ։ Ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվությունից, որը դեռևս չի հրապարակվել, կարող է  պարզ դառնալ, թե  ինչի հաշվին են աճել հարկերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter