HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Լիլիթի հիմնած ստեղծագործարանը Արցախի դպրոցում

26-ամյա Լիլիթ Տոնոյանը մեր պատմություններից մեկի հերսուհին է։  Մոտ յոթ տարի է՝ աշխատում է Արցախի Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ Նպատակադրվել էր դպրոցում ստեղծագործարան հիմնել՝ աշակերտներին հնարավորություն տալով ազատություն տալ իրենց ստեղծագործ մտքին, զարգացնել այն, խրախուսել կրեատիվն ու հասարակական աշխատանքը։ Նա նշում էր, որ Գողթանիկում արվեստի դպրոցներ չկան։

Այսօր միջնակարգ դպրոցում արդեն գործում է ստեղծագործարանը։ «Հիմա տարատեսակ միջոցառումներ ու խմբակներ ենք կազմակերպում։  Գործում է նաև բնապահպանական խմբակ։ Այստեղ են արդեն անցկացվում ներդպրոցական բոլոր միջոցառումները։ Ունենում ենք նաև կինոդիտումներ: Վերամշակել ենք գյուղի տարածքում եղած հետպատերազմական թափոնները, որոնք օգտագործել նաև ստեղծագործարանի ձևավորման համար»,- ոգևորությամբ պատմում է Լիլիթը։

Երիտասարդ ուսուցչուհին նշում է, որ ստեղծագործարանի գաղափարը կյանքի է կոչվել իր փոքր բիզնեսի՝ «Soap for Hope» օճառների վաճառքից (Օճառ՝ հույսի համար) գոյացած հասույթի և պարզապես մտահոգ մարդկանց շնորհիվ։

Ասում է՝ «Հետք»-ի հրապարակումից հետո ևս բազմաթիվ արձագանքներ ու ոգևորող նամակներ է ստացել։ «Դրա շնորհիվ ավելի շատ մարդիկ իմացան ծրագրի մասին և հաջողվեց Ստեղծագործարանի նորոգման համար անհրաժեշտ գումարի չափով վաճաք իրականացնել»,- պատմում է Լիլիթը։

Լիլիթը մտադիր է առաջիկայում ավելի մեծ շունչ հաղորդել ստեղծագործարանին։ «Հիմա տիկնիկային թատրոնի խումբ ենք ստեղծում։ Արդեն տիկիները պատվիրել ենք: Մտադիր եմ ընդլայնել օճառների վաճառքը, հիմա հիմնականում տեղական  հումքից պատրաստված տեսականի եմ պատրաստում»,- նշում է նա։

Ստեղծագործարանում գործում է նաև դպրոցի թվով 10 ակտիվ աշակերտներից կազմված #IamTheChange (փոփոխությունը ես եմ) խումբ:  Հենց այդ խմբի անդամներն էլ պատրաստում են տիկնիկային թատրոնը՝ իրականացնելով իրենց և մյուս երեխաների երազանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter