HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու բժշկական կենտրոնի ակնաբանական կաբինետը համալրվել է վերջին սերնդի բուժսարքավորումներով

Գյումրու բժշկական կենտրոնի ակնաբանական կաբինետի դիմաց այլեւս մարդկանց հերթեր չեն գոյանում: Ընդամենը նոր սերնդի մեկ բժշկական սարքավորման ձեռք բերման շնորհիվ հնարավոր է եղել խնայել թե հիվանդի, թե բժիշկի ժամանակը, իսկ հետազոտության արդյունավետությունն հասցնել 100%-ի: Ակնաբան Արուսյակ Կուրղինյանի փոխանցմամբ` իրենց դիմած այցելուի աչքի հատակի հետազոտման ժամանակահատվածը կրճատվել է գրեթե 10 անգամ:

«Նախկինում հիվանդի ակնահատակը զննելու համար անհրաժեշտ էր դեղ կաթեցնել, հիվանդը պիտի 30-40 րոպե սպասեր, դրանից հետո նոր հետազոտում էինք աչքի հատակը, իսկ հիմա դա արվում է մի քանի րոպեի ընթացքում, առանց որեւէ դեղորայքի, առանց տհաճ զգացողությունների»,- ասում է Արուսյակ Կուրղինյանը: Անցած տարի ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հայ համայնքի կազմակերպած բարեգործական ակցիայի շրջանակում բժիշկներ էին ժամանել Գյումրի բժշկական կենտրոն` վիրահատություններ իրականացնելու նպատակով: Խումբը դատարկաձեռն չէր եկել. որպես նվեր իրենց հետ բերել էին աչքի ակնահատակը զննելու համար նախատեսված օֆտալմոսկոպիա կոչվող վերջին սերնդի սարքավորումը:

«Ակնահատակի հետազոտությունը բավական լուրջ հետազոտություն է, այն ինֆորմացիա է տալիս ողջ օգանիզմի վերաբերյալ, կարելի է ասել մեր առողջական վիճակի հայելին է,- նշում է ակնաբանը,- մեր կատարած հետազոտության արդյունքներով հետաքրքվում են հատկապես նյարդաբանները, թերապեւտները, շաքարախտով հիվանդների բուժմամբ զբաղվող մասնագետները եւ այլն: Շնորհիվ այս սարքավորման, հիմա կարողնում ենք դետալային ուսումնասիրություն կատարել: Հիվանդն ինքն էլ է տեսնում իր ակնահատակի պատկերը էկրանին: Այս սարքով կատարվող հետազոտության արդյունք-պատկերը պահպանվում է արդեն մեր բազայում՝ հետագայում հնարավորություն տալով հետեւելու անձի մոտ հիվանդության դինամիկային: Դա թեթեւացնում է թե՛ հիվանդի, թե՛ բժիշկի վիճակը»:

Մոտ երկու շաբաթ առաջ ակնաբանական կաբինետի բուժսարքավորումների բացը լրացվեց ավտորեֆրակտոմետրիա կոչվող սարքով: Բարեգործական այս ակցիայի հեղինակը դեղորայք արտադրող եւ արտահանող «Լիկֆոր» հայկական ընկերությունն էր: «Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ եւ տեսնելով, որ սարքավորումների պակաս ունենք, որոշեցին աջակցել: Նվիրելիս նշեցին, թե մի փոքր նվերով ուզում ենք օգնել, բայց ասեմ, որ սա մեզ համար մեծ նվեր է ու ամենակարեւորը՝ խիստ անհրաժեշտ, ինչպես Ֆրեզնոյից ստացած սարքավորումը», - նկատում է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Առաջիկայում նախատեսվում է բժշկական կենտրոնի 4-րդ հարկում ձեւավորել նոր սարքավորումներով հագեցած աչքի հետազոտման կաբինետ: Այցելուն կստանա համալիր ծառայությունից օգտվելու հնարավորություն: Հաջորդ քայլը աչքի հետ կապված վիրահատական միջամտություններ իրականացնելու նպատակով բավական թանկարժեք սարքավորումների ձեռք բերումն է:

«Մենք ունենք ծրագիր, մարզպետի միջոցով դիմել ենք, սպասում ենք, որ այս տարվա սեպտեմբերին մոտ 200 հազար դոլար արժեցող բուժսարքավորումներ ենք ստանալու, որպես նվիրատվություն,-տեղեկացնում է կենտրոնի տնօրենը,-դրանից հետո արդեն կխոսենք աչքի տարբեր վիրահատությունների իրականացման հնարավորության մասին՝ այդ թվում եւ լազերային եղանակով»: Նորացված բուժսարքավորումներով իրականացվող հետազոտությունները, ինչպես նաեւ ապագայում կենտրոնում իրականացվելիք վիրահատությունները հնարավորինս կթեթեւացնեն մարզի բնակչության սոցիալական խնդիրը:

«Գիտեք, որ անապահով խավն հիմնականում չի կարողանում հասնել մայրաքաղաք եւ սովորաբար սպասում է տարին մեկ կամ երկու անգամ անցկացվող բարեգործական ակցիաներին, երբ վիրահատելու նպատակով Երեւանից այցելում են մասնագետները: Դա էլ այնպես չէ, որ ասենք մաեն տարի լինում է: Հիմա, երբ մենք կունենանք համալրված ակնաբուժական ծառայություն՝ այդ խնդիր կվերանա բնակչության բոլոր շերտերի համար: Գնային քաղաքականությունն եւս կաշխատենք, որ գոհացնի՝ ամեն դեպքում շատ ավելի էժան ու մատչելի է լինելու, քան Երեւանում», - վստահեցնում է Արմեն Իսահակյանը:

Եվս մեկ բաց, որ կենտրոնը ձգտում է լրացնել՝ վիրահատող բժիշկների սակավությունն է: Կենտրոնում այս պահին աչքի վիրահատական միջամտություն իրականացնում է մեկ մասնագետ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter