Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանյան խոշոր հարկատուն հայտնվել է ՌԴ նախագահ «Պուտինի խոհարարի» կոռուպցիոն սարդոստայնում



Հայաստանում գրանցված «ԱՍՊ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ն հայտնվել է ռուսական կոռուպցիոն պատմության սխեմայում:   

Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թիմն ուսումնասիրել է ՌԴ պետական գնումները և հայտնաբերել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինի (Ռուսաստանում հայտնի է որպես «Պուտինի խոհարար»)  ընկերությունները միլիոնավոր ռուբլիներ են «կորզել» ՌԴ պետական բյուջեից՝  նրա կողմից ստեղծված ընկերությունների խմբի միջոցով: Այդ ընկերությունների «փունջը» բարձր գներով կեղծ մրցակցություն է ապահովել պետական գնումների մրցույթների ժամանակ, իսկ արդյունքում հաղթել է Պրիգոժինին կամ նրա մեձավորներին պատկանող ընկերությունը:

Նավալնիի թիմը սա համարել է մեծագույն հակակոռուպցիոն բացահայտում, որի արդյունքում Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը վարույթ է հարուցել:  

Պրիգոժնիի կայսրության ընկերությունները ստեղծվել են գրեթե նույն ժամանակահատվածում, նույն օրը կամ մեկ օր տարբերությամբ լիցենզիա են ստացել, գրանցվել են նույն շենքում գտնվող հարևան գրասենյակների հասցեներում, որոնց տնօրենները նույն անձինք են եղել: Բոլոր ընկերություններն էլեկտրոնային մրցույթների են մասնակցել համակարգչային նույն IP հասցեից, որը պաշտոնապես գրանցված է Պրիգոժինի մորը պատկանող ընկերության հասցեում:

Այս սխեմայով 23 մլրդ ռուբլիից ավելի գումարի պետգնումների տենդերներ է շահել նախագահ «Պուտինի խոհարարը»:

Հակամենաշնորհային դաշնային ծառայության տրամադրած փաստաթղթերից էլ Նավալնիի թիմը հայտնաբերել է Պրիգոժինի կապերը ՌԴ պաշտպանության նախարարության պետգնումների մրցույթներին մասնակից այլ ընկերությունների հետ: Այսպիսով, այդ «ֆեյք» ընկերություններից մեկը Հայաստանում հիմնադրել է «ԱՍՊ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը՝ գրանցելով այն Երեւանի Արշակունյաց 132 հասցեում՝ Էրեբունի օդանավակայանում տեղակայված ՌԴ զինվորական զորամասի հասցեում: Զարմանալի չէ, որ ՌԴ բանակի պետգնումներում հաղթել է հայկական ընկերությունը՝ սպասարկելով Հայաստանում ՌԴ ռազմաբազայի կարիքները:

«ԱՍՊ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը գրանցվել է 2014թ. նոյեմբերի 24-ին: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` ներկայիս տնօրենը ՌԴ Տամբով քաղաքում գրանցված հայազգի Վահե Շոթայի Աբելյանն է: Նրա մասին տեղեկատվությունը համացանցում սահմանափակ էր: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունը զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ, այնպիսի սննդամթերքի, որը չի ներառված սննդամթերքի արտադրության համապատասխան խմբավորումներում:

2015թ. խոշոր հարկատուների ցուցակում «ԱՍՊ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը զբաղեցրել է 512-րդ հորիզոնականը՝ վճարելով 210 մլն դրամից ավելի հարկ: 2016-ին վճարել է ավելի քան 212 մլն դրամ հարկ՝ հայտնվելով 526-րդ հորիզոնականում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ