HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվեց 3-ով

Ազգային ժողովի նիստում այսօր մի քանի ժամ շարունակ քննարկվեց մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ հարցը:
ՀՀԿ խմբակցությունը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովում գործող 12 մշտական հանձնաժողովների փոխարեն ձևավորել 9-ը՝ միմյանց մոտ ոլորտների նկատմամբ պատասխանատվություն ստանձնող հանաժողովները միացնելու միջոցով:

Մասնավորապես, ՀՀԿ-ի նախագծով առաջարկվեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողները միացնել ու ձևավորել Պետաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով, Առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովը միավորել Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ, իսկ Գյուղատնտեսության ու Բնապահպանության և Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովները միացնել միմյանց:

Նախագծի վերաբերյալ հիմնավորումները մի քանիսն են: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մշտական հանձնաժողովների միջև ծանրաբեռնվածությունը հավասարաչափ չէ բաշխված:

Մասնավորապես՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընթացքում՝ 2012-ից մինչև 2017-ն ընկած ժամանակաշրջանում, ընդունվել է 1120 օրենք, որոնցից 1048-ն առնչվել են օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելուն, իսկ մնացած 72-ը եղել են նոր մշակված օրենքներ: Ընդունված օրենքների մեծ մասն առնչվել է Պետաիրավական և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներին, և այս երկու հանձնաժողովների վրա ընկել է այնքան պատասխանատվություն, որքան մյուս բոլոր մշտական հանձնաժողովների վրա՝ միասին վերցրած: Ամենաքիչ հարցերը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի, ինչպես նաև' Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովներում, սակայն ԱԺ-ն կպահպանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը: Պատճառը քաղաքական կոմպոնենտ ունի. Հրայր Թովմասյանը բացատրում է, որ մոտ ապագայում նախատեսվում է ԵՄ-ի հետ քաղաքական խորը համագործակցության համաձայնագրի ստորագրում, ու այս պայմաններում նպատակահարմար չէ որևէ փոփոխություն' կապված այս հանձնաժողովի հետ:

Հանձնաժողովները միավորելու ՀՀԿ-ի մյուս հիմնավորումն այն է, որ ԱԺ նախորդ գումարման համեմատ այս գումարման նստաշրջանում պատգամավորների թիվը 26-ով պակաս է, ուստի, ըստ Թովմասյանի, հանձնաժողովների թիվը ևս պետք է կրճատել:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ գումարման Ազգային ժողովի, այս նստաշրջանում մեկ պատգամավորը չի կարող ընդգրկվել միաժամանակ մի քանի հանձնաժողովներում:
«Ելք» խմբակցությունը դեմ է սրան, կտրականապես մերժում է նաև ՀՀԿ-ի առաջարկը' Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովը մեկ այլ հանձնաժողովին միացնելու վերաբերյալ: Խմբակցության համար անտրամաբանական է, թե ինչու է ամենածանրաբեռնված հանձնաժողովին՝ Պետաիրավականին միացվում ևս մեկ հանձնաժողով:

Ավելին, խմբակցությունը հանձնաժողովների թիվը կրճատելու մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում ու կարծում, որ ՀՀԿ-ի քայլերը միտված են նրան, որ ընդդիմությունը' ի դեմս «Ելք» դաշինքի ԱԺ որևէ հանձնաժողովի նախագահ չունենա:
Նշենք, որ Դոնթի բանաձևով (համաձայն այդ բանաձեւի' պաշտոնների քանակն ուղիղ համեմատական է խմբակցության պատգամավորների թվին) 9 հանձնաժողովի ձևավորման պարագայում ՀՀԿ-ն ստանում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի 6, իսկ Ծառուկյան խմբակցությունը' 3 պաշտոն:
«Ելք»-ն այսօր մեկ այլ առաջարկ ներկայացրեց Ազգային ժողով, ըստ որի' մշտական հանձնաժողովների թիվը 12-ից պետք է դարձնել 10, ու այդ դեպքում, Դոնթի բանաձեւով, «ԵԼՔ» դաշինքը ևս կունենար Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի մեկ նախագահ:

Իշխանությունը, սակայն, հերքեց, թե մշտական հանձնաժողովների թվի կրճատումն ուղղված է ընդդիմության դեմ: Զեկուցող Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ հանձնաժողովների թվի կրճատման հարցը քննարկվել է սահմանադրական փոփոխությունների փուլում՝ այն ժամանակ, երբ որևէ մեկին հայտնի չէր, թե 6-րդ գումարման Ազգային ժողովում ինչ խմբակցություններ կլինեին:

Ինչ վերաբերում է ամենածանրաբեռնված հանձնաժողովին մեկ այլ հանձնաժողով միացնելու հարցին, Թովմասյանը հիշեցրեց, որ Պետաիրավական, ինչպես նաև ծանրաբեռնված մյուս՝ Տնտեսական հանձնաժողովներում ամենաշատ թվով պատգամավորներն են ընդգրկվելու:

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ «Ելք»-ի՝ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պահպանելու պնդման հիմքում այլ ենթատեքստ տեսավ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պահպանվի, այն կղեկավարի Էդմոն Մարուքյանը, Աշոտյանը կարծիք հայտնեց, որ եթե Էդմոն Մարուքյանը լիներ լավ գյուղատնտես, այլ ոչ թե իրավաբան, ապա իր գործընկերները կհիմնավորեին, որ գյուղատնտեսության հանձնաժողովը չպետք է փակել, եթե լիներ լավ բժիշկ, կհիմնավորեին, որ Առողջապահության հարցերի հանձնաժողովը չպետք է փակվի:
«Քաղաքական տեսակետից կոռեկտ չէ այն հարցադրումը, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դեմ է ընդդիմությանը տալ հանձնաժողովի նախագահի դեր»,- ասաց Աշոտյանն ու հիշեցրեց, որ ընդդիմադիր «Ծառուկյան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովի 3 մանդատ է ստանում:

Էդմոն Մարուքյանն իր ամփոփիչ ելույթում հակադարձեց Աշոտյանին՝ առանց նրա անունը հնչեցնելու: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է ոչ թե հարցը, թե որ հանձնաժողովն ում կտրվի, ու ով կլինի դրա նախագահը, այլ հարցը, թե Ազգային ժողովում ի՞նչ հանձնաժողովներ պետք է լինեն ու ի՞նչ ոլորտների նկատմամբ պարտավորություններ կունենան այդ հանձնաժողովները:

Մարուքյանն, այնուամենայիվ, նշեց մի քանի հանձնաժողովներ, որոնք ինքը կարող է ղեկավարել, ինչպես նաև այնպիսիք, որոնք իր ոլորտը չի համարում ու շեշտեց, որ «Ելք»-ը, ի տարբերություն ՀՀԿ-ի, գիտի, թե իր պատգամավորներից ով ինչ ոլորտի է տիրապետում:

«Մեր խմբակցությունը ձեր կուսակցության նման չէ, որ, օրինակ, վերջերս կրթության և գիտության նախարար աշխատած մարդուն փորձ արվի վստահել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Քննարկումներից հետո քվեարկության դրվեցին երկու առաջարկները, ու քաղաքական մեծամասնությունը քվեարկեց ՀՀԿ-ի առաջարկի օգտին. ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter