HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Խորհրդարանը և կառավարությունը «ստերիլացնելու» մեխանիկան. ինչպե՞ս և ինչո՞ւ

6-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունը սկսեց այնքան սահուն, որ կարծես գործ ունենք ոչ թե նոր խորհրդարանի հետ, այլ նախորդի բնականոն շարունակման: Բացի պատգամավորների դեմքերի որոշակի փոփոխությունից, պատգամավորների ու խմբակցությունների թվի կրճատումից, որակական առումով ոչինչ չի փոխվել, և, դատելով նոր ԱԺ առաջին նիստերից, խորհրդարանի նորընտիր ղեկավարության կազմից, չի էլ փոխվելու գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում: 

Նորընտիր Աժ-ի առաջին նիստի բացման ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս»: Չնայած այս հայտարարությանը՝ ԱԺ նախագահ ընտրվեց առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը: Թե ի՞նչ սկզբունքով Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական ակտիվի ավանդական լուռ համախոհության պայմաններում որոշեց ԱԺ նախագահի պաշտոնին «կարգել» հենց Բաբլոյանին՝ առաջին հայացքից թվում է անհասկանալի: Բաբլոյանը կուսակցությունում բավականին համեստ դերակատարում ունի և որքան էլ Աժ է անցնում արդեն երրորդ անգամ, նրան ընդգծված, ազդեցիկ քաղաքական գործիչ հնարավոր չէ համարել: Սերժ Սարգսյանը խորհրդարանի ղեկավարման ղեկը հանձնել է մի մարդու, որը քաղաքական ֆիգուր չէ, խարիզմատիկ չէ և որի ազդեցությունը խորհրդարանի վրա ակնհայտորեն լինելու է մինիմալ: Նա այն գործիչը չէ, որը կարող է դառնալ Աժ-ի քաղաքական նշանակության բարձրացման, քաղաքական որոշումների կայացման հիերարխիայում ԱԺ-ի ֆունկցիոնալ դերակատարումը, ինքնուրույնությունը բարձրացնող լոկոմոտիվը: Եթե Հովիկ Աբրահամյանը, ապա նաև գոնե ՀՀԿ-ում զգալի ազդեցություն ունեցող Գալուստ Սահակյանը չկարողացան դա անել, երիցս չի կարողանալու անել նաև Արա Բաբլոյանը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաբլոյանի ընտրության իրական նպատակը ոչ թե Աժ-ին իր իրական սահմանադրական դերը՝ երկրի քաղաքական թիվ 1 օրգանի կարգավիճակը վերադարձնելն է, այլ ճիշտ հակառակը՝ որևէ պարագայում դա թույլ չտալը: Իրականում Աժ-ն ստերիլացված և ապաքաղաքականացված վիճակում պահելու հարց է լուծվում, և դա տեղի է ունենում 2018թ. իշխանության վերջնական վերարտադրության, ներիշխանական կառավարելի վերադասավորումների համատեքստում:

Մինչ այդ Բաբլոյանը որոշակիորեն կկատարի ներկուսակցական հավասարակշռողի դեր: Իր ապաքաղաքականացվածությամբ, հավակնություններից զերծ լինելով` Բաբլոյանը ընկալելի ֆիգուր է ՀՀԿ-ի ներքին բոլոր բևեռների համար: Նա կատարում է Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ-ի սերնդափոխության գործընթացի շոկային էֆեկտը թուլացնողի, ստվերողի գործառույթ: Նա ԱԺ-ի նախագահի այս պահի ամենահարմար թեկնածուն է համարվել, թերևս որպեսզի Սերժ Սարգսյանին չմեղադրեն «հին գվարդիային» դիրքերից զրկելու և իշխանությունն աստիճանաբար ներհանրապետական կոնտինգենտին փոխանցելու մեջ:

Որ նման գործընթաց իսկապես նշմարվում է, վկայում է ոչ միայն փաստացի ռեյտինգային թեկնածուների բերած քվեների հաշվին ՀՀԿ-ի նախընտրական ցուցակով երիտասարդ, թարմ դեմքերին ԱԺ գործուղելը, այլ նաև ԱԺ փոխնախագահների պաշտոններում, ի դեմս Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի, հենց յուրային «երիտհանրապետականների» նշանակումը: Սա ՀՀԿ-ի որոշակի շրջանակների համար իսկապես ցավոտ իրողություն է: ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի փակ գաղտնի ընտրության ժամանակ արձանագրված ձայների բաշխվածությունն այս առումով կարող է ինդիկատորի դեր կատարել: Նրան դեմ է քվեարկել 22 պատգամավոր: Տեսականորեն չի բացառվում, որ դեմ քվեարկածների մեջ, բացի «Ելք»-ից, եղել են նաև «Ծառուկյան» խմբակցության անդամները: Սակայն վերջինս նրան դեմ լինելու քաղաքական մոտիվացիա չուներ, առավել ևս՝ ակնհայտ երևում էր, որ ԱԺ նախագահի տեղակալի՝ ծառուկյանական թեկնածու Միքայել Մելքումյանի շուրջ առկա է ներկուլիսային պայմանավորվածություն կառավարող կոալիցիայի և «Ծառուկյան» դաշինքի միջև: Այս ֆոնին ամենևին չի բացառվում, որ Արփինե Հովհաննիսյանին դեմ են քվեարկել ՀՀԿ-ից՝ իբրև ներկուսակցական վերադասավորումների սերժսարգսյանական ձեռնարկից դժգոհության, դիմադրության դրսևորում:

Ինչևէ, չի կարելի չնկատել, որ քաղաքականապես անվնաս Արա Բաբլոյանով, լիակատար յուրային երիտասարդ փոխնախագահներով, ստվերային իշխանություն հանդիսացող «ծառուկյանական» խնամիա-օլիգարխա-քրեական զանգվածով, լիարժեք վերահսկելի և արհեստական ընդդիմությամբ ԱԺ-ն քաղաքականապես «վնասազերծելուց» բացի` իրականացվում է նաև կառավարությանը և վարչապետ Կարեն Կարապետյանին աքցանների մեջ առնելու օպերացիա: Այս առումով ուշագրավ է երկու հանգամանք: Առաջինը Սերժ Սարգսյանի ունեցած խիստ ծրագրային ելույթն էր նորընտիր Աժ-ում: Դա ոչ թե հեռացող, այլ իշխանությունն ուժեղացնող նախագահի խոսք էր, որով կառավարության առջև դրվեցին այնպիսի խնդիրներ, այնպիսի ցուցանիշներ, որոնց իրականացումը թվում է անիրատեսական: Հարց է  առաջանում՝ ինչո՞ւ է նախագահը նման ծանրության տակ դնում կառավարությանը՝ շատ լավ հասկանալով, որ այդ ցուցանիշները վերածվելու են նոր ձևավորվող կաբինետի և հետագա կառավարությունների արդյունավետության չափման ցուցիչը, և որ առանց քաղաքական և տնտեսական համակարգերն օլիգարխիայից ազատագրելու` իր կողմից քաղաքական կամքի դրսևորման այդ ցուցանիշները ոչ մի դեպքում չեն ապահովվելու: Այնպիսի տպավորություն է, թե կառավարությանը կանգնեցնելով այդ ցուցանիշների կատարման հեռանկարի առջև դեմ հանդիման՝ նախագահը հասկացնում է, որ թե՛ վարչապետին և թե՛ կառավարությանը կարող է ցանկացած պահի վերածել «քավության նոխազի»՝ դա բացատրելով իր կողմից սահմանված այդ նպատակներն իրականացնելու` կաբինետի անկարողությամբ ու անընդունակությամբ:

Երկրորդ հանգամանքը Կարեն Կարապետյանին կայծակնային արագությամբ կրկին վարչապետ նշանակելու Սերժ Սարգսյանի որոշումն էր: Մայիսի 18-ին վարչապետը և նրա կաբինետը հրաժարական տվեցին Սահմանադրության ուժով և նույն օրը, բառացիորեն դրանից մի քանի ժամ անց, պաշտոնապես հայտարարվեց Կարապետյանին նորից վարչապետ նշանակելու մասին, թեև դրա համար նախագահն ուներ 10 օր ժամանակ: Իհարկե, չի բացառվում, որ շտապողականությունը պայմանավորված էր ժամանակ ձգելու անիմաստությամբ. ի վերջո, դեռ անցած տարվանից էր հայտարարվում, որ վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Սակայն, եթե միայն դա լիներ պատճառը, ապա նույն տրամաբանությամբ պետք է հաջորդեր նաև նախարարների արագ նշանակումը, ինչը անմիջապես տեղի չունեցավ:

Կարելի է ենթադրել, որ վարչապետ նշանակելու նախագահի շտապողականությունը պայմանավորված է նրան նահանջի տեղ չթողնելու, պատկերավոր ասած՝ նրան յուրատեսակ «գերության» մեջ պահելու հանգամանքով: Կարեն Կարապետյանը 6 տարի առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելիս արդեն մեկ անգամ ապացուցել է, որ առանց որևէ բարոյական ու քաղաքական կաշկանդվածության կարող է ուղղակի մի օր վեր կենալ ու հեռանալ: Չի կարելի բացառել, որ քաղաքական պայմանավորվածության խախտման «հոտ առնելու» կամ դրանում համոզվելու դեպքում նա կօգտվեր 10-օրյա ռեժիմից և կհայտարարեր հեռանալու մասին՝ խիստ անհարմար դրության մեջ դնելով նախագահին:

Նրա նշանակումը նման հեռանկարը չի բացառում: Բայց այդ դեպքում բոլորովին այլ իրավիճակ է լինելու. եթե նա նշանակումից հետո հրաժարական տա, ապա դա կլինի արդեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր պատասխանատվության դաշտում: Համենայնդեպս, այդ դեպքում նախագահը կարող է արդարանալ, թե ինքը գործել է պայմանավորվածություններին համապատասխան: Նշանակումից հետո հեռանալը Կարապետյանի համար կնշանակի ստորագրել իր կապիտուլյացիայի ակտը:

Այն, որ Կարեն Կարապետյանը և նրա կաբինետն իրենց կամքից անկախ աստիճանաբար հենց քաղաքական «պատանդի» կարգավիճակում են հայտնվում, վկայեց վարչապետի հովանավորությունը ստանձնած «գորշ կարդինալի»՝ ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի կողմից ԱԺ առաջին նիստին չներկայանալը: Դա անթաքույց դեմարշ էր հենց Սերժ Սարգսյանի հանդեպ: Պատահական չէ, որ մինչ այս խոսվում էր ԱԺ նախագահի պաշտոնում հենց պատգամավոր Կարեն Կարապետյանին առաջադրելու մասին, ինչն ամբողջությամբ կտեղավորվեր իշխանությունը վարչապետ Կարապետյանին հանձնելու տրամաբանության մեջ, քանի որ այդպիսով կձևավորվեր ոչ միայն երկու Կարապետյանների, այլև իշխանության երկու առանցքային թևերի՝ պառլամենտի և կառավարության բավականին ուժեղ տանդեմ: Բայց այդ դեպքում գործող նախագահն ինքն էր հայտնվելու «խաղից դուրս» վիճակում և ստիպված կարող էր 2018թ. ապրիլից հեռանալ քաղաքականությունից: Մինչդեռ ներկայիս պայմաններում նման վտանգ չկա: Հակառակը՝ իշխանության այդ երկու թևերը, կարծես թե, վերածվում են գործող նախագահի կողմից լծված զույգ նժույգների, որոնք նրան տանում են իր գծագրած և իր դոմինանտությամբ նոր իշխանության կերտմանը: Իսկ այն համատեղելի չէ ո՛չ ուժեղ կառավարության և ո՛չ էլ ուժեղ խորհրդարանի հետ: 

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Կոմունիստական ապագայի տխուր, բայց հնարավոր զարգացման կանխատեսում: Ուղղակի չեմ կարծում, որ անգամ հպատակ իշխանության ներսում չկան մարդիկ, որոնք գիտակցում են, որ դա կլինի Հայաստանի վերջը՝ մենք չունենք ռեսուրսներ ոչ Խորհրդային Միության,ոչ անգամ Հյուսիցային Կորեայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter