HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բալասանյանի մոռացված հիմնադրամը. ֆինանսական աղբյուրները՝ մրցույթների հաղթող

Նյութի աղբյուրը՝ Ասպարեզ

Հիմնադրամի եկամուտը 4 տարվա ընթացքում մոտ 37 անգամ պակասել է

Գյումրու ավագանին իր 2012 թվականի նոյեմբերի 22-ի N171-Ն որոշմամբ ստեղծեց «Գյումրու զարգացման հիմնադրամ», որի նպատակն էր աջակցել Գյումրու սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային ու տուրիստական բնագավառների զարգացմանը, «Կումայրի արգելոց եւ թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգմանը, նորերի կառուցմանը եւ ընդհանրապես քաղաքային ենթակառույցների արդիականացմանը: Հիմնադրամի ստեղծման շարժառիթը Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելն էր:

Գյումրու քաղաքապետարանը հիմնադրամի ստեղծման օրը կոչով դիմեց քաղաքացիներին. «Կոչ ենք անում բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ ձեռնարկատերերին, բարերարներին, ովքեր շահագրգռված են եւ ուզում են Գյումրին տեսնել որպես զարգացած, բարգավաճ, մշակութային եւ հոգեւոր արժեքներ կրող քաղաք, որ իրենց մասնակցությունը բերեն հայրենանվեր այս գործին:

Գյումրու քաղաքապետարանը երաշխավորում է ներդրվելիք ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը»:

4 տարուց ավել այս հիմնադրամը գործում է, որոշակի ծրագրեր է իրականացրել, սակայն ի սկզբանե նշված «Կումայրի արգելոց եւ թանգարանի» տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության համար դեռեւս որեւէ ծրագիր չի իրականացրել: Հիմնադրամի 4-ամյա գործունեության ընթացքում ոչ մի ծրագիր չի իրականացվել 2015 թվականին:

Հիմնադրամի գործունեության մասին, սակայն Գյումրու քաղաքապետարանը, քաղաքապետը այս տարիների ընթացքում գրեթե չեն խոսել. այս հիմնադրամը, ի տարբերություն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի, որի ստեղծման նախաձեռնությունը կրկին Գյումրու քաղաքապետինն էր, չի լուսաբանվել նաեւ լրատվամիջոցների կողմից:

Ինչեւիցե, «Գյումրու զարգացման հիմնադրամ»-ը իր տարեկան գործունեության հաշվետվությունը, սահմանված կարգով, հրապարակել է azdarar.am կայքում:

2013 թվականի հաշվետվությունը

Հիմնադրամը 2013-ի ընթացքում իրականացրել է 4 ծրագիր` ընդհանուր 174 մլն 147 հազար դրամ արժողությամբ. «Գյումրին 2013թ.ԱՊՀ  մշակութային մայրաքաղաք»` ծախսվել է 168 մլն 300 հազար դրամ, աղբամանների կառուցապատման եւ տեղադրման աշխատանքներ` 660 հազար դրամ, քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ` 4 մլն դրամ, եւ Գյումրու քաղաքապետարանին նվիրատվություն` համակարգիչ, տպիչ` 1 մլն 187 հազար դրամ արժողությամբ:

Ըստ հաշվետվության` հիմնադրամի միջոցներից աշխատավարձ ստացել է աշխատակազմում ընդգրկված 3 մարդ եւ հիմնադրամի տնօրենը:

Հիմնադրամի տնօրեն Հայկ Բաղդասարյանը ստացել է 3 մլն 109 հազար 550 դրամ, իսկ աշխատակցիները ընդհանուր՝ 2 մլն 445 հազար 886 ՀՀ դրամ:

Ֆինանսական ներդրումը մեկ տարվա ընթացքում կազմել է 183 մլն 705 հազար դրամ: Որպես ֆինանսական աղբյուրներ նշվում են մշակույթի նախարարությունը՝ կառավարության պահուստային ֆոնդ, «Գյումրին 2013 ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի միջոցառումների իրականացում»՝ 151 մլն 100 հազար դրամ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը` 17 մլն 200 հազար դրամ, «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ` 2 մլն դրամ, նույն չափով ներդրում է կատարել «Վերելակային տնտեսություն» ընկերությունը, «Դանիկոհ» եւ «Մերձմոսկովյան» ընկերությունները` յուրաքանչյուրը 5 մլն դրամ, քաղաքացիներ Իրինա Եղիազարյանը, Հովհաննես Կատայանը, Գագիկ Լաճիկյանը` յուրաքանչյուրը 50 հազար դրամ ներդրում է կատարել, Արմեն Գրիգորյանը` 100 հազար դրամ, Մարտիրոս Շահպազյանը` 300 հազար դրամ, Գալուստ Թերզյանը` 350 հազար դրամ, Ավետիք Ազատյանը` 75 հազար դրամ, Գեւորգ Հովսեփյանը` 430 հազար դրամ:

Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ըստ հաշվետվության, կազմում է 178 մլն 958 հազար դրամ, որն հավասար է կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափին:

2014 թվականի հաշվետվություն 2014 թվականի հաշվետվություն

2014 թվականին հիմնադրամի միջոցներից աշխատավարձ է ստացել Արմինե Գալստյանը՝ 1 մլն 220 հազար 964 դրամ, Նարե Նավասարդյանը՝ 637 հազար դրամ, հիմնադրամի տնօրեն Հայկ Բաղդասարյանը՝ 3 մլն 60 հազար ՀՀ դրամ

Իրականացված ծրագրերն են եղել՝ դրամական օգնություն սոցիալապես անապահով ընտանքիների համար վառելափայտ գնելու համար՝ 2 մլն 830 հազար ՀՀ դրամ, Գյումրու Ն.Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման եւ սանհանգույցների վերանորոգման շինարարական աշխատանքների համար՝ 10 մլն 876 հազար 935, եւ «Գյումրի» գրքի հրատարակման եւ նախապատրաստական աշխատանքների համար 920 հազար դրամ

Ֆինանսական աղբյուներն են եղել՝ Ֆրանսիայի Կրիտեյ քաղաքի զարգացման կոմիտեն՝ 14 մլն 202 հազար 350 դրամ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ 4 մլն ՀՀ դրամ, «Դանիկոհ» ՍՊԸ-ն՝ 2 մլն ՀՀ դրամ, «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն՝ 1 մլն ՀՀ դրամ:

Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն 95 հազար 606 ՀՀ դրամ, նույնքան էլ կազմել է կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը:

2015 թվականի հաշվետվություն 2015 թվականի հաշվետվություն

Այս տարում հիմնադրամի միջոցներից աշխատավարձ է ստացել հիմնադրամի տնօրենը՝ Հայկ Բաղդասարյանը՝ 1 մլն 778 հազար 700 դրամ: Հիմնադրամը ծրագիր չի իրականացրել:

Ֆինանսական աղբյուներից են եղել Հայկ Բաղդասարյանը՝ 515 հազար ՀՀ դրամ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ը՝ 2 մլն ՀՀ դրամ, «Դուստր Մոնիկան»՝ 1 մլն 500 հազար ՀՀ դրամ: Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 772 հազար հազար 800 դրամ, որը հավասար է եղել կանոնադարկան նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափին:

 2016 հաշվետվություն 2016 թվականի գործունեություն

Այս տարում հիմնադրամի տնօրեն Հայկ Բաղդասարյանը հիմնադրամի միջոցներից աշխատավարձ է ստացել՝ 1 մլն 778 հազար 700 դրամ:

Իրականացված ծրագրերից են՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի պահպանման ծախսերին ուղղված օգնություն՝ 200 հազար ՀՀ դրամ, համայնքային պարզարվեստի դպրոցի շենքի ջրամատակարարման աշխատանքրին ուղղված գումար՝ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ:

Ֆինանսական աղբյուրները եղել են Հայկ Բաղդասարյանը՝ 1 մլն 6000 դրամ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ը՝ 1 մլն դրամ, Գյումրու քաղաքապետարանը՝ 223 հազար 920 դրամ, Գյումրու վերելակային տնտեսությունը՝ 500 հազար ՀՀ դրամ:

Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր թիվը կազմում է 5 մլն 380 հազար 100 ՀՀ դրամ, նույնքան էլ կազմել է կանոնադրական նպատակների իրականացմաննն ուղղված ծախսերի չափը:

Ֆինանսական աղբյուրները մրցույթների հաղթող են ճանաչվել

Gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ այս հիմնադրամին որոշակի գումարներ փոխանցող որոշ ընկերություններ մասնակցել են քաղաքապետանի հայտարարած մրցույթներին եւ դարձել հաղթողներ: Ամենավառ օրինակներից մի քանիսը:

2016 թվականին Գյումրու քաղաքապետարանը բազալտե խիճ գնելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել, մրցույթին հաղթող է ճանաչվել Երեւանում գրանցված «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն:  պայմանագիր-1

2016 թվականին քաղաքապետարանը սեղմված գազ գնելու նպատակով է մրցույթ հայտարարել, հաղթող կազմակերպություններից է եղել՝ Գյումրիում գրանցված «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն: պայմանագիր 2

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ը, որը եւս որոշակի գումար է փոխանցել այս հիմնադրամին, հաճախ  է Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ կատարում, երբեմն մասնակցում է մրցույթներին եւ հաղթող ճանաչվում, երբեմն էլ վերջինիս հետ բանակցային ընթացակարգով է պայմանագիր կնքվում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար: Ընկերության փոխտնօրենը Գյումրու ավագանու անդամ է:

«Դանիկոհ» ՍՊԸ-ն եւս Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ է իրանացրել եւ գումար փոխանցել այս հիմնադրամին. այս ընկերությունը, սակայն, ինչ-ինչ պատճառներով նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը:

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter