HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի պատշաճ բուժօգնությունը

Ամալյա Մարգարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը և ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի (ՄԻԵԴ-ը կարող է կողմերի նկատմամբ կիրառել ցանկացած ժամանավոր միջոցներ, որոնք նպատահարմար կհամարի կողմերի իրավունքների պաշտպանության և գործի պատշաճ քննության համար) շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Ա. Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք՝ կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:

Այս մասին հայտնեց Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը։ Փաստաբանը ասաց նաև, որ գործին առաջնահերթություն է տրվել, որպեսզի հիմնական գանգատը առաջնահերթության կարգով քննվի, տարիներով չսպասեն։ Դավիթ Գյուրջյանը հայտնեց նաև, որ Արամ Հակոբյանի բուժման, դեղորայքի ծախսերը մինչև այժմ հոգացել են հարազատները «կար մի դեղամիջոց, որ պետությունն էր ապահովում, սական նա վեց դեղամիջոց է օգտագործում»,-հավելեց փաստաբանը։

«Արամ Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, չի փոփոխվի քանի դեռ ինքն անազատության մեջ է, նման պայմաններում ՝ առանց անհրաժեշտ բուժհսկողության։ Տեղաշարժվելը, խոսելը բավականին դժվարացել է փետրվարից, երբ նրա մոտ հայտնաբերվել է նախաինսուլտային վիճակ։ Աջ վերջույթները թուլացած են, հիմա էլ բութ ցավեր է զգում»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց Դավիթ Գյուրջյանը ։

Արամ Հակոբյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, ինչպես փաստաբանն է  տեղեկացնում նրան դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո։

ՄԻԵԴ-ը կայացրած որոշման մեջ նշել է նաև, որ Դատարանի 39-րդ կանոնի շրջանակներում մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման։

Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նա մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու, զենք, զինամթերք կրելու, պահելու, փոխադրելու  գործով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter