HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատարանը Գառնիի համայնքապետարանին պարտավորեցրեց տրամադրել ավագանու եւ համայնքի ղեկավարի 3 տարվա որոշումները

Վարչական դատարանը մայիսի 18-ին կայացրած վճռով բավարարեց Գառնիի համայնքապետարանի դեմ ներկայացրած մեր հայցը` տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին: Վճռով Գառնիի համայնքի ղեկավարին պարտավորեցվեց «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին տրամադրել 31.05.2016 թ.-ի գրությամբ պահանջված տեղեկությունները, Գառնիի համայնքապետարանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի բռնագանձել 50 000 ՀՀ դրամ որպես հայցվորի ներկայացուցչի վճար, նաեւ՝ 4000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար:

2016 թ. մայիսի 31-ին Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանին գրավոր հարցում էիք ուղարկել, խնդրելով տրամադրել

  1. Գառնի համայնքի ավագանու եւ Գառնի համայնքի ղեկավարի վերջին երեք տարիների` 2014-16 թթ.-ին, կայացրած բոլոր որոշումները` կից հավելվածներով:

Եթե պահանջվող որոշումները հրապարակվել կամ տեղադրվել են որեւէ կայքում, տեղեկացնել, թե որտեղ են հրապարակվել կամ տեղադրվել (նշել կայքի համապատասխան լինկը),

  1. հայտնել, թե ինչո՞ւ է դադարեցված Գառնի համայնքի պաշտոնական` www.Kotayk-garni.am կայքի գործունեությունը,

  2. կայքի չգործելու ընթացքում ինչպե՞ս է ապահովել համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կայացրած որոշումների հրապարակումը:

Գառնիի նախկին համայնքապետ Աշոտ Վարդանյանը 2016 թ. ապրիլ ամսից փակել էր կայքի՝ ավագանու որոշումների բաժինը, իսկ օգոստոս ամսից դադարեցրել էր գործարկել համայնքապետարանի կայքէջը: Մեր գրությունն ստանալուց հետո վերականգնեց կայքի աշխատանքը, սակայն շարունակեց փակ պահել կայքէջի այն բաժինները, որտեղ տեղադրվում են համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները: Նա չպատասխանեց մեր գրավոր հարցումին եւ չտրամադրեց պահանջված տեղեկատվությունը:

Մեր հայցի քննությունը դատարանն սկսեց 2016 թ. նոյեմբերի 22-ին, այն ժամանակ, երբ Աշոտ Վարդանյանն արդեն համայնքի ղեկավար չէր: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրության արդյունքներով նա չվերընտրվեց:

Մինչեւ դատաքննությունն սկսվելը, հանդիպել էինք համայնքի նոր ղեկավարին եւ հաշտություն առաջարկել, եթե կամովին կտրամադրեն պահանջված տեղեկատվությունը: Աշխատակազմին բացատրեցինք, որ տեղեկատվությունը չտրամադրելով խոչընդոտվում է կազմակերպության կարեւոր հասարակական առաքելությունը, այն է մամուլի՝ հանրային մարմինների նկատմամբ «հսկողության» գործառույթի իրականացումը։ Մանավանդ, պահանջված տեղեկատվությունը վերաբերում է լայն զանգվածներին եւ այստեղ առկա է հանրային գերակա շահը:

Չմերժեցին, բայցեւ չտրամադրեցին: Դատաքննությանը համայնքապետարանի ներկայացուցիչը չմասնակցեց, սակայն գրավոր հայտնեցին, որ ինձ տրամադրվել է պահանջված տեղեկատվությունը: Դատարանի պահանջին` ներկայացնել տեղեկատվությունը տրամադրելու վերաբերյալ ապացույցներ, համայնքապետարանն այլեւս չարձագանքեց:

Ցավալի է, որ Ա․Վարդանյանից հետո նրա աշխատակազմում չվերանայեցին իրենց աշխատաոճը եւ  համայնքային բյուջեից դեռեւս պետք է փոխհատուցեն նախկին համայնքապետի անգործության եւ կամայականության հետեւանքով առաջացած վնասները:

Ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները հրապարակելու հնարավորություն է ստեղծված նաեւ մարզպետարանների կայքէջերում: Սակայն, ցավոք, մարզպետարաններից շատերն իրենց աշխատաոճով շատ չեն տարբերվում նման համայնքապետարաններից: Մասնավորապես, Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջում, եթե հրապարակվեին այս տեղեկությունները, հարկ չէր լինի դիմել դատարան եւ մոտ մեկ տարի սպասել վճռին: Հարկ չի լինի ծանրաբեռնել դատարանները, նաեւ վատնել համայնքային բյուջեն:  

Ավելի քան 10-ը տարի ջանքեր ենք գործադրում օրենքի նվազագույն պահանջն իրականություն դարձնելու ուղղությամբ` համայնքապետերի գիտակցության մեջ արմատավորել, որ ՏԻՄ մարմինների կայացրած որոշումները պարտադիր հրապարակման ենթակա են եւ, եթե չեն հրապարակվել, ուրեմն իրավական ուժ չունեն: Սակայն, մինչ օրս հարկադրված ենք դատական կարգով ստանալ ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները:

Համայնքապետարաններից տեղեկատվություն ստանալու պահանջով սա առաջին հայցադիմումը չէ, որ բավարարում է դատարանը: Խորապես համոզված եմ, որ համայնքների ղեկավարների կամայականությունները վերջ կունենան այն ժամանակ, երբ համայնքապետարանը նրանցից կգանձի վճռով բռնագանձվելիք գումարները, երբ առ ոչինչ կճանաչվեն իրավական ուժ չունեցող որոշումներով նրանց կատարած բոլոր գործարքները: Պաշտոնաթող լինելը նրանց չպետք է ազատի պատասխանատվությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter