HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետն ունի 78 տարեկան ռեֆերենտ

Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ավագանին ապրիլի 15-ին որոշել է համայնքի ղեկավարի առաջարկությամբ զիջել «սոցիալապես անապահով» թվով 18 բնակիչների ավտոմեքենաների գույքահարկ՝ շուրջ 193,000 դրամ:

«Անապահով» բնակիչների ցանկը գլխավորում է համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի դուստրը՝ Անահիտ Մկրտչյանը: Ավագանին որոշել է զիջել նրա «Վազ 21214-126-20» մակնիշի ավտոմեքենայի գույքահարկը, որը կազմել է 17,000 դրամ:

9500 դրամի գույքահարկի պարտք է ունեցել նաև ավագանու անդամ Ալեքսան Ասլանյանի եղբորորդին՝ Մուրադ Ասլանյանը, որը նույնպես զիջվել է: Ընդ որում, ավագանու անդամ հորեղբայրը կողմ է քվեարկել այդ որոշմանը:

 
Նա միակը չէ, ավագանու մյուս անդամները ևս «լավություն» են արել իրենց ազգականներին և զիջել վերջիններիս գույքահարկը:

Դարձյալ «անապահովի» անվան տակ թվով 30 քաղաքացիների ավտոմեքենաների գույքահարկը զիջվել է նաև այս տարվա փետրվարի 15-ի ավագանու նիստի ժամանակ:

Այդ դեպքում անապահով է եղել ավագանու անդամ Մնացական Պետրոսյանը: Գործընկերները զիջել են Պետրոսյանի թվով երկու ավտոմեքենաների գույքահարկը, ընդհանուրը՝ 10,800 դրամ: Զիջվել է մաև համայնքապետարանի աշխատակիցների և նրանց ազգականների գույքահարկը:

Ընդ որում, ուսումնասիրելով այդ որոշումները պարզում ենք, որ համայնքի ավագանին պարբերաբար զիջում է նույն անձանց ավտոմեքենաների գույքահարկը:

Սա այն դեպքում, երբ մայիսի 11-ի Արմավիրի մարզխորհրդի նիստի ժամանակ Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը «գորշ» գույներով ներկայացրեց համայնքի վիճակը: Նա չէր կարողացել հավաքել հողի և գույքահարկերը, կատարել սեփական եկամուտների հավաքագրման պլանը: Այս տարվա 4 ամիսների տվյալով՝ հողի հարկը հավաքագրել էր 20%, իսկ գույքահարկը՝ 29.2%: Իսկ համայնքապետարանի աշխատողներին պարտք է մոտ 5 միլիոն դրամ: Համայնքապետն արդարանում էր, որ գյուղացիները մոտ 500 հեկտար հող չեն մշակում, ինչը դժվարացնում է հարկերի հավաքագրումը:

Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել Նալբանդյանի վիճակը: Ուշագրավն այն է, որ Գրիգոր Մկրտչյանը տարիներ շարունակ բողոքում է ցածր դոտացիայից, հարկերի պակաս հավաքագրումից: Մինչդեռ նույն սկզբունքով համայնքում «բաշխվում» են նաև սոցիալական օգնությունները:

Մասնավորապես, 2017թ. ապրիլի 15-ի նիստի ժամանակ 50.000-ական դրամ են հատկացրել համայնքապետարանի տնտեսվար Արթուր Հովհաննիսյանին և նրա մորը: Յուրաքանչյուրին 50,000-ական դրամ են հատկացրել նույն ընտանիքի անդամներ Աշխեն Գևորգյանին, Ռեգինե Գրիգորյանին, Նախշուն Սարգսյանին: Յուրաքանչյուրին նույնքան գումար է հատկացվել նաև մեկ այլ ընտանիքի մի քանի անդամներին՝ Արամ Պետրոսյանին, նրա կնոջը՝ Հասմիկ Կարապետյանին, մորը՝ Ռոզա Ամիրխանյանին, 50.000-ական դրամ Աննա և օֆելյա Ենոքյաններին և այդպես շարունակ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Նալբանդյանի համայնքապետին հիշեցրեց մեծ աշխատակազմի մասին և առաջարկեց կրճատել աշխատակիցների թիվը, նշելով, որ այն ուռճացված է: Համայնքապետը չհամաձայնվեց, նշելով, թե թիվը ուռճացված չէ:

 

Մեր ուսումնասիրություններով պարզեցինք, որ համայնքապետարանի աշխատող է համարվում համայնքապետ Գրիգոր Մկրտչյանի կինը՝ Նարինե Գրիգորյանը: Նա համայնքի երաժշտական դպրոցի տնօրենն է: Իսկ Գրիգոր Մկրտչյանի ռեֆերենտը 78-ամյա Ջեմմա Ղուկասյանը, համայնքապետի քրոջ ընտանիքի անդամն է: Նրանք միակը չեն, մեր տեղեկություններով Գրիգոր Մկրտչյանի այլ մերձավորներ ևս աշխատում են Նալբանդյանի համայնքապետարանում:

Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ համայնքապետ Գրիգոր Մկրտչյանից: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter