HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Floors»-ի հիմնադիր. «Ես Գյումրիում հասարակ մահկանացուի չեմ հանդիպել, բոլորը հատուկ են»

Հայկ Աբրահամյանը երեւանցի է: Հայկը Գյումրիում դեռ «ծո՛ Հայկ ջան» չի դարձել, բայց Հայկն արդեն «մեր տղեն է»: Հայկը չի սիրում շատ խոսել՝ բարմենի բնավորություն ունի՝ ավելի շատ լսում է: Հայկը «Floors»-ի հիմնադիրն է: Հարցնում եմ՝ հիմա սա ի՞նչ է: Ծիծաղում է՝ «Դեռ ինքներս էլ չենք կողմնորոշվում՝ մի տեսակ «три в одном» է ստացվել»: «Floors»-ը հայրաքաղաքում բացված առաջին փաբն է՝ գինեսրահի ու սրճարանի համակցմամբ, որտեղ կարելի է նաեւ մշակութային միջոցառումներ անցկացնել:

Հայկն ասում է՝ ձեւի թելադրողն եղել է շինությունը, անունն էլ Floors (անգլերենից թարգմանաբար՝ հարկեր), ծնվել է նույն պատճառաբանությամբ: Ասում եմ՝ տպավորություն է, թե մի օր արթնացել ես ու որոշել նվաճելը հայրաքաղաքը: Ծիծաղում է. «Պատկերացրեք, էդպես էլ եղել է՝ մի գիշերում եմ որոշել»:

Հենց այդպես, աշնանային մի օր արթնացել է ու որոշել՝ ճիշտը Գյումրին է: Հետո, ինչպես կինոներում է լինում: Լուսադեմին հանգիստ չտվող միտքը մի 20 րոպե էլ է ծամծմվել, մի բաժակ սառը ջուր խմելու նման կուլ գնացել, հետո միս ու արյուն ստացած սլացել Երեւան-Գյումրի մայրուղով: Աշնան արեւի նվազ ճառագայթները Շիրակի մարզում ջերմորեն չեն դիմավորել: Իմացող մեկն իր հեղինակավոր կարծիքն է հայտնել, թե՝ ձմռան շեմին գործ չեն սկսի՝ համբերի օրերը տաքանան, բայց դե ներսի փոքրիկ մարդուկն արդեն սկսել էր բզբզալ՝ գնա, դժվար է լինելու, բայց ոչինչ՝ դու անպայման գնա:

Հետո արդեն ընկերոջ հետ պիտի թափառեին Գյումրու հինավուրց փողոցներով՝ հետ-առաջ, վեր ու վար: Առաջին օրը պիտի դատարկաձեռն մնային: Պիտի գնային, մի երկու օրից վերադառնային ու Կումայրի արգելոց թանգարանի սրտում, Շիրազի փողոցում գտնեին իրենց ուզածը: «Ճիշտն ասած, մի հարկանի տարածք էինք ուզում, բայց որ տեղն արդեն հավանել էինք՝ եղած երեք հարկից մեկ այլ միտք ծնվեց՝ իսկ ինչու՞ միայն փաբ եւ ոչ ասենք հետն էլ սրճարան ու գինեսրահ,-Հայկի դեմքին ժպիտ է հայտնվում,-ճիշտն ասած՝ գործը սկսելիս, ինձ ոգեւորող միտքն այն էր, որ առաջինն ենք ու միակն ենք լինելու մեր տեսակի մեջ՝ գոնե առաջիկայում»:

«Իսկ ձախողվելու վախ չկա՞ր»,-հարցնում եմ: «Վախ հիմա էլ ունեմ»,-պատասխանում է Հայկն ու խոստովանում՝ Գյումրին լրիվ ուրիշ աշխարհ է, մարդիկ են ուրիշ՝ մի տեսակ շատ են յուրահատուկ: «Որ նոր էինք բացվել (2016թ-ի դեկտեմբերի 23-ին), ամեն ներս մտնողն իր պարտքն էր համարում խորհուրդներ տալ: Ճիշտն ասած, ոչ մի քաղաքում չեմ նկատել, չեմ լսել, չեմ տեսել, որ հաճախորդը մտնի սրճարան կամ փաբ կամ ցանկացած այլ տեղ ու սկսի խորհուրդներ տալ: Բնականաբար կարող է լիքը պակաս բաներ ու թերություններ ունենանք, էդ մենք էլ ենք հասկանում, բայց Գյումրիում, ես չգիտեմ ինչից է, որ ուզում են ամեն ինչ կատարյալ լինի,-զրուցակիցս ծիծաղում է,-80 տոկոսը հաճախորդների ստեղ իր պարտքն է համարում քեզ խորհուրդներ տալ, միանգամից մտերմիկ զրույցի են բռնվում ու երկրորդ փուլն արդեն խորհուրդներն են՝ էս փոխեք, էն փոխեք: Եղել է դեպք, որ տեղում չեմ եղել, աշխատողին խնդրել են, թե տնօրենին կանչի՝  «հըլը մե հատըմ ծանոթանանք, նստինք, խորաթա էնենք»:

Հիշում է, թե ինչպես էին շտապում մինչեւ ամանոր բացել փաբի դռներն այցելուների համար: Ասում է, անմարդկային կարճ ժամանակում՝ 45 օրում հասցրել են վերանորոգել, մասնակի փոփոխություններ անել տարածքում՝ շատ է օգնել դիզայներ ընկերը: Կնոջ հետ գիշերներ են լուսացրել խեցուց փոքրիկ մարդուկներ ու այլ մակետային իրեր պատրաստելիս: Խոստովանում է՝ Գյումրի գալուց հետո սկսել է ծխել ու սուրճ խմել:

«Մի հետաքրքիր բան էլ եմ ուզում պատմել: Ուրեմն ասի, չէ՞, որ նոր տարուց առաջ էր ու մի տեսակ հեքիաթային շունչ կար օդում, մենք էլ նոր էինք բացվել, ամեն ինչ անում էինք, որ սրճարանը դրսից կանչող տեսք ունենա՝ հատկապես՝ երեկոյան, ձյան սպիտակ ֆոնին: Մի երեկո ներս մտան երկու աղջիկ, նստեցին ու առաջին նախադասությունն եղել է էն, թե չեք կարո՞ղ մի բան անել, որ դրսից անցնողին ձեր սրճարանը կանչի: Հարցրեցի, իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, սկսեցին խորհուրդներ տալ, կարծիքներ հայտնել, վերջում՝ տեսնելով, որ համեստորեն լսում եմ, ասեցին՝ ոչինչ, շատ մի նեղվեք, էդքան էլ վատ չի»:

Պատմում է, որ համացանցով հայտարարություն են տարածել, որ «Floors»-ին աշխատողներ են պետք, մեկը շատ լուրջ հետաքրքրվել է. «իսկ ձեզ տնօրեն պետք չէ՞»:  «Ես չեմ նկատել էստեղ հասարակ մարդ-մահկանացու, բոլորն էստեղ տաղանդավոր են: Ուղղակի չեմ տեսել մարդ, որ ունենա գոնե մի մասնագիտություն՝ բոլորն ունեն էսինչ ու էնինչ մասնագիտությունը, պլյուս դրան հոբբիներ ու զբաղվում են լրիվ ուրիշ գործով,-զրույցը շարունակում է Հայկը,-օրինակ, սովորական մարդկանց հետ շփվելիս Երեւանում կամ մի այլ տեղ, պարզում եմ, որ այդ «հասարակ մահկանացուն» ունի ասենք մի հատ աշխատանք, փոքր ժամանակ՝ ինչ որ երազանք ու հիմա շատ է ուզում էսինչ բանն անել: Բայց ստեղ չեն ասում՝ մենք զբաղվում ենք նկարչությամբ, ասում են՝ մենք նկարիչ ենք, մենք դերասան ենք: Մի՛ ծիծաղեք, լուրջ եմ ասում, էսքան ժամանակ, որ Գյումրիում եմ, դեռ հասարակ մահկանացուի չեմ տեսել, բոլորը մի տեսակ հատուկ են»:

Հայկին զգուշացրել են, թե հույս չունենաս, որ գյումրեցի կանայք ու աղջիկները երեկոյան ժամը 20-ից հետո այցելեն փաբ: «Ասին՝ բացառված է, չեն գա, ընդունված բան չէ,-զրուցակցիս աչքերը ժպիտից նեղանում են,- բայց արի ու տես, որ մեր հաճախորդների 65-70 տոկոսը հենց իգական սեռի ներկայացուցիչներն են: Գալիս են, անգամ մնում մինչեւ կեսգիշեր: Ստացվում է՝ մենք կարծրատիպեր ենք կոտրում»: Գյումրվա յուրահատկությունների շարքը շարունակում է հաճախորդների անկանոն հաճախելիությունը:

«Ամբողջ աշխարհում ընդունված է  հանգստանալ, սրճարաններ, փաբեր գնալ ուրբաթ-շաբաթ, ինչ-որ տեղ նաեւ՝ կիրակի, կամ ասենք՝ ընկերների հետ գարեջուր խմելու համար հավաքվել երեկոյան 7-ից հետո: Գյումրին մի քիչ դուրս է էդ ամեն ինչից՝  դա կարա լինի երկուշաբթի առավոտյան, կարա լինի երեքշաբթի երեկոյան: Լինում են պահեր, քեզ թվում է, թե սաղ քաղաքն իրար հետ պայմանավորված է գալիս՝ ոչ մի հարկում ազատ տեղ չենք ունենում, բայց եթե չեն գալիս՝ ուրեմն չեն գալիս: Էդ պատճառով էլ մինչեւ հիմա ֆիքսված աշխատանքային ժամ չունենք՝ առավոտից բաց ենք, մինչեւ գիշերը ժամը 2-ը»:

Սկզբնական շրջանում նեղվել է, երբ ամեն երկրորդ հաճախորդն ասել է, թե սրճարանում ամեն ինչ թանկ է՝ պետք է էժանացնել: «Երբ նոր էինք բացվում, հասկանում էինք, որ մենյուն ոնց էլ կազմենք՝ պիտի Երեւանի գներից մի փոքր մատչելի լինի: Մի քանի անգամ գները փոփոխության են ենթարկվել մեր մոտ ու ի վերջո թողել ենք ամենախելամիտ տարբերակը,-Հայկի ձայնում տարակուսանքի երանգներ եմ զգում,-սկզբում մտածում էի, թե վճարունակության հարցն է, բայց դե էդ նույն գյումրեցիներին ես բազմիցս տեսել եմ շաբաթ-կիրակի երեւանյան թանկ փաբերում ժամանակ անցկացնելով: Ուրեմն էստեղ հարցը փողը չէ, իսկ թե ի՞նչն է, դեռ չեմ հասկանում: Կարծում եմ ուղղակի չեն նայում ինչը ինչքան են պատվիրում: Ասենք, եթե շատ տեղերում 50 մլ գինին արժե 400 դրամ, մեր մոտ ստանդարտը 125-150 մլ է ու արժե 900 դրամ: Հիմա իրենք մլ-ին չեն նայում, մենակ գինն են տեսնում ու ասում են՝ թանկ է»:

Ասում է՝ գուցե ամենահեշտ ձեւը հաճախորդի ուզածով վարվելն է, սակայն հասկանում է. զիջելու դեպքում որոշ ժամանակ անց նմանվելու է մյուս սրճարաններին, կորցնելու է ինքնատիպությունը, որն այսօր «Floors»-ի այցեքարտն է: «Գերադասում եմ, որ մարդիկ սովորեն, ոչ թե ինձ ստիպեն, որ իրենց ուզածով անեմ: Հենց զիջեցի՝  կկորցնեմ ամեն ինչ ու կփակվենք: Անգամ Երեւանում չկա նման ֆորմատի բան՝ երեքը մեկում, կարող եմ ասել՝ առաջինը Գյումրիում է: Նպատակս եղել է էն, որ լինի տարածք՝ իրարից որոշակիորեն տարբերվող, որտեղ մարդիկ իրենց նախընտրությամբ կգան, կշփվեն, լավ ժամանակ կանցկացնեն»:

Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter