Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Բարի ճանապարհ, Քրիս Քորնել



Անցնող շաբաթ՝ մայիսի 17-ին Դետրոյթում կայացավ ամերիկացի ռոք երաժիշտ, երգիչ և երգահան Քրիս Քորնելի համերգը: Ժամեր անց, դեռ համերգի տպավորությունը ամբողջությամբ չմարսած՝ երկրպագուները հանկարծակիի եկան երաժշտի նոր անակնկալից՝ Քրիս Քորնելը մահացել էր: Նրան թիկնապահը գտել էր հյուրանոցի լոգասենյակում, վզին՝ ինչ-որ կապ, որով, ըստ նախնական տվյալների, ինքն իրեն խեղդամահ էր արել: Այս լուրը հանկարծակիի բերեց ոչ միայն երկրպագուներին, այլև ընտանիքի անդամներին, քանի որ ինքնասպանություն գործելու դրդապատճառներ կարծես թե այդ ընթացքում նա որևէ կերպ չէր արտահայտել: Ժամեր առաջ նույնիսկ թվիթերյան իր էջում գրառում էր հրապարակել, ըստ որի՝ սպասվող համերգից նա շատ ոգևորված և հուզված էր: Երաժշտի հարազատները պնդում են, որ նա մահացել էր հակադեպսեսիվ դեղահաբի չարաշահումից, դրա կողմնակի ազդեցության պատճառով: Ոստիկանությունը դեռ շարունակում է հետաքննություն անցկացնել և, հավանաբար, նոր եզրահանգումներ կհրապարակվեն՝ փաստերի, ենթադրությունների, ինչ-որ պատմությունների ու նախապատմությունների հիմքով: Շատերի համար դա այլևս այնքան էլ էական չի լինի, որովհետև փաստ այն է, որ Քրիս Քորնել անունով երգիչն այլևս համերգներ ու նոր երգեր իր երաժշտասերներին չի նվիրի:

Հայ հանդիսատեսն այս երգչին առավելապես ճանաչեց «Խոստումը» ֆիլմի միջոցով: Նա ֆիլմում հնչող համանուն երգի հեղինակն էր: Քորնելը որոշել էր, որ երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրելու է միայն բարեգործական նպատակով

Սակայն մինչև մեզ համար կարևոր «Խոստումը» ֆիլմը, Ք. Քորնելի անցած ճանապարհը նշանավոր հանգրվաններ է ունեցել, որոնք ընգծել են նրա ձայնը՝ տեղն ու դերը երաժշտության մեջ: Քրիս Քորնելը 80-ականների, հատկապես, 90-ականների ռոք երաժշտության ամենափայլուն անուններից է: Նա համարվում է ռոքի այս ժամանակաշրջանի հիմնադիրն ու առաջնորդներից մեկը: «Soundgarden» և «Audioslave» խմբերի հայտնի վոկալիստն ու երգահանը ճանաչված էր նաև իր անհատական բազմաթիվ աշխատանքներով, ֆիլմերի համար ստեղծած երաժշտություններով, գեղեցիկ երգեր գրելու շնորհով և, ամենակարևորը, չորս օկտավա ընդգրկող ձայնով: Այդ ձայնը անմիջապես ճանաչվում էր մյուս հզորներից, որովհետև այս երաժիշտը տիրապետում էր վոկալի առանձնահատուկ տեխնիկայի՝ իր դժվարությամբ և վտանգավորությամբ առանձնացող belting vocal երգեցողության:

«Իմ կյանքում ես ամենաշատը երևի լսել եմ «Փինք Ֆլոյդի»  «Սրնգահարը արշալույսի դարպասների մոտ»  ալբոմը:- ասել է Քորնելը,- Տասնինը տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի այն: Չգիտեմ, թե հետո քանի անգամ եմ գնել. 5 անգամ՝ ձայնասկավառակ- CD տարբերակով, վինիլային տարբեր հրատարակություններ, ձայներիզներ: Ալբոմի շապիկի պատկերը նկարել և կրում էի կաշվե բաճկոնիս վրա»

Քորնելին համարում են 90-ականների գրանջային շարժման, այսպես ասած, ճարտարապետներից մեկը (Grunge- ալտերնատիվ ռոքի ենթաժանր է՝ հիմնված կիթառի «կեղտոտ» հնչողության վրա: Կոչվում է նաև սիեթլյան հնչյուն, որովհետև ստեղծվել է ամերիկյան Սիեթլ քաղաքում):  Վերոնշյալ և «Temple of the Dog» (հիմնադիր և առաջնորդ) խմբերից բացի, այս երաժիշտը թողարկել է անհատական չորս ստուդիական  ալբոմ՝ «Euphoria Morning» (1999թ.), «Carry On» (2007թ.), « Scream» (2009թ.), «Higher Truth» (2015թ.): 2011թ. թողարկվել է նաև համերգային «Songbook»-ը:

Այս օրերին Քրիս Քորնելի կորստի, նրա երաժշտության, գրչի ու ձայնի առանձնահատկության մասին խոսքեր են հնչում աշխարհի տարբեր անկյուններից: Ափսոսանքի և ցավակցության խոսքեր են գրում երաժշտի ընկերներն ու հայտնի արտիստները: Նրան նվիրված համերգային նախագծերն արդեն մեկնարկվել են և այդ ծրագրերը լի են Քորնելի հայտնի ստեղծագործությունների կատարումներով: Նրանց թվում է նաև Ջիմի Փեյջը՝ լեգենդար «Led Zeppelin»-ի լեգենդար կիթառահարը: «Այդքան ջահել, այդքան տաղանդավոր,- ափսոսանքով և ցավակցությամբ ասել է Փեյջը,- Քեզ շատ ենք կարոտելու, Քրիս»:

«The Promise»-ը ստեղծելիս՝ Քորնելը Հայոց Ցեղասպանության մասին որոշ ուսումնասիրություն էր արել, որպեսզի ճիշտ պատկերացում ունենար այն ամենի մասին, ինչից երգն էր ծնվելու: «Հայոց Ցեղասպանության մասին մի քանի՝ իսկապես զարմանալի վավերագրություն կա, և դրանցից մեկը պատմում էր այն մասին, թե ինչպես մարդիկ, տառացիորեն ընդամենը րոպեներ ունենալով իրենց հետ վերցնելու հնարավոր ինչ-որ բան (իրենց ունեցվածքից), նախընտրել են լուսանկարներ. ցանկացած որևէ այլ բանից առաջ, անգամ թանկարժեք զարդերից,- պատմել է Քորնելը,- ես իրոք հուզվել էի այդ երևույթից, այն մտքից, թե ինչը կարող է մարդկանց համար կարևոր լինել՝ ամենավճռորոշ վայրկյանին» :  

«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ես նստած էի քո կողքին, խոսում էինք երաժշտությունից, կյանքից, երեխաների մասին: Քո կյանքն ու երաժշտությունը անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա, եղբայրս: Եվ քո հոգին կարող է բնութագրվել միայն որպես մեծահոգի և արքայական: Բարի ճանապարհ…»:- գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ստորև ներկայացնում ենք ամերիկացի ռոք երգիչ, երգահան և երաժիշտ Քրիս Քորնելի ամենահայտնի գործերից մի քանիսը, որոնց հետքերով ընթերցողը կարող է բացահայտել այս երաժշտի աշխարhն ու ստեղծագործական ձեռագիրը:

 

« Black Hole Sun». «Soundgarden» խմբի երգացանկից

«Երբ գրեցի այս երգը, համոզված էի, որ խմբի անդամները չեն հավանելու այն,- պատմել է Քորնելը հարցազրույցներից մեկում,- բայց հետո դարձավ այդ ամռան ամենահայտնի հիթերից մեկը…» : Երգը գրվել էր ընդամենը 15 րոպեում: «Black Hole Sun»-ը թողարկվել է 1994թ. և թվով երրորդ սինգլն էր խմբի «Superunknown» ալբոմից: Սա « Soundgarden» խմբի ամենաճանաչված երգն է, որը մինչ օրս մնում է նաև 90-ականների  ամենասիրված և հիշարժան երգերից մեկը: Գրավելով «Billboard Mainstream Rock Tracks»-ում առաջին տեղը՝ նա այս շարքը գլխավորեց շաբաթներ շարունակ: «Սյուրռեալիստական երազային աշխարհից հնչող բառերով մի բան է, վերնագրի հետ՝ տարօրինակ խաղով»,- ասել է Քորնելն՝ անդրադառնալով երգի խոսքին: Նա նշում է նաև, որ բանաստեղծական առումով երգը ամենամոտն է իրեն՝ «խաղալ բառերով՝ հանուն բառերի»:  

Այս երգի մասին ակնարկելով է Սթինգը խոսել Քորնելի կորստյան առիթով իր տխրության մասին. «Աղմուկի ու ստի մեջ թաղված աշխարհում Քրիսը գեղեցիկ մարդ էր, ով գեղեցիկ ձայնով երգում էր իր ճշմարտության մասին: Իսկապես, նա արև էր՝ սև անցքում»:

«The Day I Tried to Live»

Լեգենդար «Led Zeppelin» և «Black Sabbath» խմբերի ազդեցությունը հաճախ է ժխտվել « Soundgarden» խմբի անդամների կողմից. ավելի ճիշտ՝ այդ ազդեցության արտահայտությունը, կիրառումն իրենց երաժշտության մեջ: Ինքը՝ Քորնելն ասում էր, որ երբևէ չի խորացել 70-ականների հևի մեթալի ուղղությամբ, և այդ ազդեցության որոնումներն ընդամենը գալիս են իրենց մի քանի երգերից: Եվ, այնուամենայնիվ, կա մի երգ, որը ոչ միայն այս երկու տարբեր սերունդների միջև անմիջական կապի մասին է խոսում, այլև վառ արտահայտությունն է Քրիս Քորնելի երաժշտական հնարավորության: Մերկացնող պարզությամբ երգիչն այստեղ երևում է իր վոկալ, ոճային, մտածողության, զգացողության և ողջ երաժշտական էության հզորությամբ: «The Day I Tried to Live» երգն է այդ հայելին: Այն ևս «Superunknown» ալբոմից է:

«Շատերն են մտածում, որ այս երգը ինքնասպանության հետ կապ ունի՝ որոշ բառերի իմաստը տառացիորեն ընկալելով և մեկնաբանելով: Իրականում, այն հույս ներշնչող երգ է,- ասել է Քորնելը «The Day I Tried to Live»-ի մասին:- «Այդ օրը, երբ ես փորձեցի ապրել» արտահայտությունը ավելի լայն իմաստ ունի, ինչպես օրինակ՝  օրը, երբ ես իրականում փորձեցի բացվել ինքս իմ առջև և նկատել այն ամենը, ինչ կատարվում էր իմ շուրջբոլորը. հակառակ անտարբերության և քարանձավում թաքնված մնալուն»:

« Soundgarden» խմբի տարիներից Քորնելի հայտնի և հիշարժան երգերից են՝ «Spoonman» , «Fell On Black Days» , «Jesus Christ Pose», «Rusty Cage», «Flower», «Outshined», «Pretty Noose» և այլ երգեր: Քրիս Քորնելի հաջորդ՝ «Audioslave» խմբի մուտքը մեծ իմաստով ազդարարվեց 2002թվականին՝ համանուն՝ «Audioslave» ալբոմով: Երաժշտական այս նոր «փաթեթը» բացում էր «Cochise» անվամբ երգը: 2001-2007թթ. հանդես եկած խումբը թողարկեց նաև «Out of Exile» և «Revelations» ալբոմները՝ «Show Me How to Live», «I Am the Highway», «Be Yourself», «Out of Exile», «Like a Stone» («Audioslave»-ից):

Քրիս Քորնելն անհատական գործունեությամբ զբաղվել է 1998-2000 թվականներին, ապա ՝ 2006-2017թթ.: Այս ընթացքում նա բացի ալբոմներից, հիթային սինգլներից, համերգային շրջագայություններից՝ հանդես է եկել նաև մի շարք համագործակցություններով՝ տարբեր երաժիշտների հետ: Անհատական գործունեության շրջանը նշանավորվել է բազմաթիվ երգերով՝ «Can’t Change Me», որը «Գրեմիի» 2000թ. մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց որպես տղամարդու լավագույն վոկալ ռոք կատարում: Հիշենք նաև «No Such Thing», «Arms Around Your Love», «The Keeper» երգերը, Դեյվիդ Առնոլդի հետ համատեղ ստեղծված« You Know My Name»-ը, վերջին թողարկված սինգլը՝ «The Promise» և ուրիշներ: Դրանք նաև ֆիլմերի համար ստեղծված հայտնի սաունդթրեքեր են, հայտնի երգերի անկրկնելի քավըրներ և նոր մեկնաբանություններ:

«Մարդկանց համար իսկապես դժվար է ստեղծել սեփական կյանքը և, միևնույն ժամանակ, ստեղծել իրենց անհատական ազատությունը,- ասել է Քրիս Քորնելը,- և գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետև արդյունքում նրանք ավելի շատ հուսախաբ են լինում՝ վերածվելով անազնիվ ու զայրացած մարդու՝ պատրաստ մյուսի հերն անիծել ստանալու համար այն,ինչ ուզում են: Մեր մասնագիտության մեջ այնքան բան կա՝ ուրիշների վրայով անցնելու, առաջ գնալու: Մեր բախտը բերել է, որովհետև երբեք չդարձանք այդպիսին: Մասամբ, որովհետև հաստատակամ էինք և մասամբ էլ՝ որովհետև մեր բախտն է բերել»:

Գլխավոր լուսանկարը` www.billboard.com -ից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ