HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղադրանքներ՝ Իշխան Բարսեղյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանի նկատմամբ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում: Նիստը սկսվեց ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանի փաստաբանների՝  վերջերս դատական համակարգում նշանակված ու այս գործը քննող դատավոր Վաչե Մարգարյանի նկատմամբ մեղադրանքներով:

Պատճառը դատավորի՝ նախորդ դատական նիստի ժամանակ կայացրած որոշումն էր, համաձայն որի՝ Բարսեղյանի փաստաբաններից երեքի նկատմամբ դատարանը սանկցիա էր կիրառել՝ դիմելով Փաստաբանների պալատ նրանց կարգապահական տույժի ենթարկելու պահանջով:

Իշխան Բարսեղյանն այս գործով 6 պաշտպան ունի, որոնցից որևէ մեկը նախորդ՝ մայիսի 11-ին նշանակված նիստին չէր ներկայացել. պաշտպան Վարդուհի Էլբակյանին վիրահատության էին ենթարկվել, և բժշկական կենտրոնից դրա վերաբերյալ գրություն էր ուղարկվել դատարան, աշտպաններ Արա Ղազարյանն ու Վլադիմիր Գրիգորյանն էլ դատարանին հայտնել էին, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկայանալ նիստին:

Բարսեղյանի մյուս պաշտպաններ Լիանա Գրիգորյանը, Կարեն Ղազարյանն ու Կարեն Հովհաննիսյանն իրենց բացակայության վերաբերյալ որևէ գրավոր կամ բանավոր բացատրություն չէին ներկայացրել, ու դատավորը, առանց փաստաբանների ներկայության ու նրանց բացակայության վերաբերյալ բացատրություններ ստանալու հենց նույն օրը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել, ապա հետաձգել դատական նիստն ու նշանակել այսօր՝ մայիսի 20-ին՝ չնայած հանգամանքին, որ կողմերի միջև նախնական պայմանավորվածություն կար մայիսի 11-ին հաջորդող նիստը նշանակել մայիսի 25-ին:

Առանց պաշտպաններին լսելու նրանց նկատմամբ սանկցիա կիրառելու հանգամանքն առաջացրել էր Բարսեղյանի պաշտպանների զայրույթը: Բացի այդ, դատավորը որոշման մեջ օգտագործել էր նաև «չարամտորեն խուսափել» տերմինը՝ նկատի ունենալով, որ փաստաբանները չարամտորեն խուսափել են դատական նիստին ներկայանալ:

Դատարանը որոշման մեջ նշել է, որ փաստաբաններն անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ, մինչդեռ պաշտպանական կողմը գտնում է, որ իրականում դատավորի վերաբերմունք է իրենց՝ պաշտպանների նկատմամբ անհարգալից: Նրանք ուշադրություն հրավիրեցին հանգամանքի վրա, որ դատավորն այսօր կայացած նիստին ևս չփորձեց պարզել. գուցե իրենց բացակայությունը հարգելի է եղել:

«Եթե որևէ մեկին մեղադրում ենք, ապա նախքան այդ նրան պետք է արտահայտվելու հնարավորություն տալ»,-դատավոր Մարգարյանին դիմելով՝ ասաց Բարսեղյանի փաստաբան, նախկինում դատավոր աշխատած Վլադիմիր Գրիգորյանը:

«Եթե Փաստաբանների պալատում վարույթ սկսվի, ու պարզվի, որ մեր բացակայությունը հարգելի է եղել, այդ դեպքում ի՞նչպիսին է լինելու դատավորի հետագա քայլերը, արդյոք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել մեզնից...ձեր որոշումն ուղղակի զավեշտ էր»,- դիմելով դատավորին` ասաց փաստաբան Լիանա Գրիգորյանը:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ համոզմունք հայտնեց, որ դատավորը փաստաբաններին պատժելու քաղաքականություն է որդեգրել:

Փաստաբանն այսօր դատական նիստի ընթացքում մեկ անգամ առողջական վիճակի պատճառով ընդմիջում խնդրեց դատարանից, ևս մեկ անգամ թույլտվությամբ դուրս եկավ նիստերի դահլիճից, ակնհայտ էր, որ իրեն լավ չի զգում, դեռևս չի ապաքինվել:

Դատավորի՝ «պատժելու քաղաքականություն» որդեգրելու իր համոզմունքը հիմնավորելիս Էլբակյանը նշեց, որ չնայած դատավորին մայիսի 11-ին հայտնի է եղել, որ ինքն առողջական խնդիր ունի, այնուամենայնիվ, մայիսի 20-ին դատական նիստ է նշանակել՝ հաշվի չառնելով թե՛ իր առողջական վիճակը, թե՛ մյուս պաշտպանների կարծիքը:

«Ձեր որոշման մեջ բացակայում էր միայն մեղադրյալներ Իշխան Բարսեղանի և Էլզա Զաքարյանի մեղադրական եզրակացությունները»,- նկատի ունենալով նախորդ նիստին բացակա փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը՝ ասաց Վարդուհի Էլբակյանը:

Բարսեղյանի փաստաբանների պնդմամբ՝ իրենց քիչ է հետաքրքրում, որ Փաստաբանների պալատը իրենց նկատմամբ սանկցիա կկիրառի. խնդիրն ավելի լուրջ է. դատավոր Մարգարյանի խոսքերը խոսում են կանխակալ վերաբերմունքի մասին, ու կասկածի տակ դնում դատավորի՝ այս գործով դատավարական այլ գործողությունների անկողմնակալությունը:

Դատավոր Մարգարյանն, ի պատասխան Իշխան Բարսեղյանի փաստաբանների՝ իր հասցեին հն չեցված մեղադրանքների, պարբերաբար կրկնում էր, որ նրանք կարծես թե ճառ են ասում, միջնորդություն ներկայացնում, մինչդեռ այս դատական նիստի ընթացքում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ նրանք միայն հայտարարություններ անելու իրավունք ունեն, ինչպես նաև իր գործողություններն օրենքով սահմանված կարգով կարող են վիճարկել:

Հատկանշական է, որ դատավորը սանկցիա կիառելու հարցը քննարկել էր այս գործով առանցքային վկայի՝ Նորիկ Հակոբյանի ներկայությամբ այն դեպքում, երբ վկան իրավունք չունի մինչև հարցաքննվելը ներկա լինել նիստերի դահլիճում:

Լարված անցավ նաև փաստաբան վկա Կիմա Սարյանի հարցաքննությունը: Վերջինս ամբաստանյալ փաստաբան Էլզա Զաքարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Սարյանը դատարանում պատմեց, որ Էլզա Զաքարյանը քաղաքացի Նորիկ Հակոբյանին բնակարանային վեճի վերաբերյալ գործով իրավական աջակցություն է ցույց տվել, և երբ Զաքարյանը գնացել է ֆիզարձակուրսդ ինքը զբաղվել է Զաքարյանի մի քանի վստահորդների, այդ թվում Նորիկ Հակոբյանի գործով:

Վեճը, որը քննվելիս է եղել դատավոր Իշխան Բարսեղյանի վարույթում բնակարանի շուրջ է եղել, և Նորիկ Հակոբյանն անհանգստացել է, որ եթե դատարանը հայցվոր կողմի պահանջը բավարարի, իրեն 2016-ի հոկտեմբերի 30-ին կվտարեն բնակարանից:

Փաստաբան Սարյանը, գործի հանգամանքներից ելնելով՝ նպատակահարմար է գտել հակընդդեմ հայց ներկայացնել, ինչը արել է, ու շուրջ երեք ամիս հայցի՝ վարույթ ընդունելու կամ դատավոր Բարսեղյանի կողմից մեկ այլ որոշում կայացնելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացվել:

Նորիկ Հակոբյանն ավելի է սկսել անհանգստանալ, ու Սարյանից, ըստ վերջինիս ցուցմունքի, հետաքրքվել է, թե ինչպես կարող է տեսնել դատավորին:

Սարյանի խոսքով՝ ինքն ասել է, որ իր միջոցով դա անհնար է անել:

Փաստաբանն այսօր դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը երբևէ չի իմացել Հակոբյանի՝ դատավոր Բարսեղյանին կաշառք տալու մտադրության մասին և չի էլ կարծել, թե Նորիկ Հակոբյանը «կաշառքի գումար» ունի. Սարյանի խոսքով՝ ինքն անվճար է իրականացրել Հակոբյանի շահերի պաշտպանությունը՝ հենց հաշվի առնելով հանգամանքը, որ նա սոցիալապես ծանր վիճակում է գտնվել:

Վկա փաստաբանը դատարանում պնդեց, որ Նորիկ Հակոբյանի՝ դատավորին տեսնելու նպատակը բացառապես եղել է հակընդդեմ հայցի ճակատագրով հետաքրքրվելը: Սարյանը նշեց նաև, Նորիկ Հակոբյանի՝ դատավոր Բարսեղյանին «տեսնելու» հարցով ինքը դիմել է փաստաբան Էլզա Զաքարյանին ու հետաքրքրվել, թե արդյոք Զաքարյանը կարո՞ղ է Նորիկ Հակոբյանին այդ հարցով օգնել:

Սարյանը պնդում է, որ ինքը դա արել է, որովհետև Նորիկը շատ էր անհանգստանում:

Նշենք, որ Արդարադատության խորհրդի՝ դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու թույլտվության մեջ ասվում է, որ «Նորիկ Հակոբյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը տարբեր պատճառաբանություններով մոտ երեք ամիս վարույթ չի ընդունել իր փաստաբան Կիմա Սարյանի ներկայացրած հակընդդեմ հայցը: Իր «հարցով» դատավորին միջնորդելու համար Կիմա Սարյանն իրեն է փոխանցել ոմն Էլզայի բջջային հեռախոսահամարը: Ինքը զանգահարել և հանդիպել է Էլզային, ում առաջարկով իր ավտոմեքենայով գնացել են դատարանի շենքի մոտ, որտեղ ինքը սպասել է, իսկ Էլզան բարձրացել է դատավորի մոտ: Մոտ 10-15 րոպե անց Էլզան վերադարձել է և ասել, որ դատավորն իր գործին դրական լուծում կտա, եթե մինչև երեկո ինքը տա 1000 ԱՄՆ դոլար գումար: Խնդրել է Էլզային` դատավորից ճշտել գումարը հաջորդ օրը տալու հնարավորության հարցը, քանի որ այդ պահին գումար չի ունեցել, սակայն Էլզան դատավորի մոտ կրկին գնալուց և վերադառնալուց հետո հայտնել է, որ դատավորը պահանջում է գումարը տալ նույն օրը: Համոզվելով, որ դատավորի կողմից իրենից կաշառք է պահանջվում, այդ փաստից վրդովված, որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին տալ հանցագործության մասին հաղորդում»:

Փաստաբան Սարյանն ընդունեց, որ ինքը նշված օրը հանդիպել է Էլզա Զաքարյանին ու Նորիկ Հակոբյանին, սակայն պնդեց, թե կաշառքի վերաբերյալ որևէ խոսք չի եղել իրենց միջև:

Վկայի հարցաքննությունը տևեց շուրջ երկու ժամ. այս ընթացքում ինքը՝ վկան, դատավորը, դատախազը Իշխան Բարսեղյանի պաշտպաններին պարբերաբար «մեղադրում էին» կրկնվող հարցեր տալու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter