HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տաշիրում նկարահանումների մասին «օպերատիվ տեղեկություններ» ունեցող ոմն Այվազյան «Հետքի» լրագրողներին հրավիրում էր բաժին (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 20-ին, «Հետքի» լրագրողական թիմը գտնվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ այստեղ ապրող ռուս մոլոկանների մասին հոդվածներ պատրաստելու նպատակով: Թիմի կազմում էր նաեւ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, ով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին նկարելուց զատ՝ լուսանկարում էր նաեւ քաղաքային տեսարաններ՝ նորակառույց շինությունները, մոլոկանների լքված ու վաճառքի հանված հին տները, ասֆալտապատ կենտրոնական փողոցն ու անբարեկարգ, փոսառատ փոքր փողոցները:

Աշխատանքային պրոցեսի ընթացքում թիմի անդամներիս պարզ դարձավ, որ լուսանկարչի աշխատանքը հետաքրքրել է ինչ-որ անձանց: Դրանցից առաջինը, իր մեքենայով հետեւելով մեր մեքենային, կանգ առավ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «777» բենզալցակայանի մոտ, որտեղ անբարեկարգ փողոցը նկարելու համար կանգնել էինք նաեւ մենք: Առանց մեքենայից դուրս գալու՝ սույն անձը սկսեց հետաքրքրվել Հ. Պողոսյանից, թե ինչ է լուսանկարում, ինչին վերջինս պատասխանեց, որ լրագրող է, անունը՝ Հակոբ Պողոսյան, քաղաքն է նկարում, միաժամանակ հարցրեց, թե ով է հետաքրքրվողը: Վերջինս էլ պատասխանեց, թե պարզապես քաղաքացի է:

Րոպեներ անց, երբ «Հետքի» լուսանկարիչը ոտքով շրջում էր Տաշիրի կենտրոնում՝ քաղաքապետարանի ու այգու հարեւանությամբ՝ կադրեր անելով, լսել էր, որ մոտակայքում գտնվող մի տղամարդ հեռախոսով ինչ-որ մեկին փոխանցում է, թե «հա, էստեղ է, նկարում է»: Հետո տղամարդը մոտեցել էր Հակոբին ու իր հերթին հետաքրքրվել, թե ինչ է անում ու ստացել էր նույն պատասխանը, ինչ որ վերը նշված անձնավորությունը:

Ընդհանրապես, Հայաստանի մարզերում, հեռավոր շրջաններում աշխատած ոչ տեղացի լրագրողները կարող են փաստել, որ իրենց աշխատանքը չի վրիպում տեղի բնակիչների աչքից, որոնք երբեմն հետաքրքրությունից դրդված հարցնում են, թե ով է անծանոթը, ինչ է լուսանկարում կամ տեսանկարահանում, պատահում է նաեւ, որ խնդրում են իրենց էլ նկարել ու հրապարակել: Այնպես որ առաջին հայացքից մեր հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունը կարող էր բնական թվալ, սակայն այն, որ մեկը մյուսին հեռախոսով փոխանցում էր լուսանկարչի գործողությունները, արդեն հետաքրքիր էր:

Ամենահետաքրքիրը, սակայն, մեզ սպասում էր Տաշիրից Երեւան վերադառնալիս՝ երեկոյան կողմ: Երբ գրեթե դուրս էինք եկել քաղաքից, մեր հետեւից ընթացող 34 DO 880 պետհամարանիշի, «Օպել» մակնիշի քաղաքացիական մեքենան լուսարձակներով ազդանշան տվեց մեր վարորդին, ով ինքնաբերաբար կանգ առավ՝ մտածելով, թե ինչ-որ բան է պատահել: «Օպելի» վարորդը դուրս եկավ մեքենայից, քաղաքացիական հագուստով երիտասարդ էր, մոտեցավ մեր վարորդի պահուհանին, «քրեականից» ասելով, ինչ-որ վկայական ցույց տվեց ու անմիջապես դրեց գրպանը՝ միաժամանակ դիմելով մեքենայի մեջ գտնվողներիս՝ «ձեր փաստաթղթերը»:

Նրան մեկնելով «Հետքի» լրագրողի իր վկայականը՝ Հակոբը մեքենայից դուրս եկավ՝ հարցնելով նրա տվյալները, եւ թե ինչ է եղել: «Գեւորգ Այվազյան, օպերատիվ տվյալներ ունենք, որ քաղաքում նկարահանումներ եք արել»,- պատասխանեց նա՝ հարցնելով, թե որ լրատվամիջոցն է: «Վրան գրված է»,- ասաց Հակոբը: Տեսնելով, որ դիմացը լրագրող է կանգնած, ով ունի կազմակերպության անվամբ, ղեկավարի ստորագրությամբ ու պաշտոնական կնիքով լրագրողական վկայական՝ Այվազյանը, որքան էլ աբսուրդ լինի, հրավիրեց բաժին ու պահանջեց նաեւ մյուսներիս անձը հաստատող փաստաթղթերը: Ստիպված եղա նրան բացատրել, որ նրա ձեռքինը լրագրողի վկայական է, օրինական փաստաթուղթ: Չգիտեմ, թե որքանով ըմբռնեց, սակայն պահանջեց ցույց տալ նաեւ մյուսների փաստաթղթերը՝ շեշտելով, թե յուրաքանչյուր ոք իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ: Եթե հեռուն չգնանք, ապա ոստիկան ներկայացած Այվազյանի տրամաբանությամբ՝ օրինակ, Տաշիրի փողոցներում քայլող յուրաքանչյուր ոք, էշ կամ ձի քշող կամ էլ իր համար այգում նստած ամեն մարդ պիտի հետը փաստաթուղթ պահի, այլապես, եթե չի տիրապետում իր իրավունքներին, կարող են բաժին տանել:

«Ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով է սահմանված, որ յուրաքանչյուր ոք պիտի հետը անձը հաստատող փաստաթուղթ ունենա»,- հարցրի Այվազյանին:

«Քաղաքացիական օրենսգրքով»:

«Ո՞ր հոդվածով»:

«Հոդվածը չեմ կարող ասել»...

Չնայած մենք՝ երկու լրագրողներս, լուսանկարիչն ու վարորդը, անձը հաստատող փաստաթղթերի առումով խնդիր չունեինք, հարկ էր հասկանալ, թե ով է օրենքից ու քաղաքացիների իրավունքներից անտեղյակ այս տղամարդը, որը մեզ կանգնեցրել էր ու բաժին էր հրավիրում՝ առանց իրավական հիմքերի: Երբ պահանջեցինք նրա փաստաթուղթը, գրպանից հանեց, ցույց տվեց ոստիկանի վկայականը (համարը՝ 09742), ավելի կոնկրետ՝ միայն դրա կազմը, սակայն չբացեց, այսինքն՝ տեղում պարզ չեղավ՝ Գեւորգ Այվազյան անուն-ազգանունով ներկայացողն իսկապե՞ս ոստիկան է, թե՞ իր անձնական մեքենայով մեզ հետապնդած ինչ-որ քաղաքացի, ում ձեռքին ոստիկանական վկայական է հայտնվել: 

Չգիտակցելով, որ եթե ինքն իսկապես ծառայության մեջ գտնվող ոստիկան է, որը քաղաքացիներից փաստաթղթեր է պահանջում, ուրեմն վերջիններս էլ իր անձը հաստատող փաստաթղթին իրավունք ունեն ծանոթանալ, այդ թվում՝ նկարել, տեսանկարահանել, Այվազյանը մի պահ բորբոքվեց. «Խի՞ եք նկարահանում, ոչ կինոաստղ եմ, ոչ բան եմ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի գիտություն ոստիկանության՝ մենք ֆիքսել ենք նաեւ Տաշիրի «777» բենզալցակայանի մոտ «Հետքի» լուսանկարչին հարցուփորձ արած քաղաքացու մեքենայի համարանիշը: Իրավապահների ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված փաստերին: Իսկ Տաշիրի «տեղական նշանակության իշխանիկներին» տեղեկացնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդուպ ազատազրկմամբ: Առաջիկայում կրկին այցելելու ենք Տաշիր:

Հ.Գ. Կարելի է պատկերացնել, թե Գեւորգ Այվազյանի ու նրան ուղղորդողների նմանների հետ առնչվելու բախտ ունեցող տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներն ինչ տպավորություն կստանան, երբ ինչ-որ մեկն անձնական մեքենայով կանգնեցնի ու Տաշիրը նկարելու մասին «օպերատիվ տեղեկություններ» ունենալու անվան տակ հրավիրի բաժին: Իրենց քիմքին տհաճ կադրերի ու ինֆորմացիայի հրապարակումից զերծ մնալու համար Տաշիրի «տեղական իշխանիկները» լավ կանեն քաղաքի բոլոր մուտքերի մոտ արգելափակոցներ եւ հսկիչ-անցագրային կետեր դնեն, քաղաքն էլ հայտարարեն փակ գոտի կամ իրենց «դուքյան»:

Մեկնաբանություններ (2)

Մաթեւոս
Բայց դուք էլ եք լավը - խեղճ լոռեցի ոստիկանի վրա ընենց եք նապադենի տվել, որ մեղքս եկավ: Բա մարդը չհարցնի թե մեր ռազմավարական փոսերն ինչու եք նկարում? Գուցե թշնամու ռազվեդկայից եք, ուզում եք ավել խորացնեք, կամ եսիմ ինչ անեք?
Լուսիկ
Маразм крепчает. Ու այս պայմաններում խոսում են զբոսաշրջության մասի՞ն, երբ սեփական քաղաքացին վախվխելով պետք է երթևեկի իր Հայրենիքով: Երևի Էս զոնա նայողը վերջի ընտրություններում փող բաժանող, ձայն ապահովող է եղել, որ այսպես լկտիացել է՝ մի տեղ մի հետք թողած կլինի՝ արժե փնտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter