Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ոստիկանության արձագանքն ու «Հետքի» պատասխանը



Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է «Հետքի» երեկվա հրապարակմանը, որտեղ պատմել էինք Տաշիր քաղաքում ոստիկան ներկայացած անձի կողմից «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա մեր մեքենան կանգնեցնելու եւ բաժին հրավիրելու մասին:

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ««Հետքը» հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու եւ ինքնությունը ստուգելու գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ ազատազրկմամբ»:

Կամ Աշոտ Ահարոնյանն ուշադիր չի կարդացել «Հետքի» հրապարակումը, կամ փութացել է վայրկյան առաջ արդարացնել իր գործընկերոջը: Սա շեշտում ենք եւ հատուկ պարոն Ահարոնյանի համար մեջբերում հոդվածի այդ հատվածը, որտեղ Քր.օր.-ի հոդվածին հղում ենք կատարել ոչ թե ոստիկանության, այլ «տեղական իշխանիկների» համար, որոնց համար, հիմք ունենք կասկածելու, քաղաքի քարուքանդ փողոցներում մեր նկարահանումները տհաճ են եղել. «Իսկ Տաշիրի «տեղական նշանակության իշխանիկներին» տեղեկացնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդուպ ազատազրկմամբ»: Եթե պրն Ահարոնյանի ընկալմամբ «տեղական նշանակության իշխանիկ» արտահայտությունը նույնական է ոստիկանության աշխատողի հետ, ապա մեզ մնում է տարակուսել: 

«Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված «կամայականությունների» վերաբերյալ առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս ոստիկանության, նաեւ սեփական իրավունքների ու պարտականությունների մակերեսային գնահատմամբ,- գրում է Ահարոնյանը,- նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները օբյեկտիվորեն կարող էին եւ պետք է գրավեին իրավապահների ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով, ու նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու պրոֆեսիոնալ գործունեության տեսակը: Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու քաղաքացիների, ինչպես եւ պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց: Հիշյալ հոդվածի 3-րդ մասում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ: Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը եւ պարզելու անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության նկատմամբ կլիներ կոշտ ու օրինական: Սակայն ոստիկանության ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, եւ իրողությունը չի համապատասխանում լրագրողական արձագանքին»:

Պարոն Ահարոնյանին տեղեկացնենք, որ առաջին անգամ չենք լինում սահմանամերձ բնակավայրում: Լրագրողների մեր թիմը առաջնագիծ խրամատներից մինչեւ խորը թիկունք աշխատելու փորձ ունի ու շատ լավ է հասկանում, թե ինչ է ազգային անվտանգությունը: Միաժամանակ, եթե հայրենի իրավապահներն այսքան ուշադիր են անծանոթ անձանց կողմից նկարահանումների վերաբերյալ, ապա Ա. Ահարոնյանին եւ ընդհանրապես ոստիկանությանը տեղեկացնենք, որ մինչ օրս մեր պրակտիկայում, այդ թվում՝ հենց Տաշիրում եւ սահմանին շատ ավելի մոտ գտնվող  բնակավայրերում չի եղել նման այլ դեպք. այսինքն՝ կարող ենք ասել, որ նախկինում ոստիկանները մեր հանդեպ զգոն չեն եղել, թերացել են (այդ ժամանակ էլ ճակատներիս «լրագրող» գրած չի եղել): Սա՝ ի գիտություն ոստիկանության պատասխանատուների:

Աշոտ Ահարոնյանը կամայականորեն խուսափել է մեկնաբանել այն դրվագը, երբ Գ. Այվազյանը պատշաճ չի ներկայացել: Միայն ոստիկանության վկայականի կազմը ներկայացնելը քաղաքացուն ոչինչ չի ասում, ինչպես ոստիկանին ոչինչ չի ասի այն, եթե, օրինակ, Պողոս Պողոսյան ներկայացած քաղաքացին ներկայացնի միայն իր անձնագրի կապույտ կազմը՝ առանց բացելու (ոչ մի երաշխիք չկա, որ դա նրան է պատկանում, եւ նա իսկապես Պողոս Պողոսյանն է, եթե հայտնի չէ, թե ինչպիսին է դրա «պարունակությունը»): Եթե ինչ-որ քաղաքացի ինձ կանգնեցնում է իր անձնական մեքենայով (փաստորեն, ոստիկանությունը ծառություն է իրականացնում նաեւ անձնական մեքենաներով՝ 34 DO 880), ու ցույց տալիս միայն վկայակայնի կազմը՝ ասելով, թե ոստիկան է, ես միանգամայն իրավունք ունեմ չենթարկվել նրա պահանջին, որովհետեւ նա պատշաճ ձեւով չի ապացուցում, որ ինքը ոստիկան է: Պրն Ահարոնյանը լավ կաներ նաեւ սրա մասին խոսեր ու իրավունքից խոսելուց առաջ պարզաբաներ, թե ինչու իր կառույցի աշխատակիցը չի կատարում իր պարտականությունները: Հաջորդը՝ ինչպե՞ս է պատահում, որ Այվազյանը լրագրողի վկայականը նայելուց հետո մի պահ հրավիրում է բաժին, ապա հաշված վայրկյաններ անց ասում, թե «քանի որ ներկայացրեցիք, ինձ էլ ոչ մի խնդիր չկա»: Համաձայնեք, շատ սկզբունքային մոտեցում է:   

Ոստիկանությանը ու, մասնավորապես, պարոն Ահարոնյանին կխնդրեինք մի հարցում օգնել Գեւորգ Այվազյանին, ով ասում է, թե յուրաքանչյուր ոք պիտի իր հետ ունենա անձը հաստատող փաստաթուղթ՝ մեջբերելով Քաղաքացիական օրենսգիրքը: Քանի որ Այվազյանը չկարողացավ մատնանշել օրենսգրքի կոնկրետ հոդվածը, Ա. Ահարոնյանին խնդրում ենք գտնել եւ ցույց այն մեզ՝ «մակերեսային գնահատական տվողներիս», այլապես հակված ենք մտածել, որ հենց ոստիկանությունում են սեփական իրավունքների ու պարտականությունների մակերեսային գնահատմամբ զբաղվում՝ չտիրապետելով օրենքին կամայական մեկնաբանություններ անելով:  

«Պարզաբանեմ նաեւ, որ օրենքով նախատեսված դեպքերում իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցներ ու կանգնեցնելու համար ճանապարհային ոստիկան հրավիրելը պարտադիր չէ: Պարտադիր կլիներ, եթե տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտություն  առաջանար ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման կասկածանքով: Բայց չէ՞ որ «Հետքի» խումբը ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել… Օպերատիվ ծառայողը կարող է օրինական պահանջներ ներկայացնել՝ լինելով քաղաքացիական հագուստով, եթե ներկայանում ու պարզաբանում է պահանջի հիմքերը, ինչը եւ արել է ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողը»,- գրել է Ահարոնյանը: Արդեն ասացինք, որ նախ՝ Այվազյանը պատշաճ չի ներկայացել, ինչը հրապարակումից ու տեսանյութից հասկանալի է նույնիսկ երեխային, երկրորդ՝ ոստիկանության օպերատիվ ծառայողները երբվանի՞ց են ֆիզիկական անձին պատկանող (դա հուշում է պետհամարանիշը) անձնական մեքենաներով ծառայություն կատարում: Ոստիկանությունը իր մեքենաները չունի՞:    

Իր հայտարարությունը գնդապետ Ահարոնյանն ավարտում է այսպիսի կոչով. «Իմ խորհուրդը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին. մի՛ ընդդիմացեք ոստիկանության ծառայողին, եթե անվերապահորեն վստահ չեք, որ նրա պահանջն ակնհայտ անօրինական է: Մի՛ շտապեք միակողմանի լուսաբանել իրողությունները. ձեր հապճեպ եւ զգացմունքային գնահատականներն ու տարածած տեսանյութերը կարող են հանրային սխալ պատկերացումների ու անվստահության պատճառ դառնալ: Եթե կասկածներ ունեք, որ ձեր նկատմամբ կատարվել է անօրինականություն, ապա նման կասկածի հիմքեր տվող նյութերն ու փաստաթղթերը տրամադրեք ՀՀ ոստիկանությանը. ստուգման արդյունքներով ձեզ կտրվի մասնագիտական եզրակացություն, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Եվս մեկ հիշեցում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը եւս իրավախախտում է եւ առաջ է բերում վարչական  պատասխանատվություն»:

Մեր պատասխանը պրն Ահարոնյանին. անվերապահորեն վստահ ենք, որ Գ. Այվազյանը չի պահպանել օրենքի տառը, ինչին այդքան սիրում եք հղում անել դուք՝ ոստիկաններդ: 

«Եվ որպես ամփոփում. ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները զգոնության եւ համարժեք գործողությունների համար իրականում արժանի են խրախուսման: Ի դեպ, շնորհակալության ու խրախուսանքի են արժանի նաեւ անհայտ նկարահանողներին աչալրջորեն վերաբերված քաղաքացիները, որոնք, ի տարբերություն ոմանց, հասկանում են, թե ինչ է նշանակում սահմանամերձ տարածք, եւ ինչ վտանգներով կարող է հղի լինել անտարբերությունը կասկած հարուցող ցանկացած երեւույթի հանդեպ»,- եզրափակում է Ա. Ահարոնյանը:

Հարգելի պարոն Ահարոնյան, խրախուսանքի արժանի է միայն այն ոստիկանը, որը գործում է ԲԱՑԱՌԱՊԵՍ օրենքի տառին համապատասխան: Իսկ եթե Դուք, չլինելով տեղում, ըստ էության, անվերապահերոն հավատում եք, որ «անհայտ նկարահանողներին աչալրջորեն վերաբերված քաղաքացիներ» կան Տաշիրում (կարծում ենք՝ նման ձեւով արտահայտվելու դեպքում շատ լավ գիտեք, թե ովքեր են նրանք), որոնք ահազանգում են ոստիկանությանը, ապա մի խորհուրդ ոստիկանությանը՝ լայնածավալ բացատրական աշխատանքներ կատարեք բոլոր սահմանամերձ գոտիներում (ինչպես ասացինք, նախկինում մեզ նման «աչալուրջ քաղաքացիներ» ու ոստիկաններ չեն հանդիպել), որ ոչ միայն Տաշիրում աչալուրջ լինեն, այլեւ ամենուր, թե չէ որտեղ եղել ենք, Ձեր ասած «վտանգներով հղի անտարբերության ենք» ականատես եղել:  

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Լուսինե17:54 - 22 մայիսի, 2017
Իսկը քաղաքին հարիր փողոց է:21-րդ դարի ցեխակոլոլ Տաշիրը...
2. Lora20:41 - 22 մայիսի, 2017
Дорогая Лусине! Я смотрю у нас в столице все идеально)) стыдно дорогая писать подобного рода комментарии! Это наша родина... и это наша грязь...Вы лучше смойте ее из душ своих.Удачи Вам!
3. Գեւորգ17:08 - 23 մայիսի, 2017
Իրականում Տաշիրը մեծ գյուղ է, թեկուզ եւ քաղաք է կոչվում, ինքն էլ անձրեւոտ տեղ է՝ աստված տվել, չի խնայել: Ցեխն էլ, ուրեմն, սովորական գյուղական ցեխ է, որը շատ ու շատ տեղերում է հանդիպում - հատկապես անձրեւոտ եղանակներին: Իսկ կենտրոնական մասերում ասֆալտ ու բարեկարգ փողոցներ էլ կան: Ասել կուզի, չարժե նման հարցով փոթորիկներ սարքել, լիքը լուրջ հարցեր կան: Ս. Կարապետյանը որ ժամանակ գտնի, էդ էլ կսարքի ձեռի հետ, վստահ եղեք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ